Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեֆան Բերժերոն. Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունը անջնջելի բիծ է միջազգային հանրության խղճի վրա, որը դիտել է ամեն ինչ առանց արձագանքելու

Սեպտեմբեր 04,2024 17:58

Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է ուղերձները Կանադայից.

Ալեքսանդր Բուլերիս,

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր դեմոկրատական կուսակցութեան» փոխնախագահ

Շուտով հասնում ենք Արցախի Հանրապետության անկախության տարեդարձին, և ակնհայտորեն, հետևելով անցյալ տարի տեղի ունեցած էթնիկ զտումներին, դա շատ տխուր իրադարձություն էր, որը մեր բոլորին մեծ ցավ է պատճառում, բայց դա նաև առիթ է կրկնելու և ևս մեկ անգամ ասելու, թե որքանով կարեւոր է, որ մենք պաշտպանենք մարդկային համընդհանուր արժեքները, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մի բան, որ վտանգված է Արցախի ժողովրդի համար: Եվ նաև որքան ավելին պետք է անի դաշնային կառավարությունը հայ համայնքի շահերը պաշտպանելու համար:

Թեպետ և շատ ողջունելի է Երևանում ունենալ կանադական դեսպանատուն, սակայն հիմա մենք պետք է օգտագործենք այն, որպեսզի կարողանանք ավելի ամուր կապեր հաստատել Հայաստանի հետ, առևտրային, տնտեսական, դիվանագիտական, քաղաքական կապեր նույնպես, և ապահովել, որ միջազգային հանրության հետ շարունակենք վերահսկել Ադրբեջանի բռնապետին, որը շարունակում է կիրառել դաժան քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք պետք է շարունակենք աշխատել, որ Կանադան Ադրբեջանին զենք կամ տեխնոլոգիա չվաճառի, որը կարող է օգտագործվել հայ ժողովրդի դեմ, հայ համայնքի շահերի դեմ։

Այսպիսով, դուք կարող եք հույս դնել իմ վրա, Ջագմիթ Սինգհի (ՆԴԿ Ղեկավար), մեր արտաքին հարաբերություների խոսնակ Հէտըր Մաքֆերսոնի վրա նույնպես, որ ձեր կողքին կլինենք, կշարունակենք միասին աշխատել, պաշտպանելու հայ համայնքի շահերը, այստեղ՝ Քվեբեկում և Կանադայում, բայց նաև ամբողջ աշխարհում։

Ստեֆան Բերժերոն,

Կանադայի խորհրդարանի անդամ, Քվեբեկի բլոկի արտաքին գործերի և միջազգային զարգացման խոսնակ

Ողջույն, ես Ստեֆան Բերժերոնն եմ՝ Մոնտարվիլի պատգամավոր և բլոկ Քվեբեկուա կուսակցության արտաքին գործերի և միջազգային զարգացման խոսնակ: Այսօր մենք նշում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 33-րդ տարեդարձը։

Հիշատակի այս օրը մենք հարգում ենք ոչ միայն պատմությունը, այլև խաղաղությանը, ազատությանը, ինքնորոշման իրավունքին և անվտանգությանը մեր հավատարմությունը: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները դաժանորեն ցույց տվեցին, որ այդ արժեքները շարունակում են մնալ չափազանց փխրուն։

Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների գործողությունը և մոտ 120,000 մարդու տեղահանումը հիմնականում դեպի Հայաստան՝ անջնջելի բիծ է միջազգային հանրության խղճի վրա, որը դիտել է ամեն ինչ առանց արձագանքելու, ապացույց, որ ագրեսիան և ճնշումը սահմաններ չունեն, երբ դրանք զսպված չեն։

Բլոկ Քվեբեկուան խստորեն դատապարտեց այս էթնիկ զտումները Լաչինի միջանցքի շրջափակման սկզբից, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը, որը Բաքուն շարունակում է պահպանել: Պարզապես անհանդուրժելի է, որ 21-րդ դարում ժողովուրդը կարող է հալածվել, սովի մատնվել միջազգային հանրության գրեթե ընդհանրացված անտարբերության ֆոնին և պարզապես այն բանի համար, որ ընտրել է ապրել այդ հողերում, պահպանել իր մշակույթը, ժառանգությունը և ինքնորոշման իրավունքը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ վերջապես խախտել լռությունը, քանի որ այն անարդարության պայմաններում ակնհայտորեն նման է մեղսակցության:

Այս առումով ես հիշեցնում եմ Կանադայի նախկին վարչապետ Փոլ Մարտինի կողմից ճանաչված պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգը, որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և որը կոչ է անում վերջինիս միջամտել, երբ բնակչությունը ենթարկվում է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների վտանգի կամ մարդկության դեմ հանցագործությունների:

Ուստի պարզ է, որ միջազգային հանրությունը, ներառյալ Կանադան, մեծ մասամբ ձախողել է իր պարտավորությունները: Մենք վերջապես կրկնում ենք մեր կոչը բոլոր շահագրգիռ կողմերին՝ բարեխղճորեն ներգրավվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, որը երաշխավորում է խաղաղ և անվտանգ վերադարձի իրավունքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հայկական մշակութային և կրոնական արժեքների պաշտպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30