«Ես ինքս էլ կարծում եմ, որ այս պայմաններում վերադարձն իրատեսական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով արցախցիների վերադարձի հարցին։
Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն ընկալումներով, ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք պաշտոնյաններ խոսում էն ԼՂ բնակչության վերադարձի մասին, իրատեսական չէ։
Հարցին, թե այդ դեպքում Ալիեւի առաջարկած տարբերա՞կն է ՔՊ-ի համար իրատեսական, Խանդանյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ մենք հիմա կարող ենք քննարկել այդ հարցը հրապարակային՝ հաշվի առնելով մի շարք գործընթացներ։ Բայց նաեւ անվտանգության հարցն է ամենակարեւորը, որը դեռ լուծում չունի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է դեռ շատ վտանգված, եւ այս պայմաններում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է»։
Հարցին, թե Բաքվի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ Հայաստանի իշխանությունները փակո՞ւմ են Արցախի հարցը, Խանդանյանը պատասխանեց․ «Խաղաղության պայմանագրի ստորագրումը հակամարտությունը կարգավորելու համար գործողություն է։ Եվ խաղաղության պայմանագրի նպատակն է տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը, հետագայում նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հարեւանությունը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Եվ խաղաղության պայմանագրում դա եւս ամրագրվում է, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին սկզբունքը»։
Կարդացեք նաև
Հարցին, թե արցախցիների վերադարձի իրավունքի հարցը չեն բարձրաձայնելո՞ւ, Խանդանյանը պատասխանեց․ «Նորից եմ կրկնում՝ Հայաստանը որեւէ տարածքային պահանջ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ չունի։ Ի՞նչ վերաբերում է հումանիտար հարցերին, հումանիտար հարցերը միշտ քննարկման ենթակա են։ Երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին, դուք տեսնում եք, թե ինչ գործողություններ են իրականացվում»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Արցախի անկախության օրը ՔՊ-ն ինչո՞ւ որեւէ ուղերձ չհղեց։ «Եթե ասելիք լիներ, կասվեր»,- արձագանքեց Խանդանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ