Լրահոս
Օրվա լրահոսը

Չապացուցված մեղսունակությունը դիտարկվել էր որպես ապացուցված անմեղսունակություն

Սեպտեմբեր 05,2024 13:30

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նոր՝ օգոստոսի 30-ի նախադեպային դիրքորոշումը մեղսունակության կանխավարկածի եւ դրա հաղթահարման անհրաժեշտ դատավարական պահանջների վերաբերյալ, երեկվանից հասանելի է

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է. «Թեեւ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այդ օրենսգրքերի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը»։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից. «քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության»։

Գրավոր ընթացակարգով Վճռաբեկ դատարանը քննել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ Ս.Ա.-ի ներկայացուցիչ Կ. Թումանյանի վճռաբեկ բողոքը: Տեղեկացնեմ, որ գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումը Վճռաբեկ դատարանը կայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ:

Լոռու մարզի դատախազությունը 2006 թվականի ենթադրյալ հանցագործությունը կատարողի մահվան հիմքով կարճել է քրեական գործի վարույթը: Տուժողի իրավահաջորդը բողոքել է՝ բավարարված չլինելով կայացված որոշմամբ: ՀՀ գլխավոր դատախազության գրություններով հայտնվել է, որ որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան եւ այն վերացնելու հիմքեր չկան:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ. Թումանյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա վերաքննիչ դատարան, սակայն նրա բողոքը մերժվել է, անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Տուժողի իրավահաջորդը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան («Այվազյանն ընդդեմ Հայաստանի» 56717/08 գանգատ):

2017 թվականի հունիսի 1-ին ՄԻԵԴ-ը ճանաչել է Ս.Ա.- ի՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի խախտման փաստը:

Նոր երեւան եկած հանգամանքի հիմքով իրավահաջորդի ներկայացուցիչ Կ. Թումանյանի կողմից ներկայացվել է ՀՀ վճռաբեկ դատարան բողոք՝ վերանայման վարույթի շրջանակներում քննելու համար: Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ին բողոքը բավարարում է մասնակիորեն, վերանայում է Վճռաբեկ դատարանի նախորդ որոշումը, բեկանում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերաքննիչ դատարանի որոշումը, գործն ուղարկում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Նոր քննության արդյունքում, մարզի դատարանը պարտավորեցնում է նախաքննական մարմնին՝ վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ թույլ տրված անձի իրավունքների խախտումները, վերացվում է կարճման վերաբերյալ որոշումը:

Տասներկու տարի հետո վերսկսվում է քրեական գործով նախաքննությունը, քրեական գործին նոր համար է տրվում: Այս անգամ էլ քրեական հետապնդում չի իրականացվում՝ Ս.Ա.-ի ենթադրյալ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վարույթը կարճվում է նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր անցել էին այս գործով, դրանք Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի չորս աշխատակիցներն էին:

Հետեւում են նոր բողոքներ, սակայն դրանք նույնպես մերժվում են:

Ըստ բողոքաբեր կողմի, դատարանները թույլ են տվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ. «ստորադաս դատարանն առանց ապացույցի գտել է, որ կասկածներ կան Ս.Ա.-ի մեղսունակության վերաբերյալ, եւ չփարատված կասկածները հօգուտ կասկածյալների՝ մեղադրյալների մեկնաբանելով, եզրահանգել են, որ հնարավոր չէ փաստել Ս.Ա.-ի՝ իրեն վերագրվող հանցագործությունների սուբյեկտ լինելը, ուստի վերջինիս արարքում բացակայում են իրեն վերագրվող հանցագործությունների հիմքերը»:

Ըստ բողոքաբեր կողմի, անմեղսունակ կամ մեղսունակ լինելու հանգամանքը կարող է պարզվել դատահոգեբուժական փորձագիտական եզրակացությամբ:

Այնպես չէ, որ հիմք չեն գտել դատարանները:

Պարզվում է՝ այս անգամ անձի վերաբերյալ ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն կա, որի համաձայն՝ նա տառապել է իքս-հոգեկան հիվանդությամբ…

Իսկ դա ունե՞ր ապացույցի ուժ, մանավանդ, ըստ գործի նյութերի, բավարար տեղեկություններ չեն եղել նրա հոգեկան վիճակի մասին ինչպես դեպքի օրը, այնպես էլ դեպքից առաջ:

Վճռաբեկ դատարանը ուսումնասիրելով գործի նյութերը, բարձրացրել էր հետեւյալ հարցը. իրավաչա՞փ է ստորադաս դատարանների այն հետեւությունը, որ համապատասխան եզրակացության բացակայության փաստը, որպես չփարատված կասկած կարող է բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ անձը քրեական օրենքով արգելված արարք կատարելիս գտնվել է անմեղսունակության վիճակում:

Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել Ներսես Միսակյանի վերաբերյալ որոշմանը, արձանագրելով. «Անմեղսունակությունը հաստատված համարելու համար բավարար ապացույցների բացակայությունը նշանակում է, որ մեղսունակության կանխավարկածը հաղթահարված չէ: Վարույթն իրականացնող մարմինն անտեսելով, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, հաստատված է համարել ենթադրյալ արարքները կատարելու պահին Ս.Ա.-ի անմեղսունակության վիճակում գտնվելը, չունենալով անմեղսունակությունը հաստատող բավարար ապացույցներ: Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը չփարատված կասկածները հօգուտ կասկածյալի կամ մեղադրյալի մեկնաբանելու կանոնով առաջնորդվելով, չապացուցված մեղսունակությունը դիտարկել է որպես ապացուցված անմեղսունակություն»:

Նախադեպային որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ստացված ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը, փաստելով, որ դրանով չի հաստատվում անձի անմեղսունակության վիճակում լինելը, քանզի այն միայն պարունակում է նշում այն մասին, որ անձը տառապել է հոգեկան հիվանդությամբ, ինչը դատարան ներկայացրած գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում բավարար չէր ներկայացված:

Դատարանը փաստել էր, որ Ս.Ա.-ի ամբուլատոր քարտում վերջին գրառումները արվել էին 2003-2004-ին, իսկ ենթադրյալ արարքները կատարվել են 2006-ին: «Չկա անմեղսունակության իրավաբանական չափանիշի վերաբերյալ որեւէ եզրահանգում». նշված էր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ: Վճռաբեկ դատարանի (նախագահող՝ Հ. Ասատրյան) որոշման համաձայն, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30