Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հարցը ՀՀ եւ Եվրամիության միջեւ քննարկվելիք հարց է»․ ՔՊ-ական պատգամավորի պատասխանը Բաքվին

Սեպտեմբեր 04,2024 14:24

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բաքվի այն պահանջին, որ Եվրամիության դիտորդները պետք է հեռանան Հայաստանից։

«Ես կարծում եմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ քննարկվելիք հարց է։ Եվրամիության դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում եւ մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից։ Ուստի, Հայաստանն ու Եվրամիությունը պետք է որոշեն՝ երբ, ինչքան ժամկետով ու ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն Եվրամիության դիտորդները»,- ասաց Խանդանյանը։

Սարգիս Խանդանյան

Նրա խոսքով՝ երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը, կավարտվի սահմանազատման գործընթացը եւ կլինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական կլինի ասել, որ մոնիտորինգի անհրաժեշտություն այլեւս չկա։ Բայց այս պահին նման հարց չի քննարկվում։

Խանդանյանը նշեց, որ հնարավոր է՝ խաղաղության պայմանագիրը երկկողմ ձեւաչափով ստորագրվի, հնարավոր է՝ որեւէ երրորդ երկրում ստորագրվի։ Նրա խոսքով՝ այդ հարցն այս պահին չի քննարկվում։ «Որեւէ տարբերակ բացառված չէ, մեզ համար առաջնահերթ է, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի այն սկզբունքներով, որոնցով մենք կարծում ենք, որ կարեւոր է ստորագրվի։ Ես չեմ կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը Հայաստանի աշխարհաքաղաքականությունն է որոշելու, դա ընդամենը տեխնիկական հարց է։ Մենք դեռ այն փուլին չենք հասել, որ արդեն քննարկենք, թե որտեղ ենք ստորագրում։ Կրկնում եմ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մեզ համար առաջնահերթություն է»,- հավելեց Խանդանյանը։

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց․ «Բուն սահմանազատման հարցում երկկողմ են ընթանում բանակցությունները, եւ, ըստ էության, որոշակի արդյունք գրանցել ենք այդ բանակցություններում։ Ես կարծում եմ, որ այդ դինամիկան պետք է ապահովվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30