Թեպետ վարչապետ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ով է, ի վերջո, երկրի առաջին տիկինը` վարչապետի՞, թե՞ նախագահի կինը, նշել էր, որ ամեն հայ տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, իր երեխաների մայրը, բայց ՀՀ սահմանադրությունն ասում է, որ առաջին տիկին համարվում է երկրի նախագահի կինը, այլ ոչ թե վարչապետի:
Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Նախագահ Վահագն Խաչատուրյանի կինը բավականին համեստ է, այո, նա չունի օգնականներ եւ դրա անհրաժեշտությունն ու կարիքը չի տեսնում: Սա շատ անձնական հարց է` ընտանիքի մասին: Նախագահի տիկինը հանրային գործունեությամբ գերադասում է չզբաղվել` ԶԼՄ-ներով իրեն գովազդելով, բարձրաձայնելով եւ իրեն ցուցադրելով: Նա իր գործունեությունը ծավալում է հեռու ամեն տեսակ աչքից: Եթե չեմ սխալվում, նա մանկավարժ է: Ինչ վերաբերում է միջոցառումներին մասնակցելուն, ապա կասեմ հետեւյալ կերպ` չի ուզում, չի մասնակցում: Այստեղ չկա որեւէ պատճառ, նա ավելորդություն է համարում բարձրաձայնելով գործունեություն ծավալելը: Շատ մարդկային, սկզբունքային ու անհատական մոտեցում է, եւ կարծում եմ, որ պետք է հարգենք այն: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ իր հանրային գործունեությունը լուսաբանե՞լ, թե՞ ոչ, հանրայնացնե՞լ, թե՞ չհանրայնացնել: Եթե տիկնոջ որոշումն այդպիսին է, ապա չեմ կարծում, որ պետք է այդ հարցը քննարկվի: Հասկանալի է` նա նախագահի կինն է, բայց համեստության հարց է, նա չունի հանրային ճանաչողության հավակնություններ»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: