Կառավարությունը նախօրեին հրապարակեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը, որը ստորագրվել է օգոստոսի 30-ին։
Հրապարակված փաստաթղթում մանեւրի լայն հնարավորություն է տրվում․ «Սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ բոլոր նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերը»։ Իսկ ամենաաբսուրդը՝ նախապես ամրագրել են, որ ցանկացած պահի փոխադարձ համաձայնությամբ կարող են լրացումներ եւ փոփոխություն կատարել դժվարությամբ ընդունված այս կանոնակարգում։
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995 թթ.), քաղաքագետ Սուրեն Զոլյանի դիտարկմամբ՝ առաջին հերթին անհեթեթություն է կանոնակարգում ամրագրել, թե կողմերը կարող են ցանկացած պահի փոփոխություններ եւ լրացումներ կատարել։
Կանոնակարգում Ալմա-Աթայի հռչակագրի մասին ձեւական հիշատակումն ու այն ձեւակերպումը, թե սահմանազատման գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա, ոչ թե հռչակագրի հիման վրա, ըստ Զոլյանի, վկայում են այն մասին, որ Փաշինյանը հետեւողականորեն մանիպուլացնում էր Ալմա-Աթայի հռչակագրի էությունը եւ խեղաթյուրում՝ ասելով, թե հռչակագրով որոշվել են 2 պետությունների վարչատարածքային սահմանները, մինչդեռ իրականում խոսքն այդ պահին գոյություն ունեցող սահմանների մասին է։ «Եթե հաշվի առնենք, որ Հռչակագրին Ադրբեջանը միացել է 1993 թվականին, ուստի կխնդրեմ ասեն, թե որոնք են եղել Ադրբեջանի սահմանները, անգամ Հորադիզը չկար, էլ չեմ ասում՝ մնացած 7 շրջանները։ Ուստի, կանոնակարգ կոչվածում Ալմա-Աթայի փոխարեն ամրագրված այլընտրանքը կամ վերապահումն արվել է խիստ օբյեկտիվ պատճառներով, քանի որ մեր մեծ Գիքորը շատ է խոսում Ալմա-Աթայի հռչակագրից, ըստ էության, փորձել է իրեն արդարացնել, հռչակագիրն ինչ-որ ձեւով ամրագրել, որ հետո ասի՝ մեր սկզբունքների համաձայն․․․ Իրականում արժեզրկում է Ալմա-Աթայի սկզբունքը` Ալմա-Աթայի հռչակագրին որեւէ այլ փաստաթուղթ կցված չի եղել, որ ասենք` այս-այս սահմաններն են, այս-այս քարտեզները, հետեւաբար ենթադրվում էր, որ մի քարտեզ, իրավական փաստաթուղթ պետք է հիմք ընդունվեր, ինչը չի արվել։ Մեկ խոսում էին 1976 թ. քարտեզի մասին, բայց պարզվեց՝ դա էլ հաշվի չեն առնում, կամ ասում էին` Վլադիմիր Մովսիսյանի փաստաթուղթն իրավական հիմք չունի, որովհետեւ չի վավերացվել Գերագույն խորհրդի կողմից, բայց դրանք չպետք է վավերացվեին, որովհետեւ երկու կոլխոզների մակարդակով սահմանները ճշտվել էին։ Հիմա նույն ձեւով կարող էին ՄԱԿ-ի հռչակագրին հղում անել, որով ընդունել ենք բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը: Եթե կոնկրետիկա չկա, շատ փաստաթղթերի կարող էին հղում անել»,- ասաց Զոլյանը։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: