Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը Սուրբ Աթոռին Երեւանի կենտրոնում դիվանագիտական առաքելության նստավայր կհատկացնի

Սեպտեմբեր 05,2024 09:55

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կհաստատի Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին որոշումը։

Ըստ որոշման նախագծի՝ հիմք ընդունելով 2023 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրա­պետության արտաքին գործերի նախարարության եւ Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջեւ կնքված մտադրությունների մասին հուշագիրը, կառավարությունը որոշում է ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մարշալ Բաղրամյան պողոտա 12 հասցեում գտնվող անշարժ գույքն ուղղակի ձեւով 99 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքե­լա­կան նվիրակությանը:

Վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի տարեկան վարձավճարը կազմում է 1 ամերիկյան դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Այս տարածքը տրամադրվում է Սուրբ Աթոռին՝ որպես Երեւանում դիվանագիտական առաքելության նստավայր:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Հայաստանի հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ եւ հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, ընդհանուր պատմական եւ հոգևոր ժառանգության, այլեւ արդի միջազգային հիմնախնդիրների հանդեպ ունեցած նույնական մոտեցումների վրա: Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն հիմնելու Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի որոշումը եւս փաստում է նրա կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորությունը: 2023 թվականի հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջեւ կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի եւ Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով, փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը։ Երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30