Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հերթական «ընտրությունը»

Սեպտեմբեր 05,2024 12:00

Հայաստան-Ադրբեջան խնդիրներին վերաբերող ինչպես նախորդ «առիթների» ժամանակ է եղել, հիմա էլ արդեն ձեւավորվում է այն մթնոլորտը, որը պետք է ապահովի համոզմունքը, թե` «բայց չէ՞ որ Հայաստանը չի կարող անտեսել Կրեմլի շահը»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ եթե Երեւանը ցանկանում է Բաքվի հետ ուղիղ պայմանավորվել՝ ի սեր Աստծո։ «Ճիշտ նույն կերպ մենք հիմա անհանգստանում ենք, որ 2020-2022թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրեր նույնպես առկախված են։ Ահա ես հիշատակեցի տրանսպորտային կապերի վերսկսումը եւ նշեցի նաեւ եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր այդ հարցով եւ այն այժմ արդեն գրեթե չի հավաքվում։ Երեւանը համարում է, որ դա պետք է արվի ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե դա հաջողվի, ապա ի սեր Աստծո», – նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։

Լավրովը հավելել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցություն անցկացնի այդ գործընթացի մասնակիցների միջեւ, սակայն դա տեղի չի ունենում։ «Ոչ, չեն ուզում, եւ միաժամանակ ձգտում են անընդհատ Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին ներգրավել, որպեսզի նրանց հովանավորության տակ վերցվի ցանկացած գործընթաց։ Դա իրենց ընտրությունն է, բայց պայմանավորվել պետք է նախ եւ առաջ ադրբեջանցի հարեւանների հետ։ Այլ ճանապարհ չկա», – ասել է Սերգեյ Լավրովը։

Լավրովը կրկին պնդել է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում սեւով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջեւանին կապող երթուղին վերականգնի՝ ե՛ւ ավտոմոբիլային, ե՛ւ երկաթուղային, ու այդ երթուղին պետք է վերականգնվի ՌԴ սահմանապահ ուժերի անվտանգությամբ։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վտիտ ուսերին է, կարծես, դրված Ադրբեջանի «օմբուդսմենություն» անելու ծանր բեռը: Եթե ՌԴ-ն համարում է՝ Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման գործընթացում Ռուսաստանից բացի, այլ երկիր իրավունք չունի միջնորդությամբ զբաղվի, ապա ՌԴ-ն այդ դերը ստանձնել էր` «հանգամանքների» բերումով եւ կարող էին ապացուցել, որ, այսպես ասած` անաչառ միջնորդ է եւ իրավապես ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ իրապես խաղաղության հաստատմանը:

Սակայն 2020թ. 44-օրյա պատերազմի թե՛ ընթացքում, թե՛ դրանից հետո Ռուսաստանը հետեւողականորեն ապացուցեց, որ կողմնակալ է, իսկ շատ դեպքերում նաեւ` ադրբեջանական շահերի սպասարկող: Երբեմն Հայաստանին ուղղված քննադատական տեքստերի հեղինակները, եթե չնշվեին` դժվար կլիներ անգամ զանազանել` դա Ադրբեջանի՞ ԱԳՆ-ի մեղադրական հայտարարություններն են ընդդեմ Հայաստանի, թե՞ Ռուսաստանի, այնքան նույնական էին դրանց բովանդակությունները:

Հիմա ամեն գնով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակ կարեւորելն, այն դեպքում, երբ հենց Ռուսաստանը չի հարգել` որպես միջնորդ երկիր, չի ապահովել այդ հայտարարության կետերի կյանքի կոչումը, մեղմ ասած` զավեշտալի է:

Նիկոլ Փաշինյանի հրավիրած վերջին ասուլիսից ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, եւ դրան այլընտրանք չկա. «Եթե ձեզ հայտնի է այլ բան, եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որեւէ մեկը պաշտոնական բարձր մակարդակով հրաժարվել է այդ փաստաթղթից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթուղթը այլեւս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց, այս պահին նման բան չենք լսել», – ասել էր նա։

Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էր մեկնել։ Ապա, Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում ներկայացրել էր այդ այցի տպավորությունները, ըստ ամենայնի` ձեռքբերված ռուս-ադրբեջանական նոր պայմանավորվածությունները։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակցության պատրաստակամությունը։

Պարզ է, որ հիմա Պուտին-Փաշինյան օրակարգում են այս բոլոր հարցերը՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման, ապաշրջափակման վերաբերյալ։ Մոսկվան դրանք հրապարակային ներկայացնում է, իսկ Փաշինյանն էլ վերջին ասուլիսում բավական կոռեկտ խոսեց Ռուսաստանի մասին` հասկացնել տալով, որ Հայաստանը Ռուսաստանի շահերն էլ չի անտեսում` չնայած այն հանգամանքին, որ հենց իշխանական թեւից են Ռուսաստանի ուղղությամբ քննադատություններ հնչել:

Հայ-ռուսական հանդուրժողականության հերթական ցուցադրությունը` թե՛ ՌԴ-ի նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի կողմից, ոչ միայն անսպասելի ուղերձներ են, այլեւ, ըստ ամենայնի` համակարգված աշխատանք այս փուլում:

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է համապատասխանի տարածաշրջանի շահերին, սա է Մոսկվայի դիրքորոշումը, իսկ դա նշանակում է` Մոսկվայի շահերին։

Իսկ երթուղին, որը պետք է Ադրբեջանի արեւմտյան շրջանները Հայաստանի տարածքով միացնի Նախիջեւանի հետ, քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ «Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքն իրականացվում է եռակողմ համաձայնագրերի շրջանակներում (Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն)»,- ասել էր Մարիա Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի եւ Երեւանի միջեւ հաղորդակցությունն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է. «Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն եւ կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ փոխընդունելի պայմաններով, որպեսզի դա համապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաեւ նրանց հարեւանների շահերին»։

Պուտինն օգոստոսի 18-ին էր Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ հայկական կողմի՝ Պուտինը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին։ Զրուցակիցները պայմանավորվել էին առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Ռուսական կողմն, իր հերթին, նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Բաքվում Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները։ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակցության պատրաստակամությունը։

Պուտինի ակտիվությունից առաջ ռուսական կողմը լուրջ ճնշումներ գործադրեց, քննադատական հերթական արշավը կազմակերպեց Հայաստանի ուղղությամբ` ապահովելով նաեւ քարոզչություն: Այդ քննադատության գագաթնակետը` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր Բաքվից, երբ նա Հայաստանի իշխանություններին մեղադրեց Սյունիքի մարզով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունները «սաբոտաժի ենթարկելու» մեջ։

Իսկ մեկ ամիս առաջ Մոսկվան ոչ ավել, ոչ պակաս արձանագրեց, որ ակնկալում է, որ Հայաստանը գործընկերների փնտրտուքի մեջ չի գնա Կիեւի վարչակարգի ճանապարհով՝ ընտրելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բավական հստակ ձեւակերպեց ասելիքը. «Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, պարզապես չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները կատարվեին այն ռեժիմով, որը ժամանակին ընտրել էր Կիեւը, այսինքն՝ «կամ-կամ»»։

Հայաստանը դարձյալ հայտնվել է մի փուլում, երբ Փաշինյանը պետք է կատարի հերթական «ընտրությունը»: Հայաստան-Ադրբեջան խնդիրներին վերաբերող ինչպես նախորդ «առիթների» ժամանակ է եղել, հիմա էլ արդեն ձեւավորվում է այն մթնոլորտը, որը պետք է ապահովի համոզմունքը, թե` «բայց չէ՞ որ Հայաստանը չի կարող անտեսել Կրեմլի շահը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 04.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30