ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։
«Պրոցեսը շարունակվում է, Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի իր հերթական՝ 10-րդ խմբագրումը։ Այսինքն՝ պրոցեսը դինամիկ է։ Եվ այստեղ մենք կարեւոր քայլ ենք կատարել, բոլոր համաձայնեցված հոդվածները թողնելով խաղաղության պայմանագրի մեջ, Ադրբեջանին առաջարկում ենք ստորագրել այն։ Եվ կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի էական մասը, հոդվածների մեծամասնությունը համաձայնեցված են։ Բովանդակային առումով դրանք շատ կարեւոր են, այսինքն՝ հնարավոր է այդպիսով ունենալ խաղաղության պայմանագիր ու ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, եւ Ադրբեջանը պետք է արձագանքի սրան։ Գրեթե ամեն ինչ, ինչ Հայաստանն ուղարկել է, համաձայնեցված է։ Եվ այստեղ քաղաքական կամքի հարց է Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը»,- ասաց Խանդանյանը։
Անդրադառնալով զենքի գնմանը եւ դրա վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ նա նշեց․ «Իր պաշտպանական կարիքները բավարարելու եւ խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են։ Եվ երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություններ ձեռք չբերել։ Բայց դուք նաեւ գիտեք, որ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկություն է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել։ Պետք է հաշվի առնենք նաեւ, որ Ադրբեջանը եւս զինվում է, այսինքն՝ եթե այդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ էլ ավելի կա այդ մտահոգությունը։ Եվ դրա համար շատ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի։ Բայց այդ առաջարկն անպատասխան է մնացել»։
Հարցին, թե խաղաղության պայմանագրի նախագծում որ կետերը համաձայնեցված չեն, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Խաղաղության պայմանագիրը կառավարությունների, մասնավորապես արտգործնախարարությունների միջեւ է քննարկվում եւ բանակցվում։ Տեքստի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները կխնդրեմ ուղղել Հայաստանի կառավարությանը։ Ես չեմ կարող բացահայտել մի բան, որը խորհրդապահական ռեժիմով է քննվում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ