Խաղաղության մասին Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանում պատերազմին ընդդիմացող ակտիվիստները քրեական հետապնդումների, ծանր մեղադրանքների են բախվում։ Երիտասարդ գիտնական Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում քննադատում էր Ադրբեջանի ռազմական մեքենան, անցած ամիս նախնական չորս ամսով կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում:
Հարևան Հայաստանի դեմ պատերազմը հրապարակավ դատապարտող ևս մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ էլ վկայի կարգավիճակ ունեն, նրանց արգելվել է լքել երկիրը։ Մեկ այլ երիտասարդ գիտնական՝ ազգագրագետ Իգբալ Աբիլովը նույնպես կալանքի տակ է հայերի օգտին լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքներով։
Ադրբեջանցի վտարանդի լրագրող Արզու Գեյբուլան BBC-ի հետ զրույցում փաստում է՝ ձերբակալությունների նոր ալիքն աննախադեպ է, այս անգամ թիրախում հակապատերազմական ակտիվիստներն են, ընդ որում, նրանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում մի ժամանակաշրջանում, երբ Ալիևի կառավարությունը կլիմայի խնդիրներով ՄԱԿ-ի հեղինակավոր միջոցառումն է հյուրընկալում խաղաղության ուղերձներով, հարևան Հայաստանի հետ էլ խաղաղության շուրջ բանակցություններ վարում՝ հավաստիացնելով, թե նպատակը օր առաջ հաշտության գործարքը կնքելն է:
«Շատ մտահոգիչ է տեսնել, որ հակապատերազմական ակտիվիստների դեմ հետապնդումները թափ են առնում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են խաղաղության համաձայնագիրը այն վերջնական ստորագրելու համար», – ասում է Գեյբուլան:
Կարդացեք նաև
Բրիտանացի վերլուծաբան, հայ – ադրբեջանական հակամարտության հարցերով հայտնի փորձագետ Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ Սամադովի, պատերազմին ընդդիմացող մյուս ակտիվիստների դեմ գործողություններով Ալիևը փորձում է ասել, որ խաղաղության մասին խոսակցությունները միայն վերևից՝ պաշտոնյաների շուրթերից պետք է հնչեն, իսկ մյուս՝ չվերահսկվող ձայներն ավելորդ են:
«Արտաքին լսարանի համար ուղերձներ, որ կողմերը մոտ են խաղաղությանը քան երբևէ, մինչդեռ ներքին լսարանին բոլորովին այլ բան է մատուցվում՝ թշնամին դեռ մեր դռանն է, և հասարակությունը պետք է համախմբվի այդ հակամարտության շուրջ։ Շատ հակասական ենթատեքստ ունի այս ամենը՝ մեկ լսարանին պատմում են, որ հակամարտությունն այլևս անցյալում է, մյուսին՝ ոչ, հակամարտությունն ավարտված չէ, և մարդիկ կարող են ձերբակալվել, դատապարտվել հայերի հետ շփումների համար», – ընդգծում է Բրոերսը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: