Երեւանում մեկնարկել է «Նպատակ» միջազգային ճարտարապետական երկրորդ փառատոնը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը:
Փառատոնին դասախոսություններով և քննարկումների շարքով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող 9 ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ FALA (Պորտուգալիա), (ab)Normal (Իտալիա), WOJR (ԱՄՆ), Dinelljohansson (Շվեդիա), Bajet Giramé (Իսպանիա), Lütjens Padmanabhan (Շվեյցարիա), AMUNT (Գերմանիա), Meganom (ՌԴ) ստուդիաները և HEAD – Genève (Շվեյցարիա) համալսարանը: Միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կոմիտասի անվան կամերային տան շենքում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և Common Grounds հարթակում:
«Նպատակ» փառատոնով Հայաստան ենք բերում համաշխարհային ճարտարապետական լավագույն միտքը՝ միաժամանակ աշխարհին ցույց տալով հայ տաղանդների հարուստ ներուժը: Հավատում ենք, որ համագործակցության և բաց երկխոսության միջոցով կարող ենք ոգեշնչել ճարտարապետների նոր սերնդին և նպաստել հայկական ճարտարապետության առաջխաղացմանը միջազգային հարթակներում։ Ուրախ ենք, որ այս տարվա փառատոնին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 500 մարդ, ինչը հիանալի ցուցանիշ է »,-ասաց «Նպատակ» կրթական նախաձեռնության համահիմնադիր Հայկ Շահինյանը։
Lütjens Padmanabhan (Շվեյցարիա) ստուդիայից ճարտարապետ Օլիվեր Լյութիենսը նշեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում։ Հավելեց, որ արդեն հասցրել է քայլել քաղաքով, տեսնել մեր երկրի ճարտարապետությունը. «Մեզ համար նման փառատոնները հնարավորություն են՝ տեսնելու, թե ինչպես է ճարտարապետությունը զարգանում տարբեր երկրներում։ Ճարտարապետությունն ընդգրկում է ամենատարբեր ոլորտները։ Այն յուրատեսակ լեզու է, և մենք ուրախ ենք խոսելու հենց այս լեզվով։ Յուրաքանչյուր երկրում գտնվելուց մենք գիտելիքներ ենք քաղում, որոնք հետագայում օգտագործում ենք մեր գործունեության մեջ։ Հայաստանի պարագայում էլ, վստահ եմ, այդպես կլինի»:
Հավելենք, որ «Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից, հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։
Ռուզաննա ԳԵՎՈՐԳՅԱՆ