Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցու դարպասների մոտ Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսին տեսանք: Արցախից հարկադրաբար տեղահանվելուց հետո տեր հայրն այժմ այս եկեղեցու հոգեւոր սպասավորն է։ Դադիվանքի հերոս, ոգեւորված, հազար ու մի ծրագիր ունեցող վանահայրն անճանաչելի էր դարձել` տխուր էր, ընկճված եւ հուսահատ։ Ինչո՞ւ եք այսպես ընկճվել՝ հարցրինք տեր հորը: Խոր հոգոց հանեց: Միասին մտանք եկեղեցի, նստեցինք մի անկյունում, մի քանի րոպե լռություն պահելուց հետո խոսեց․ «Տեսա՞ր, թե ինչպես են Արցախի անկախության օրը խումբ-խումբ, իրարից թաքուն Եռաբլուր մտնում։ Սա իմ մեծագույն ցավն է, նախանձը մտել է մեր ժողովրդի մեջ։ Այս մարդիկ իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու զավակ եւ քրիստոնյա։ Եթե իրենք այդպես են վերաբերվում մեկը մյուսին, ապա ումի՞ց ինչ են պահանջում»։
Տեր Հովհաննեսն առանց անուններ տալու ասում է՝ ազատվեք նախանձից, պարտությունից․ «Կարծում եք` դուք իմաստո՞ւն եք, ո՛չ, իմաստուն չեք, եթե իմաստուն լինեք, ապա Սողոմոն իմաստունի նման պիտի գործեք։ Նախանձ եք։ Ովքեր չեն ուզում հաշտվել իրար հետ, ես նրանց չեմ համարում Հայ առաքելական եկեղեցու զավակ, քրիստոնյա․ գնացեք ու մտածեք։ Երբ իրար սիրենք, համախմբվենք, այդ ժամանակ կհասնենք նրան, ինչին սպասում ենք»։
Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, ընդդիմադիր քաղաքական գործիչներն էին այցելել Եռաբլուր։ Այստեղ էին նաեւ Բագրատ սրբազանը, Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչները՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։ Նույն դաշտում գործող քաղաքական գործիչները խուսափել էին միմյանց հանդիպելուց եւ այցելել էին տարբեր ժամերի: Սկզբում եկավ Շահրամանյանը, մոտ 2 ժամ անց՝ Բագրատ սրբազանը, ապա՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Իշխող ուժից որեւէ մեկը չայցելեց Եռաբլուր: Բայց դրանից տեր հայրը չի զարմանում` ինչո՞ւ պիտի գան, եթե Արցախը չեն ընդունում։
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ Սամվել Շահրամանյանն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, երբ իշխանափոխությունից հետո Արցախի նախագահ է դարձել, ՀՀ նախկին նախագահներն էլ ողջունել են նրան, տեր հայրը նկատում է՝ Սամվել Շահրամանյանը չի եղել իշխանության, երբ 2020 թվականին Փաշինյանը հրաման է տվել դատարկել Քարվաճառը․ «5 օր ժամանակ տվեցին՝ դատարկելու համար, մոռացե՞լ է իր հրամանները Նիկոլ Փաշօղլին, որը շարունակում է այս ծնկաչոք Հայաստանի ղեկավարը լինել։ Հայաստանը ծնկի եկած է այսօր թուրքի առաջ, դուք դրա մասին մտածեք»։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: