Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ջրափի գյուղի դպրոցի առաջին դասարանցիները, որոնք սոցցանցերում ֆլեշմոբ էին անցկացնում՝ նկարահանվելով տեսահոլովակում ու դասվար փնտրելով, արդեն ունեն ուսուցչուհի։
Մինչ դասվարի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի կայանալը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն է օգնել համապատասխան կադր գտնել առաջին դասարանցիների համար։ Նա Գյումրիից է, նորավարտ կադր է, կրթություն է ստացել Շիրակի պետական համալսարանում։ Դասվարը Ջրափի կհասնի առավոտ շուտ՝ գնացքով, կվերադառնա մեքենայով, պետությունը, ինչպես բոլոր երթևեկող ուսուցիչների դեպքում, կհատուցի նրա ծախսերը։
Դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրված են լուսանկարներ ու տեսանյութ՝ առաջին դասարանցիների դասապրոցեսից ու գրված է ․ «Ինչպես որ երեկ,այնպես էլ այսօր, առաջին դասարանցիների դասերը ընթանում են բնականոն հունով»։
Դասվարի թափուր հաստիքի համար հայտարարվել էր մրցույթ դեռ օգոստոսի 20-ից։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը, մրցույթը կկայանա սեպտեմբերի 18-ին։
Մարիամ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսահոլովակ նկարահանելիս՝ երբևէ չէին մտածել, որ այդքան մեծ արձագանք կունենա։
Ջրափիի դպրոցն այս տարի ունի 5 առաջին դասարանցիներ, բոլորը տղաներ են։ Դպրոցի աշակերտների թիվը 77 է։
Նշենք, որ Ջրափին Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի ծննդավայրն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ