Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պահնորդական ընկերությունը կարող է սպասարկել ճանապարհը, բայց դետալները դեռ չեն քննարկվել»․ ԱԳ փոխնախարար

Սեպտեմբեր 04,2024 14:16

Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ ՀՀ ինքնիշխանության սկզբունքը չի՞ խախտվի, եթե Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկի միջազգային պահնորդական ընկերությունը, ինչի հնարավորության մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը։  

«Ոչ, իհարկե, դա կախված է մանրամասներից, ուղղակի ընկերությունը կարող է սպասարկել։ Խոսվել է միայն դրա հնարավորության մասին, մանրամասները, դետալները դեռ չեն քննարկվել, հավելյալ տեղեկատվություն չկա։ Խաղաղության խաչմերուկի տրամաբանությունը, մանրամասները քաջ հայտնի են հանրությանը»,- պատասխանեց Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապն ապահովելու համար։ Փաշինյանը նաեւ ասել էր, որ ճանապարհը կարող են վերահսկել լիցենզավորված միջազգային պահնորդական կազմակերպությունները։

Մնացական Սաֆարյանը հավատացրեց, որ միջազգային պահնորդական կազմակերպություն ներգրավելու դեպքում հայ սահմանապահները եւ մաքսավորները նույնպես աշխատանք իրականացնելու են այդ ճանապարհին։

Հարցին, թե ի՞նչ չհամաձայնեցված հարցի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ խաղաղության պայմանագրի նախագծում չհամաձայնեցված հարց կա, Մնացական Սաֆարյանը պատասխանեց․ «Ես վարչապետի ասածին որեւէ բան ավելացնելու կամ պակասեցնելու չունեմ։ Եթե հավելյալ բան լինի տեղեկացնելու, կասենք։ Մենք Ադրբեջանին փոխանցել ենք 10-րդ տարբերակը, իրենք կպատասխանեն, ըստ դրա մենք կտանք մեր մեկնաբանություններն ու առաջարկը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30