Լրահոս
Օրվա լրահոսը

Վիվալդիի հանրահայտ ու սիրված «Տարվա եղանակները»՝ հայ DJ-ի «եղանակներով»

Սեպտեմբեր 05,2024 12:30

Առաջին անգամ հայաստանյան մշակութային կյանքում եւ ընդհանրապես աշխարհում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, սեպտեմբերի 11-ին կկայանա Vivaldi DJ խորագրով երեկոն։

Այս մասին տեղեկացանք «NEW GENETATION» նախագծի (հիմնադիր-ղեկավար՝ Շմավոն Գրիգորյան) ֆեյսբուքյան էջից։ Համերգին կմասնակցեն՝ New Generation նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Գասպարյան), DJ BeatMan-ը (Բագրատ Տերտերյան) եւ Արման Պեշտմալջյանը։

Մինչ երաժիշտների հետ զրույցը, խոսք խնդրեցինք նախագծի գլխավոր պրոդյուսեր Լուսինե Խաչատրյանից։ «Նման մտահղացումը մեր թիմի մոտ առաջացել էր դեռ նախորդ տարվանից։ Ընդհանրապես միշտ փորձում ենք կյանքի կոչել տարբերվող եւ ինքնատիպ ծրագրեր։ Իսկ այս նախագիծը իսկապես տեսակով բացառիկ է, քանի որ դեռեւս թե՛ Հայաստանում եւ թե՛ աշխարհում նման երեկո չի եղել։ Ասեմ, որ մեզ հաջողվել է համախմբել տաղանդավոր ստեղծագործողների եւ արդյունքը միանշանակ գոհացնելու է հանդիսատեսին։ Սա եւս մեկ առիթ է երիտասարդներին ավելի մոտեցնելու դասական արվեստին։ Ու նաեւ կուզենամ նշել, որ արդեն տարվում են բանակցություններ մի շարք երկրներում ներկայացնելու մեր՝ Vivaldi DJ-ը», – ասաց պրոդյուսերը։

Կոմպոզիտոր, դաշնակահար Արման Պեշտմալջյանին խնդրեցինք նախ ներկայանալ, քանի որ առաջին անգամ ենք հանդիպում, ապա, եթե կարելի է, փոքր-ինչ բացել կայանալիք համերգի փակագծերը։ «Ես գրում եւ թողարկում եմ սեփական ստեղծագործություններս, նվագում MVF եւ Goght խմբերում, ինչպես նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախմբում, որոշ տեղացի եւ միջազգային երաժիշտների հետ: Մասնակցել եմ մի շարք երաժշտական փառատոների: Եթե հարկ կա, ապա թվարկեմ մի քանի բեմելներս՝ Made in New York Jazz Competition-ում (2014), Smithsonian Folklife Festival-ում (Վաշինգտոն, 2018), Կովկասում: Մշակութային փառատոն (Սեուլ 2016), Երեւանյան ջազ փառատոն (2015-2020), MIDEM փառատոն (Կանն, 2015) ծրագրերում: Ինչ վերաբերում է կայանալիք համերգին՝ հավանաբար գիտեք, որ նման նախագիծ աշխարհում երբեւէ չի եղել։ Մենք օգտվել ենք Վիվալդիի «Տարվա եղանակների» օրիգինալ պարտիտուրից, ինչը մեծ հաշվով փոփոխության չի ենթարկվել։ Հանդիսատեսը լսելու է Վիվալդիի «Տարվա եղանակները» օրիգինալ՝ լարային կազմով, որին ուղղակի ավելացրել ենք նոր գույներ ու տվել ենք որոշ լուծումներ։ Իսկ մշակումները բոլորովին նոր են, կարճ ասած՝ արվել են 0-ից»,- հայտնեց երաժիշտը։

DJ-ական արվեստն առանձնակի ներկայացնելու հարկ չկա, քանի որ չենք կարծում, որ գտնվի մեկը, ում ծանոթ չլինի այն։ Բայց, քանի որ նախագծում՝ Վիվալդիի հանրահայտ ու սիրված ստեղծագործությունն է ըստ էության «շաղախվում» DJ-ի ներկայությամբ ու միջամտությամբ, DJ BeatMan-ին խնդրեցինք ներկայացնել կամ գուցե «արդարացնել» իր արվեստն այստեղ։ «Vivaldi DJ նախագիծը աննախադեպ է, երաժշտական աշխարհի տարբեր բեւեռների համադրություն: Մեծ պատասխանատվություն է Վիվալդիի՝ նման մեծության երաժշտությունը մշակել ժամանակակից երաժշտական տենդենցներին համապատասխան, իհարկե՝ պահպանելով մեղեդին սկզբնական տեսքով: Իմ կարծիքով՝ հաջողվել է մեր առաջեւ դրված խնդիրը կատարել պատշաճ, նաեւ դասական արվեստի տեսանկյունից ելնելով»,- նշեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը՝ եթե այս նախագիծը հաջողի, կունենա՞ շարունակություն, DJ-ով կամ «beat»-ով ներկայացնել, ասենք՝ Ավետ Տերտերյանի որեւէ գործ, ընդ որում՝ մի կոմպոզիտորի, որի մասին խոսելիս անվանի երաժիշտները նշում են, թե Տերտերյանը գրել է առաջիկա դարերի համար կամ կոմպոզիտորի յուրաքանչյուր գործ պարզապես դժվարամարս է։

«Հուսով եմ, որ այս նախագիծը կունենա շարունակություն, ինչ վերաբերում է Ավետ Տերտերյանի կամ ցանկացած անվանի ստեղծագործողների երկերին «beat»-ով գրելուն կամ ներկայացնելուն, ասեմ ամենակարեւորը. եթե ցանկացած մշակում երաժշտական կանոններով արդարացված չէ, պետք չէ այն ներկայացնել հանդիսատեսին, այլ կերպ ասած՝ աղբ տարածել», -հայտնեց DJ-ը, առանց մանրամասնելու, ընդամենը հավելելով, թե Vivaldi DJ-ը դա միայն սկիզբն է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30