Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է ուղերձները.
Անդրե դը Բյուս,
Կարդացեք նաև
Արցախի հետ Բելգիայի ֆրանսիախոս բարեկամական խմբի նախագահ
Հարգելի ընկերներ, ես Անդրե դյու Բուսն եմ և այս հիշատակի օրը խոսում եմ ձեզ հետ՝ որպես Հայաստանի և հատկապես Արցախի բարեկամ։
Ես բախտ ունեցա բացահայտելու Արցախն ու նրա գեղեցկությունը և մի քանի տարի առաջ նրա բնակիչների կողմից մատուցված ընդունելության ջերմությունը, և կարող եմ ասել, որ ներկա իրավիճակը խորապես ցնցում է ինձ։
Ես միանում եմ Գասպար Կարապետյանին և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի թիմին հետևյալ խնդիրների համար արագ լուծումներ գտնելու նրանց ջանքերում:
Նախ՝ տեղահանված բնակչության հավաքական վերադարձի իրավունքը, և որ այդ վերադարձը տեղի ունենա միջազգային պաշտպանության և հովանու ներքո։
Երկրորդ՝ Բաքվում պատանդ պահվող 15 ռազմագերիների և 8 բարձրաստիճան պաշտոնյաների ազատ արձակումը։
Վերջապես դադարեցրեք մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը պատմական վերանայման նպատակով՝ ի շահ ադրբեջանական ազգայնական շահերի։
Մենք նաև տեղյակ ենք, որ Եվրամիությունը, ի թիվս այլնի, պետք է իր մասով երաշխավորի տեղահանված բնակչության համար պատշաճ և արժանապատիվ կացություն և ապահովի, որ նրանք նույնպես վայելեն արժանապատիվ կենսապայմաններ:
Մենք տեղյակ ենք և աջակցում ենք Հայ դատի հանձնախմբերի և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կարևոր աշխատանքին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի իրենց հայրենակիցներին, ինչպես նաև նրանց պայքարին՝ երաշխավորելու հայ ժողովրդի իրավունքները Հայաստանում և սփյուռքում:
Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժի կիրառմամբ և էթնիկ զտումներով չի լուծվի, և մենք դա գիտենք։ Բայց այսօր հրատապ է դարձել լուծում գտնելը։
Ես մնում եմ ներկա, մնում եմ ձեր կողքին, մնում եմ հասանելի։
Յորղոս Քութելաքիս,
Հունաստանի Նոր Զմյուռնիայի քաղաքապետ
Որպես Հունաստանի Նոր Զմյուռնիայի քաղաքապետ, քաղաք, որ եղբայրական կապեր ունի հայության հետ, քաղաք, որ նույնպես զոհ է դարձել հայության ջարդարար Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության, Նոր Զմյուռնիայի «հուշերի պուրակից» ջերմ ողջույններ եմ ուղարկում հավաքի բոլոր մասնակիցներին։ Այստեղ զետեղված է 1915 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձանը, ուր ամեն տարի ապրիլի 24-ին համախմբվում ենք բոլորս։
Նոր Զմյուռնիան քաղաք է, որը շարունակական կապեր է պահում հայության հետ, եղբայրացած լինելով հայրենի Սիսիան քաղաքի հետ, Սյունիքի մարզում։ Անցյալում բազմիցս այցելել ենք բարեկամ երկիր Հայաստան, ինչպես նաև Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ՝ 2001 թ., որտեղ զրուցեցինք երկրի քաղաքական ղեկավարության հետ, Արցախի Հանրապետության նախագահի հետ, այցելեցինք «Տատիկ-պապիկի» հուշարձան, Շուշի և այլ քաղաքներ։ Ընդարձակ այդ տարածքը պատմական ու մշակութային խոր նշանակություն ունի հայ ազգի պատմության համար։
Արցախի Հանրապետությունն այսօր հարձակման է ենթարկված Ադրբեջանի կողմից, իր բնակչությունը ենթարկված է էթնիկ զտման, հեռու է իր բնակավայրերից, միաժամանակ, քաղաքական ղեկավարությունը մնում է բանտարկված։ Մենք այստեղ ենք մեր ձայնը միացնելու և պաշտպանելու հայության վերադարձի իրավունքը, որ ապահով և երաշխավորված պայմաններով պետք է կատարվի։ Մեր ձայնն ենք միացնում՝ պահանջելով գերիների ազատ արձակումը, վստահեցնելով, որ հաստատ ու միշտ կմնանք հայության աջակից, մնալով նրա կողքին պատմության ճակատագրական բոլոր պահերի ընթացքում։
Պրոֆեսոր Էլենի Թեոխարուս,
Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին նախագահ Կիպրոս-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ
Սա Արցախի Հանրապետության քաղաքացիների անսահման բարոյականության ու հերոսության առջև ծնկի եկած մարդկանց խոնարհ ուղերձ է։
Սա իմ հավերժական սիրո, հարգանքի, կարեկցանքի և լիակատար քաղաքական ու մարդասիրական աջակցության արտահայտությունն է բոլոր նրանց, ովքեր պայքարել են խորհրդային ավտորիտար ռեժիմի դեմ, որն ապօրինաբար և առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը՝ որոշել է նրանց ստրկության տանել։
Բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում են, բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն ազատության և անկախության՝ կառուցելու ծաղկուն պետություն՝ Արցախի Հանրապետությունը։
Այս պետությունը կառուցվել է հազարավոր քաջերի արյունով և կյանքով: Այս պետությունը ժամանակակից պատմվածքներում հերոսության էպոս է։ Այս պետությունը մեր հպարտ ոգեշնչման աղբյուրն է:
Այսօր մենք նշում ենք Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձը։ Արցախի՝ մեր պետության գոյությունն ակնհայտ է լեռներում, եկեղեցիներում, քաղաքներում ու գյուղերում, համալսարաններում ու դպրոցներում, մեր հերոսների շիրիմներում։ Արցախը կա մեր ոգով և մեր հոգիներում։ Այն կենդանի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ Լեռնային Ղարաբաղը չի ազատագրվել Ալիևի բռնապետական, հանցավոր և ֆաշիստական ռեժիմից և ՄԱԿ-ի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության և ընդհանուր առմամբ միջազգային հանրության կեղծավորությունից։
Սիրելի՛ Արցախցի. մենք՝ Կիպրոսի հույներս, ովքեր կրել են նմանատիպ ցեղասպանություններ և էթնիկ զտումներ՝ պարտադրված նույն թշնամիների՝ բարբարոս թուրքերի կողմից, ամեն կերպ ձեր կողքին ենք։
Մենք ձգտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետի։
Մենք աշխատում ենք ձեր ազատության համար, Լեռնային Ղարաբաղ վերադառնալու, այնտեղ խաղաղության մեջ ապրելու և բարգավաճելու ձեր իրավունքի համար: Մենք պայքարում ենք Արցախի հայության կրոնական, լեզվական, մշակութային ժառանգությունը պահպանելու համար։
Մենք պայքարում ենք մեր քաղաքակրթության հուշարձանների պաշտպանության և նոր հանցագործություն կատարած վանդալներին պատժելու համար, ովքեր ոչնչացնում են եկեղեցիները, խաչքարները, Սուրբ Ավետարաններն ու Արցախի գանձերը։
Արցախցի՛, ամու՛ր մնա. մենք ձեզ հետ տառապում ենք՝ իմանալով, որ դուք փախստական եք ձեր իսկ երկրում։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատագրել բոլոր պատանդներին և մեր բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր խոշտանգումների են ենթարկվում Բաքվում։
Մենք ԵՄ-ից պահանջում ենք պատժամիջոցներ սահմանել մարդկության դեմ հանցագործությունների, ադրբեջանցիների, թուրքական և իսրայելական վարչակարգերի դեմ, ովքեր ցեղասպանություն են իրականացրել։
Մենք ԵՄ-ին և ՄԱԿ-ին խնդրում ենք դադարեցնել, աչք փակել Ալիևի սարսափելի հանցագործությունների վրա:
Համարձա՛կ եղեք։ Եղե՛ք համբերատար։ Երբեք մի՛ մոռացեք մեր սարերը:
Շուտով կգա մեր հող վերադարձի օրհնյալ օրը։
Մենք նաև աղոթում ենք մեր Հայրենիքի ավելի լավ ժողովրդավարության, կայունության, տարածքային ամբողջականության և բարգավաճման համար:
Եորղոս Պերտիկիս,
Կիպրոսի բնապահպանների կուսակցության նախագահ, Կիպրոսի խորհրդարանի նախագահ
Կիպրոսի կանաչների կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում մարտնչող հայ ժողովրդին, մենք հայ ժողովրդի կողքին ենք՝ իր անկախության պայքարի ապահովման գործում։ Հավատում ենք, որ Ադրբեջանի ներխուժմամբ Արցախի հարցը լուծված չէ, և անսակարկելի է Արցախի փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր, իրենց քաղաքներ ու գյուղեր՝ արդարության և անվտանգության պայմանների ներքո։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տարածքը, անկախությունը, դրան զուգահեռ, պետք է ապահովվի Արցախի փախստականների սոցիալ-տնտեսական բարօրությունը, իսկ միջազգային հանրությունը պետք է օժանդակի Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա երաշխավորել սոցիալական ենթակայություն, սատար կանգնելով Արցախի փախստականների բարօրությանը։
Մենք՝ Կիպրոսի բնապահպաններս, հայերին ընդունում ենք որպես մեր եղբայրներ և ճիշտ այդ պատճառով չպետք է հանդարտվենք, մինչև Արցախի փախստականները կարողանան վերադառնալ իրենց հայրենիքը, որտեղ խաղաղությունը որպես հիմք ունենա արդարությունը, և Արցախի ժողովրդի համար ազատությունը երաշխավորվի իր հայրենիքում։
Ջուադ Ալ-Բեյդան,
Իրաքի պատմաբանների հանձնաժողովի ատենապետ
Այսoր պետք է անդրադառնամ շատ կարևոր մի հարցի, որը հասարակական կարծիքի ուշադրության ներքո է: Պետք է խոսեմ միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես որ հայերն են կոչում՝ Արցախի մասին։ Այս տարածաշրջանը վտանգավոր վայրերից է, և դժբախտաբար լրատվականները խուսափում են դրան անդրադառնալ։ Այս տարածքը կարևոր դիրք է հանդիսանում Ռուսաստանի, Իրանի, Արաբական աշխարհի և մինչև անգամ Իրաքի ազգային անվտանգության համար։ Այս տարածաշրջանը ենթարկվում է արևմտյան ուժերի, արևելյան ճամբարի և հակառակորդ ուժերի գաղտնի հակամարտության, սակայն թերթերն ու սոցիալական լրատվամիջոցները հազվադեպ են լուսաբանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները։ Այս տարածաշրջանի մեջ ապրող բնիկ քաղաքացիները սպանվեցին և տեղահանվեցին, ավելի քան 120,000 հայեր ստիպված գաղթեցին դեպի Հայաստան, մասամբ դեպի Ռուսաստան և մասամբ հաստատվեցին սփյուռքի տարբեր գաղթօջախներում, այլ խոսքով՝ կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ 1915-ին, անգամ ևս կրկնվեց, և այս ամբողջ անմարդկային ողբերգության հանդեպ աշխարհը լուռ գտնվեց, ինչպես լուռ է Պաղեստին-Գազայի կամ Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մեջ տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ։
Միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից պաշտպանված մարդու իրավունքների օրենքն օգտագործվում է հզոր պետությունների կողմից՝ որոշակի խնդիրներ խարխլելու կամ որոշակի քաղաքական շահեր ստանալու համար։
Այս հարցը պետք է լուծվի։ Ադրբեջանցիները պետք է իմանան իրենց սահմանները, իսկ արցախցիները պետք է վերադառնան իրենց շրջանները և տները, Ադրբեջանն ու միջազգային հանրությունը պետք է ընդունեն, որ այդ բնակիչներն ունեն իրավունքներ, և պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ։
Քրիս Լո,
ՄԹ խորհրդարանի անդամ, Շոտլանդիայի ազգային կուսակցություն
Արդեն մեկ տարի է, ինչ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախը ենթարկվեց էթնիկ զտման։
Ավելի քան 100,000 բնիկ արցախցիներ ստիպված եղան լքել պատմական հայրենիքը՝ հալածված լինելու վախի պատճառով։ Այս մարդիկ արդեն իսկ տևական շրջափակման մեջ էին, երբ Լաչինի միջանցքը փակ էր, և արցախցիները զրկված էին սննդից, դեղորայքից, վառելիքից և այլ հիմնական պաշարներից։
Այսօր Հայաստանում ամեն երեսուն մարդուց մեկը փախստական է։ Միջազգային հանրության կողմից դատապարտման, պատժամիջոցների և խաղաղության բանակցությունների սակավությունը կընդունվի որպես կանաչ լույս հետագա ագրեսիվ գործողությունների համար։ Մտավախություն կա, որ Ադրբեջանը սկսել է ջնջել Արցախի բնիկ հայերի ներկայության հետքերը կրոնական ու մշակութային հուշարձանների ոչնչացման միջոցով։ Այս ընթացքը պետք է կանխել։
Միջազգային հանրությունը պետք է արդարություն որոնի հայ ժողովրդի համար, որոնք էթնիկ զտման զոհ են դարձել։ Արցախի հայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալու իր պատմական հայրենիքը։ Վերջապես, միջազգային իրավունքի խախտումները պետք է հետաքննվեն և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Աշխարհը չի կարող անտեսել հայերի տառապանքը։
Էհսան Մովահեդյան,
Կովկասագետ, վերլուծաբան
Հանուն բարեգութ Աստծու, ողջունում եմ ձեզ,
Ուրախ եմ, որ կրկին առիթ ընձեռնվեց ուղղակի կապ հաստատել Ձեր սիրելիների հետ, խոսել բարեկամ և եղբայրական երկիր Հայաստանի ժողովրդի հետ
2020 թ. Արցախյան պատերազմից և Բաքվի կողմից հայաբնակ այս տարածքի մի մասի օկուպացիայից հետո, և, ի վերջո, Ալիևի կառավարության կողմից այս տարածքի կատարելապես օկուպացիայով մենք երկու բարեկամ երկրների՝ Իրանի ու Հայաստանի շահերի վտանգման ականատեսը դարձանք:
Մի կողմից 2023 թ. մեկօրյա պատերազմից հետո, որի հետևանքով մոտավորապես 120 հազար հայեր որոնք դարեր շարունակ բնակվել էին Արցախում, Ալիևի վարչակարգի գազանաբարո սպանության, վայրագության և զանգվածային կոտորածի սարսափից տարագրվեցին իրենց բնակության վայրից, և, մյուս կողմից, Բաքվի ռեժիմն այս տարածքը բռնագրավելուց հետո սկսեց ոչնչացնել քրիստոնյաների ու մուսուլմանների պատմական հարուստ մշակութային կոթողները: Եվ ոչ միայն ձեռնամուխ եղավ ավերելու եկեղեցիները և վերացնել հայերի քաղաքակրթական հետքերը, այլ նաև չխնայեց Արցախում առկա մզկիթները և ավերեց նրանցից որոշները: Դա ապացուցում է, որ Բաքվի կառավարությունը նույնիսկ կառչած չէ Իսլամին, որի մասին հավակնում է: Բաքվի կառավարության միջոցով նաև ավերվել են Արցախի որոշ գյուղեր, որպեսզի դրանց փոխարեն կառուցվեն ռազմաբազաներ:
Բաքվի վարչակազմը նաև Արցախում մեծ թվով ռազմական օդանավակայաններ է կառուցել, և այս բոլոր ռազմաբազաները վերածվում են Իրանի ու Հայաստանի համատեղ թշնամիներ՝ Իսրայելի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներթափանցման կենտրոնի:
Արցախի հարցի մասին Իրանի դիրքորոշումը կատարելապես հստակ, տրամաբանական ու արդարացի է:
Իրանը համոզված է, որ Արցախահայերը իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական երկիրը և խաղաղ գոյակցությամբ բնակվեն այս տարածքում, և այս իրավունքը չպետք է վերանա ու խափանվի: Մյուս կողմից Իրանը դեմ է օտար և արտատարածաշրջանային ուժերի ներկայությանն ու միջամտությանը այս տարածքում և, ընդհանրապես, հարավային Կովկասում, և նման ուժերի առկայությունն այս տարածքում և Արցախում համարում է ժողովրդի և տարածաշրջանի բոլոր կառավարությունների շահերին հակասող:
Իրանը նաև դեմ է բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է խզել Իրանի ու Հայաստանի սահմանը և փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը:
Բաքվի կառավարությունը Արցախի վրա իր հարձակումներում վերջին երեք տարիներին, այսինքն 2020 թվականից մինչև 2023 թվականը, պատերազմական բազմաթիվ ոճրագործություններ է իրականացրել և Հայաստանի կառավարությունը պետք է միջազգային շրջանակներում բողոքի հայց ներկայացնելով Բաքվի վարչակազմի դեմ՝ պաշտպանի Արցախի հայ բնակիչների իրավունքները: Ալիևի կառավարությունը թող իմանա, որ ուժի կիրառմամբ, էթնիկ զտմամբ ու ցեղասպանությամբ ի զորու չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել, և նրանք, որոնց նկատմամբ բռնություն է իրականացվել, անպայման հակազդելու են և անձնատուր չեն լինելու բռնության դիմաց:
Հուսանք, որ Հայաստանի ժողովրդի, կառավարության ու քաղաքական կուսակցությունների առավել միասնականությամբ այս հարցը կհետապնդվի իրավական ու դատական ոլորտում և, ընդհանրական միջազգային իրավունքի կարողականությունները օգտագործելով, ենթահող ստեղծվի հայության՝ իր բնօրրան վերադառնալու համար, և այս տարածքում վերջ գտնի էթնիկ զտումը:
Տերն ընդ Ձեզ:
Լուկաս Ֆուրլաս,
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար
Շնորհակալ եմ հնարավորության համար, որ որոշ մտքեր կիսեմ ձեզ հետ հայ ժողովրդի համար այս կարևոր օրը։
Իրավիճակն Արցախում կրիտիկական է և պահանջում է միջազգային անհապաղ ուշադրություն։ Մենք աջակցում ենք տեղահանված հայության անվտանգ վերադարձին միջազգային անհրաժեշտ պաշտպանությամբ։ Բռնությունը չի կարող լուծել այս հարցը, խաղաղ լուծումը կարևոր է։ Որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ՝ ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Բրյուսելում ունեք ուժեղ դաշնակիցներ, ովքեր հանձնառու են բարձրացնելու ձեր ձայնը։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ուժե՛ղ մնացեք։ Մենք շարունակելու ենք լինել ձեր ձայնը: