Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կներկայացվի մեր երկրի ամբողջ ներուժը. Հայաստանը կհյուրընկալի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը

Սեպտեմբեր 04,2024 13:22

Հայաստանում տեղի կունենա գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, Հայաստանը հյուրընկալող կողմն է: 2023 թ. նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել էր 2024 թ. հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը:

Սոնա Հովհաննիսյան

«Համաժողովը Հայաստանում անցկացնելու համար դիմել ենք դեռեւս 2022թ, եւ 2023-ին Իսպանիայում հերթափոխը փոխանցվեց Հայաստանին: Հագեցած ծրագիր է լինելու՝ սեպտեմբերի 11-13-ը: Ունենալու ենք ինչպես սոցիալ-մշակութային ծրագրեր, այնպես էլ բուն պաշտոնական միջոցառումները, աշխատարաններ, վարպետաց դասեր: Փորձել ենք ընտրել հնարավորինս շատ գինեգործարաններ, որպեսզի կարողանանք ցուցադրել մեր երկրի ամբողջ կարողությունը՝ թե գինեգործության եւ թե գինու զբոսաշրջության բնագավառում»,- «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով. «Մասնակիցները դեռ շարունակում են գրանցվել, միջոցառմանը ներկա են լինելու ՄԱԿ- ի զբոսաշրջության ներկայացուցիչներ, մասնավորապես գլխավոր քարտուղարը, կլինեն նաեւ ՄԱԿ զբոսաշրջության անդամ երկրներից, նրանց թվում՝ ինչպես զբոսաշրջության բնագավառի լիազոր մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ գինեգործարաններ, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, մեդիա ներկայացուցիչներ»: Արդեն մասնակցության համար գրանցվել են 36 երկրի 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում Պորտուգալիայից, Արգենտինայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, անգամ աֆրիկյան երկրներից:

Սոնա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, նման միջոցառումը մեծ հնարավորություն է ցույց տալու մեր երկրի ամբողջ ներուժը, նախատեսված են այցելություններ գինեգործարաններ, Գինու պատմության թանգարան, Արենի քարանձավ:

Զարուհի Մուրադյան

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ասաց, որ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կարեւոր միջոցառում է նաեւ իրենց ոլորտի համար: «Գինու զբոսաշրջությունը հատկապես վերջին 5 տարիներին է զարգացել՝ շնորհիվ գինեգործական ընկերությունների, որոնք ներդրումներ են անում, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ հնարավոր լինի հյուրընկալել: Ինչքան էլ մեզ դիրքավորում ենք որպես հնագույն գինեգործական երկիր, միեւնույն է՝ շատ մեծ աշխատանք ունենք կատարելու: Բացի գինեգործներից ու հետաքրքրված անձանցից՝ հյուրընկալելու ենք նաեւ միջազգային լրատվամիջոցների, որոնց համար բացի եռօրյա ծրագիրը, առանձին մեկ այլ ծրագիր է մշակվում, որի միջոցով օգնելու ենք բացահայտել Հայաստանի գինեգործության ներուժը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30