«Պետությունը առաջարկում է հարկել ՀՀ հպարտ քաղաքացուն, հետո պարզվում է՝ պետությունն է սխալվել, բայց պետությունն ուզում է պատժել այդ քաղաքացուն։ Հարկի հաշվարկի գործակալը պետությունն է, պետությունն էլ պիտի կրի պատասխանատվությունը, պակաս վճարած հարկերը հետադարձով չպետք է առաջարկվի քաղաքացուն։ Իսկ պարոն Աղազարյանն ասում է՝ քաղաքացին պետք է տուգանվի»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում դիտարկում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հեղափոխական հայտարարությունները, որ քաղաքացին «տուգանքի մատերիալ չի»։
Քննարկվում էր Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը։ Կառավարությունը նոր էլեկտրոնային համակարգ է ներդրել, ինչի արդյունքում անշարժ գույքի բազայի ճշգրտումներ են եղել եւ գույքահարկի վճարումների հետ կապված թերություններ են ի հայտ եկել։ Պարզվում է, որոշակի գույք սխալ է գրանցված եղել, հետեւաբար, նաեւ հարկերն են թերի մուծվել։ Ճշգրտումների արդյունքում, կառավարությունն առաջարկում է, որպեսզի քաղաքացիները վճարեն բաց թողնված հարկերը՝ առանց տույժ եւ տուգանքների։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ քաղաքացիները հաճախ միտումնավոր, հանցավոր համաձայնությունների մեջ մտնելով՝ իրենց գույքի սխալ՝ ավելի նվազ պարամետրեր են գրանցում, քիչ գույքահարկ վճարելու համար ու առաջարկեց՝ անպայման տուգանել այդ քաղաքացիներին։
Կարդացեք նաև
«Մենք սխալվել ենք, բայց մեր սխալի հաշիվը դու փակի»,- Թադեւոս Ավետիսյանի բնութագրմամբ, սա է կառավարության առաջարկը։
«Արդարությունից եք խոսում․ ոչ թե հարեւանը հարեւանի հետ պետք է համադրենք, այլ քաղաքացին պետության հետ։ Ասում ենք պարզ բան՝ պետությունը սխալվել է, բայց նաեւ ասում ենք, որ քաղաքացին միտումնավոր սխալ բաներ է արել ու տուգանենք։ Բայց ինչի՞ չենք ելնում այն կանխավարկածից, որ քաղաքացին պարտաճանաչ է՝ տեսել է այդ գումարը, վճարել է։ Խնդիրը մոտեցման սկզբունքի մեջ է, այլապես հարեւանը-բարեկամը, հները-նորերը՝ թողեք դա։ Ես խոսում եմ հարկային քաղաքականության կոնկրետ սկզբունքների մասին։ Լուծումը կիսատ է, պետության սխալի համար, քաղաքացին լրացուցիչ գումար չպետք է վճարի, հետեւաբար, ես ձեռնպահ կքվեարկեմ»,- հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը՝ հակադարձելով ՔՊ-ական պատգամավորների եւ կառավարության ներկայացուցչի տեսակետներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը համամիտ է ընդդիմադիր պատգամավորի հետ ու հակադարձում է իր թիմակիցներին․ «Եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ դա արվել է միտումնավոր, մենք տույժ ու տուգանքի մասին չպիտի խոսենք, այդ մարդկանց քրեական պատասխանատվության պիտի ենթարկենք։ Բայց եթե միտումնավոր չի, քաղաքացին այստեղ խնդիր չունի։ Գնալ մի քանի տարով ետ եւ ասել, որ նոր համակարգի կիրառման արդյունքում է եղել․․․ եկեք մեկ անգամ համակարգը մաքրեք, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Սենց բան տեսել էիք, մենք իրար մեջ ավելի շատ անհամաձայնություն ունենք, քան ընդդիմության ներկայացուցչի հետ»։
Միաժամանակ, նա Թադեւոս Ավետիսյանին է հակադրվում․ «Եթե դեմ քվեարկեք նախագծին, կստացվի, որ դուք կողմ եք, որ քաղաքացին տուգանվի»։
Հարցը ներկայացնող ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի համար միտումնավորի-ոչ միտումնավորի խնդիրը մի քիչ վիճահարույց է․ «Ամեն դեպքում, մենք նախագիծն այսպես ենք բերել, խնդրում եմ հիմա «կողմ» քվեարկեք, բայց բոլոր տեսակետները կյանքի իրավունք ունեն»։
Նա պարզաբանեց, որ քաղաքացու հաշվին չեն մուտքեր ապահովում, քանի որ քաղաքացուն առաջարկում են վճարել այն հարկը, որը պետք է այսպես, թե այնպես վճարեր, բայց քանի որ հարկը չի վճարվել ոչ իր մեղքի պատճառով, ապա նա կազատվի տույժերից ու տուգանքներից։ Քանի որ հարկվող գումարները համայնքային բյուջե են մտնելու, Սուրեն Թովմասյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին, բայց համաձայն է՝ մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը լայն քննարկում կազմակերպել, համայնքային ներկայացուցիչներին էլ լսել։
Մանրամասները՝ տեսանյութում
5 «կողմ», մեկ «ձեռնպահ» արդյունքներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ