Պայքարը Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի համար դեռևս շարունակվում է: Այդ կապակցությամբ 2018թվ. հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում տուժող կողմը հիմնավորել է այն հանգամանքը, որ հուշարձան շենքը քանդվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորության հետևանքով: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել մի շարք անձանց, այդ թվում «Օլդ սիթի» ՓԲԸ-ի արդեն նախկին տնօրեն, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի տնօրեն, շվեյցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշի մտերիմ Գևորգ Մաչանյանին:
Սկսած 2022 թվականից «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որոնք սակայն քննչական մարմինը մերժել է անհիմն կերպով, իսկ դատախազության կողմից համարժեք և իրավաչափ պատասխան այդպես էլ չի եղել:
Արդյունքում, 2023 թվականի ապրիլի 11-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրյալ, «Օլդ սիթի» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:
Կարդացեք նաև
Քրեական վարույթը կարճելու և Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները բողոքարկվել են: Իրավասու դատարանների 5 տարբեր դատավորներ, 5 տարբեր իրավական ակտերով արձանագրել են քննչական մարմինների ոչ իրավաչափ գործողությունները:
Սակայն դատախազությունն ու Գ. Մաչանյանի պաշտպանները կրկին բողոքներ են ներկայացրել, և գործը տեղափոխվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
2024թվ. հուլիսի 15-ին հակակոռուպցիոն դատարանը կրկին բավարարեց «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի բողոքը, ինչի դեմ կրկին բողոքներ ներկայացվեցին հսկող դատախազի և Գ. Մաչանյանի պաշտպանի կողմից:
Այս անգամ գործը մակագրվել է դատավոր Արթուր Նահապետյանին, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ երկար տարիներ համատեղ աշխատել է ՀՀ տարբեր պետական մարմիններում, ավելին՝ Ա. Քյարամյանի հետ ունի քավոր-սանիկական հարաբերություններ:
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, ունենալով ողջամիտ կասկածներ դատավորի անաչառության վերաբերյալ, դատավոր Արթուր Նահապետյանին հայտարարել է բացարկ, ինչը սակայն նա մերժել է:
Բացի այդ, դատավոր Ա. Նահապետյանը որոշում է կայացրել գործը քննել գրավոր ընթացակարգով՝ զրկելով «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային ապահովել լրագրողների ներկայությունը դատական նիստին:
Արդյո՞ք 6-րդ դատավորը, հակառակ նախկինում կայացված որոշումների, այնուամենայնիվ կհանի մեղադրանքը «Օլդ սիթի» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի վրայից:
Մամուլի հաղորդագրություն