Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դարբինյան. «ՀԷՑ-ը էլեկտրամատակարարման խափանումները արագ վերացնելու համար օպերատիվ օգնում է նաեւ այլ կազմակերպությունների, չնայած դա իր պարտականությունների մեջ չի մտնում»

Սեպտեմբեր 04,2024 13:52

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումներին, որոնք առաջացրել են հասարակության դժգոհությունը եւ հանրային լայն քննարկման առարկա դարձել:

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հակիրճ, բայց առարկայորեն անդրադարձավ հատկապես մեծ աղմուկ բարձրացրած անջատումների դեպքերին եւ էլեկտրամատակարարման արագ վերականգնման ուղղությամբ դրանց պատճառ դարձած սուբյեկտներին իրենց ցույց տված օպերատիվ աջակցություններին:

«Ուզում եմ սկսել վերջերս արձանագրված էլեկտրաէներգիայի անջատումների այն դեպքերից, որոնք հայտնի են բոլորիդ եւ առավել մեծ աղմուկ են բարձրացրել:

Առաջինը՝ 2023 թ. նոյեմբերին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած էլեկտրամատակարարման կարճատեւ ընդհատումն է, որի պատճառների ուսումնասիրման համար ստեղծվեց հանձնաժողով: Հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ անջատումը տեղի էր ունեցել ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով: Դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս է: Արդյունքում հոսանքազրկվել էր հանրապետության մոտ 1/3-ը: Իմ ձեռքին է հանձնաժողովի եզրակացությունը, որի կազմում եղել են եւ նախարարության եւ ԲԷՑ-ի աշխատակիցներ, ներկայացուցիչ է տրամադրվել հանձնաժողովի կողմից, եւ ուսումնասիրությունն ամբողջովին կատարվել է»,-ասաց պարոն Դարբինյանը:

Նա ցուցադրեց 2023/2024 թվականներին ԲԷՑ-ի կատարած աշխատանքների պատճառով անջատումների քանակը: «Եթե ուշադիր նայեք, դրանք կարճատեւ են, սակայն անջատումները լինում են մասշտաբային, հոսանքազրկվում է հանրապետության գրեթե 1/3-ը: Այդ անջատումները 15-20 րոպե են տեւում, բայց ժողովրդի մեջ դա մեծ արձագանք է առաջացնում»,-ասաց բանախոսը:

«Երկրորդը օգոստոսի 7-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումն է: Այս առիթով հաղորդագրություն տարածել էինք, բայց եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մինչեւ հայտնի վթարի օրը օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ տեղի ունեցել էին, բայց ոչ ներկայացման պահին: Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել եւ պարզել էր, որ խնդիրը իրենց հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ էր կապված: Այդ ամենը մանրակրկիտ բացատրել էինք թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ տեղեկացնելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման: Թատրոնը անտեսել էր մեր մասնագետների կարծիքը, որից հետո էր տեղի ունեցել բոլորիդ հայտնի վթարը: Ավելին, որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել: Վթարից հետո մեր մասնագետները եւս մեկ անգամ տեղում ուսումնասիրել էին պատճառը եւ նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորն է: Միայն դրանից հետո օպերայի ղեկավարությունը նամակով դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով, որ մեր ընկերությունը իր բարեգործական ծրագրերի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն եւ իրենց միջոցներով չեն կարող դա անել: Տնօրենի այդ նամակը նույնպես իմ ձեռքին է:

Երրորդ անջատումը Աբովյան քաղաքի մարզադաշտում էր, որի հետ կապված հայտնի խաղից երեք ամիս առաջ ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել էինք համապատասխան գրություն՝ իրենց սեփականություն հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ: Եվ տրանսֆորմատորը ՀՖՖ դիմումի հիման վրա անջատվել էր: Արդյունքում, խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի եւ մեկ ուղղության վրա, որը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր: ՀԷՑ-ի աշխատակազմը, իհարկե, օպերատիվ աջակցեց վթարի վերացմանը, որի շնորհիվ էլեկտրամատակարարումն արագ վերականգնվեց:

Նշված դեպքը նույնպես մանրամասն ուսումնասիրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Պարզվել էր, որ անջատվել է իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի բարձր լարման ապահովիչը: Մենք իրենց բալանսում գտնվող ենթակայանի եւ իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորների պատասխանատվությունը չենք կրում: Իրենք են որոշում իրենց սեփականությունը հանդիսացող տրանսֆորմատորներն աշխատե՞ն, թե՞ չաշխատեն:

Վերջին երկու դեպքերի մասով ուզում եմ ասել, որ հնարավորինս աջակցել ենք թե օպերային թատրոնին, թե մարզադաշտին, չնայած, որ դա մեր պարտականությունների մեջ չէր մտնում: Նման հաստատություններն ունեն իրենց սեփական էլեկտրատնտեսությունը, որոնք հիմնականում վատ վիճակում են գտնվում, չեն ենթարկվում համապատասխան զննումների: Մինչդեռ, այդ ենթակառուցվածքները ենթակա են պարբերաբար նորոգման, կարգաբերման կամ փոխարինման:

Օգտագործելով այս առիթը հորդորում եմ բոլոր այն կառույցներին, որոնք սեփական էլեկտրատնտեսություն ունեն, ուշադրություն դարձնեն դրանց աշխատանքին»,-ասաց Կարեն Դարբինյանը:

Նա անդրադարձավ նաեւ մի քանի օր առաջ ՀԱԷԿ-ը ընդհանուր համակարգից դուրս բերելուն: «Դրա հետեւանքով հոսանքազրկվեցին Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները: Դեպքը բոլորին հայտնի է, բայց ի վերջո հոսանքազրկվում են մեր բաժանորդները, այն մարդիկ, որոնց էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատվությունը կրում ենք մենք՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը»,-ասաց ՀԵՑ տնօրենների խորհրդի նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30