Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան. «Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին». «Փաստ»

Սեպտեմբեր 05,2024 08:45

Մենուա Սողոմոնյանը մեկն է այն դասախոսներից, ում հետ ԵՊՀ-ն նոր պայմանագիր չի կնքել: Ինչպես նշել էր պարոն Սողոմոնյանը, «միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն. իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից»:

Արդյոք նման որոշումը կանխատեսելի՞ էր Մենուա Սողոմոնյանի համար: «Ինձ համար անսպասելի չէր: Ինձ վրա քրեական գործ էր հարուցվել, անհիմն դատական գործընթացի մեջ եմ: Դա ցուցիչներից մեկն էր: Բազմաթիվ ցուցիչներով հասկանում էի, որ պետք է փորձեն ինձ հարվածի տակ դնել, ահաբեկել, որ հետ կանգնեմ իմ գործունեությունից: Բայց չեմ ցանկանա, որ միայն սրա վրա կենտրոնանանք: Այստեղ փաստը ոչ թե այն է, որ նիկոլենք ճնշումներ են գործադրում բուհերի վրա, փորձում այդպես սաստել, լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե բուհի ներսում տարբեր օղակները, տարբեր պատասխանատու ստորաբաժանումները որքանո՞վ են հլու-հպատակ կեցվածք ընդունում կամ դիմադրում, դիմակայում այսպիսի միտումներին: Սա է ամենակարևոր խնդիրը: Իմ կամ Աբրահամ Գասպարյանի հետ կապված կարող էին դիմադրել, ասել, որ որևէ հիմք չկա այս մարդկանց աշխատանքից ազատելու:

Ինձ հետ պայմանագիր չերկարացնելը բացառապես հայեցողական նկատառումներից ելնելով է արված: 16 տարի դասավանդել եմ համալսարանում ու լավ եմ դասավանդել: Իմ մասին ուսանողական հարցումների արդյունքները շատ բարձր էին, դրանց համար հավելավճարներ եմ ստացել: Համալսարանում վարչական պաշտոններ եմ զբաղեցրել՝ ներգրավված լինելով կրթության կազմակերպման գործընթացի մեջ: Բարձրագույն կրթության փորձագետ եմ հանդիսացել նախարարության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրումների շրջանակներում և այսպես շարունակ: Որևիցե հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու: Եթե անգամ ճնշումներ են եղել, պատվեր, Քաղաքագիտության ամբիոնը կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էին ուղղակի դիմադրել, թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա: Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին: Համալսարանում մնալու են մարդիկ, որոնք հանրայնորեն կարծիք չեն արտահայտում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Ակնհայտ է նաև, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որքան էլ բուհերի ղեկավարությունները հակառակն ասեն: Բայց 2018 թ.-ին իշխանության եկած մարդիկ պնդում էին՝ իրենց առաջնային անելիքներից մեկը պետք է բուհերի ապաքաղաքականացումը լինի: Ստացվում է՝ գործ ունենք հերթական չիրականացված խոստման հետ: «Այդ մարդիկ, ի հակադրություն իրենց տված խոստման, բուհերը դարձնում են գերքաղաքականացված, ավելի քան քաղաքականացված, երբ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում են սկսում, որովհետև այդ քաղաքական հայացքները մարդիկ բուհերից դուրս են հանում: Դասերի ընթացքում միայն դասերով եմ զբաղվել: Իմ բոլոր ուսանողներն ու շրջանավարտները կարող են փաստել սա: Եղել է էպիզոդիկ դեպք 16 տարվա ընթացքում:

Օրինակ՝ Արցախի հայաթափման օրը չէի կարող մտնել լսարան և չխոսել այդ մասին: Չեմ ժխտում, որ ինչ-որ տեղ ցուցադրել եմ իմ հայացքները: Քաղաքագիտության մասնագետ դարձող ուսանողների մոտ չեմ կարող չարտահայտել իմ դիրքորոշումը: Ի վերջո, նշենք, որ ցանկացած մեկը լսարանից դուրս կարող է տեղեկանալ իմ դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ: Բայց հիշեցնեմ՝ նույն այդ մարդկանց «հավին քշա ասող» չկար, որոնք բողոքում էին այն ժամանակվա վիճակներից և խոստումներ տալիս բուհերն ապաքաղաքականացնելու: Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին: Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է  զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30