Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի անջատումների մոտ 34 տոկոսը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մեր մալուխները վնասելու պատճառով». Կարեն Դարբինյան

Սեպտեմբեր 04,2024 15:10

«Հուլիսի 6-ին Երեւանի ՀԷԿ 1-ում, որը պատկանում է միջազգային էներգետիկ կորպորացիային, խոշոր հրդեհ տեղի ունեցավ: ԵրՀԷԿ-ից սնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ մոտ 30 եւ Արաբկիր վարչական շրջանի՝ մոտ 20 տոկոսը: ԵրՀԷԿ-ից սնվող բաշխիչ կետերը, որոնք էլեկտրաէներգիա մատակարարում են բնակիչներին, հրդեհի պատճառով հոսանքազրկվեցին»,-այսօր հանրապետությունում հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀԵՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

«Մենք ստիպված այդ բոլոր ուղղությունները սնել ենք «Ծիծեռնակաբերդ», «Պուրակ», «Մյասնիկյան», «Մերգելյան», «Չարենց» ենթակայաններից: Այսինքն, մինչեւ վթարը այս բոլոր ենթակայաններն ունեին երկու սնուցում՝ ԵրՀԷԿ-ից եւ «Ծիծեռնակաբերդից»:

Վթարից հետո, դա հուլիս ամիսն էր, իսկ հուլիս-օգոստոսին էլեկտրաէներգիայի ամենաբարձր ծախսն է գրանցվում, 32 հազար 922 բաժանորդներ մնացին մեկ սնուցման վրա եւ բարձր բեռով: Եվ այս պատճառով ամեն վթարի դեպքում մենք ստիպված էինք տվյալ մալուխը անջատել, մինչեւ վթարը վերացնեինք»,-ասաց պարոն Դարբինյանը՝ նշելով, որ նման իրավիճակում տեխնիկական օբյեկտիվ խնդիրների առկայության պայմաններում ՀԷՑ-ի բաժանորդներին թեկուզ ընդհատումներով էլեկտրամատակարարումն ապահովելը հնարավոր է դարձել միայն ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ: «Մասնավորապես, 2016-2020 թթ. «Ծիծեռնակաբերդ» ենթակայանից 17 ուղղություններով մալուխները հասցրել էինք Կենտրոն վարչական շրջան: Այսինքն, եթե մենք այդ ժամանակաընթացքում այդ 17 մալուխաուղեգծերը փռած չլինեինք, ԵրՀԷԿ-ից սնվող բաժանորդները մնալու էին հոսանքազուրկ մինչեւ վթարի վերացում՝ օգոստոսի 26-ը: Ըստ նախնական կանխատեսման, վթարի վերացման աշխատանքները պետք է ավարտված լինեին մինչեւ օգոստոսի 10-ը, ինչի մասին մենք հայտարարել էինք, սակայն մալուխների ներկրման հետ կապված խնդիրներ առաջացան Լարսում եւ ժամկետը երկարաձգվեց մինչեի օգոստոսի 26-ը»,-ասաց պարոն Դարբինյանը:

Եվ որպեսզի էլեկտրամատակարարման օր-օրի ավելացող խնդիրները ավելի պարզ լինեն, ասաց. «Որպեսզի պատկերացնեք Կենտրոն համայնքը, այդ վարչական շրջանի էլեկտրաէներգիայի ծախսը, 2000 թվականի համեմատ աճել է 8-ից 10 անգամ, 2016 թվականին բեռը եղել է 60 մգվ, հիմա 120 մգվ. է:

Երեւանում այսօրվա դրությամբ 68 հազար բաժանորդից նոր միացման հայտ ունենք, որից 40 հազարն արդեն միացված է ցանցին: Եվ որպեսզի պատկերացնեք, թե ինչ մասին է խոսքը, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների բաժանորդների քանակը 82 հազար է: Այսինքն, վերջին երեք տարում մենք մոտավորապես Գյումրի եւ Վանաձոր քաղաք միացրել ենք Երեւանի մատակարարմանը»,-ասաց Կարեն Դարբինյանը:

Նա հնչեցրեց մի քանի այլ օրախնդիր հարցեր, որոնց պատճառով վթարները հաճախակի են դառնում: «Այսօր վթարների մոտ 34 տոկոսը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մեր մալուխները վնասելու պատճառով: Շինարարական նման մասշտաբների պայմաններում՝ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, ինչի հետեւանքով նոր հոսանքազրկումներ են տեղի ունենում: Մենք տարվա սկզբին ունեցել ենք 1456 վնասված մալուխ, որից 492-ը վնասել են այլ կազմակերպությունները այլ աշխատանքներ կատարելու ժամանակ: Մենք դրանից հետո վերականգնել ենք այդ մալուխները, որպեսզի բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարենք:

Ամփոփելով, ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ ՀԷՑ-ը էներգետիկ համակարգում կարեւոր, բայց միակ օղակը չէ, որին վերաբերում են էլեկտրաէներգիայի անջատումները: Էլեկտրաէներգիայի անջատման պատճառ կարող են հանդիսանալ արտադրող կայանները, բարձրավոլտ ցանցերը, տարբեր կառույցների սեփական տնտեսությունները եւ այլ կազմակերպությունների կողմից մեր մալուխները վնասելը»,-ասաց Կարեն Դարբինյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք բաշխիչ ցանցն ընդունել են 80 տոկոս մաշված վիճակում, որ 90-ականներից մինչեւ 2015 թվականը ոլորտում ներդրումները կազմել են $ 200 մլն., իսկ ՀԵՑ-ի ներդրումները 2016-ից մինչեւ 2024 թվականի ավարտը կկազմի ավելի քան $ 680 միլիոն, որ իրենք նվազեցրել են էլեկտրաէներգիայի կորստի տոկոսները՝ այն հասցնելով 6,4 տոկոսի, ինչը գումարային արտահայտությամբ ընդհանուր էներգետիկ համակարգում տարեկան ապահովում է $ 30 մլն. եկամուտ, ինչը մեծ ազդեցություն ունի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու վրա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30