Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Բինանսի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար, հայազգի Տիգրան Ղամբարյանը ստիպված է եղել հենակներով հասնել դատարան: Տեսանյութում նա ուղեկցող աշխատակցից բարկացած պահանջում է իրեն տրամադրել սայլակ և հայտարարում իր անմեղության մասին:
Բինանսի թոփ մենեջերը փետրվարից կալանավորված է Նիգերիայում, և բազմիցս մերժվել են գրավի դիմաց նրան ազատ արձակելու առաջարկները: Նրա ընտանիքը հայտնում է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում վատթարացել է Տիգրանի ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ղամբարյանի ընտանիքը պնդում է, որ նա վարակվել է մալարիայով, իսկ Նիգերիայի իշխանությունները չեն արձագանքում ներկայացված բժշկական փաստաթղթերին, որոնց համաձայն՝ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ Տ.Ղամբարյանը և Binance-ի մեկ այլ ներկայացուցիչ ձերբակալվել են Նիգերիայի իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ նրանք ժամանել են երկիր՝ քննարկելու կառավարության մեղադրանքները: Բինանսը և Տ.Ղամբարյանն անձամբ մեղադրվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Բորսայի մյուս աշխատակցին հաջողվել է փախչել կալանքից, և Նիգերիայի իշխանությունները դիմել են Ինտերպոլին նրան վերադարձնելու հարցում օգնության ստանալու համար։
Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մայիսին բաց նամակ էր հրապարակել ի պաշտպանություն Տիգրանի, որտեղ, ի թիվս այլ բաների, նշել է, որ բորսայի ներկայացուցիչներին երկու անգամ առաջարկվել է «խնդիրները լուծել» կրիպտոարժույթով մեծ գումարի դիմաց։ Ի պատասխան՝ Նիգերիայում ոլորտի կարգավորողը հայտնել էր, որ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկել երկիրը, և Binance-ի կազմակերպած միջազգային արշավի մի մասն են:
Կարդացեք նաև
Թեմայի նախապատմությունը ներկայացնող նյութեր.
Reuters. Ամերիկացի օրենսդիրները Նիգերիայում ԱՄՆ դեսպանատանը հորդորում են պահանջել ազատ արձակել բանտարկված Տիգրան Ղամբարյանին մարդասիրական նկատառումներով, քանի որ նա վատառողջ է:
Fortune-ի հոդվածը Ջեֆ Ռոբերթսի կողմից. Ակնարկ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախկին հատուկ գործակալը փակված Նիգերիայի բանտում, իսկ նրա ընտանիքը խնդրում է Պետդեպարտամենտի միջամտությունը:
Wired. Կոնգրեսում աճում է ճնշումը՝ Նիգերիայում բանտարկված կրիպտո քննիչ Տիգրան Ղամբարյանին որպես պատանդ վերաբերվելու համար.
Ջեֆ Ռոբերթսի X գրառումը. Սա Տիգրանն է, ԱՄՆ նախկին հատուկ գործակալ, որը պատանդ է պահում Նիգերիայում, ուր գնացել էր բանակցելու Binance-ի համար: Պետդեպարտամենտը դեռևս նրա գործի մասին չի բարձրաձայնում:
Մամուլի հաղորդագրություն