ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։ Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի օգնական։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը վկային հարցրեց՝ արդյոք Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպելու հանձնարարությունը ռեկտոր Նարիմանյանից ստացել եք այն բանից հետո, երբ Դուք նրան ներկայացրել եք, որ «Մեդունին» լուրջ խնդիրներ ունի՞։ Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ այո։
Մյուս հարցին՝ ռեկտոր Նարիմանյանը Ձեզ հանձնարարե՞ց գնալ, ուսումնասիրել՝ «Ծովասարը» հանգստի համար նորմալ պայմաններ ունի՞, թե՝ ոչ։ Վկան պատասխանեց․ «Ընդհանրապես «Ծովասար» և «Մեդունի» անունները մեր զրույցների ժամանակ չեն շեշտվել։ Հասկացել եմ, որ Միխայիլ Զախարիչին Սևանի ափին պանսիոնատը բավարար է եղել, այդտեղից է սկսվել, որ ինձ տրվել է Իշխան Սաղաթելյանի համարը։ «Ծովասարն» ուսումնասիրելուց հետո դրական կարծիք եմ հայտնել, տպավորված եմ եղել»։
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց մեղադրյալ Մարթա Սիմոնյանի ամուսնու հետ Կարեն Ակոպյանի զրույցից մի հատված, որը գաղտնալսվել է և այժմ նյութերում է․ «Նա ասել է Նարիմանյանին, նա էլ որոշել է՝ դե որ տենց է, իրենց մարդկանց միջոցով կանենք»։ Հարցին՝ երբ Դուք ասում էիք՝ նա ասել է Նարիմանյանին, ենթադրում եմ, որ նկատի ունեիք Արմեն Աշոտյանի՞ն։ Վկան պատասխանեց՝ այո․ «Դա այն կարծիքն էր, ինչ ինձ ասել էր քննիչը»։ Հարցին՝ որևէ փաստի տիրապետո՞ւմ եք, որ Արմեն Աշոտյանը ռեկտոր Նարիմանյանին հանձնարարություն է տվել Բժշկականի համար բնակարաններ գնելու վերաբերյալ։ Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Միայն մեկ փաստ կարձանագրեմ՝ Միխայիլ Զախարիչն ինձ ասաց, որ Արմեն Գևորգիչն էլ է տեղյակ, ես իր հետ կխոսեմ»։ Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ Արմեն Աշոտյանը հանձնարարություն տվե՞լ է ռեկտոր Նարիմանյանին «Ծովասարի» հետ կապված, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ես նման տվյալ չունեմ։
Մարթա Սիմոնյանի ամուսնու հետ զրույցից մի հատված էլ Ռուբեն Մելիքյանը հրապարակեց, որտեղ Կարեն Ակոպյանն ասում է․ «Հիմա ես սենց եմ մտածում, գնամ, ասեմ, որ ես եմ Մարթային ասել, որ ստորագրի, ինձ ասել է Նարիմանյանը, որ էդ բանը պիտի արվի, իրեն Աշոտյանն ասել է»։ Ռուբեն Մելիքյանի հարցին՝ երբ ասում եք՝ ռեկտոր Նարիմանյանն Աշոտյանին է ասել, դա Ձեր ենթադրությո՞ւնն է։ Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ այո ու շարունակեց․ «Այլ ձայնագրություն էլ կար, որ ես ուզում էի գնալ, պարոն Աշոտյանին հարցնել, բայց այդ հնարավորությունը չունեցա»։
Հարցին՝ որևէ փաստի տիրապետո՞ւմ եք, որ Արմեն Աշոտյանը հանձնարարություն է տվել արհմիության համար բնակարաններ գնելու, վկան պատասխանեց՝ ոչ։ Մյուս հարցին՝ ունե՞ք տեղեկություն, որ Արմեն Աշոտյանը Մարթա Սիմոնյանին է հանձնարարել Ծովասարից բնակարան գնել, կրկին պատասխանեց՝ ոչ։ Իսկ թե իրեն նման հանձնարարություն տվե՞լ է, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ոչ։
Մյուս հարցին՝ Արմեն Աշոտյանի հետ արհմիության համար տարածքներ գնելու մասին խոսակցություն ունեցե՞լ եք, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ոչ․ «Ընդամենը մեկ անգամ միջանցքում հարցրել եմ՝ ինքը տեղյա՞կ է էդ թեմայից, թե՝ ոչ, քանի որ Միխայիլ Զախարիչն ասել էր, որ Արմեն Աշոտյանն էլ է տեղյակ․ մի անգամ հետաքրքրվում էր՝ ի՞նչ փուլում է»։
Հարցին՝ ինչպե՞ս եք մոտեցել Արմեն Աշոտյանին, վկան պատասխանեց․ «Ասել եմ նման օբյեկտ կա Սևանի ափին, «Նավասար» էր, թե՝ «Ծովասար», և Միխայիլ Զախարիչն ասում է՝ տեղյակ եք, որ հնարավոր է, որ այդ օբյեկտն առնենք։ Ինքն ասաց՝ տեղյակ եմ՝ նորմալ շենք է, նորմալ օբյեկտ է։ Ավելի մանրամասն չեմ հիշի»։ Հարցին՝ Արմեն Աշոտյանի արձագանքից կարելի՞ էր ենթադրել, որ նման հանձնարարություն է տվել ռեկտորին, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ոչ։
Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացրեց Կարեն Ակոպյանի՝ իր կնոջ քրոջ՝ Նաիրա Գիլոյանի հետ զրույցը, որտեղ Կարեն Ակոպյանն ասում է․ «Իրենց պատկերացմամբ՝ սենց է եղել․ մենք պրոֆկոմը դիտմամբ ստեղծել ենք, քանի որ էն մյուս պրոֆկոմով չենք կարողացել էդ առևտուրն անել, որպեսզի այդ պրոֆկոմով էդ գնումը կազմակերպվեր, հետո էդ պրոֆկոմը ցրվեր, էդ բանը Աշոտյանը յուրացներ»։
Պաշտպանը ևս մեկ հատված հավելեց, որտեղ Կարեն Ակոպյանն ասում է․ «Իրենց պատկերացմամբ՝ Աշոտյանը կազմակերպել է Մարթայի հետ, Մարթան համոզել է ինձ, երկուսով համոզել են Նարիմանյանին, Աշոտյանն էլ Նարիմանյանին ստիպել է, ու էդքան բան արել ենք»։ Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ իրենց պատկերացմամբ բառակապակցությունն ասելով՝ քննիչի՞ն եք նկատի ունեցել, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Փաստացի դա նաև պարոն մեղադրող Նշանյանի կողմից բարձրացվել է։ Դա միակ տեղն է, որտեղ աղբյուր եմ նշում, թե ովքեր են ինձ էդ մտքին բերել։ Էդ իրենք՝ քննիչներն են»։ Հարցին՝ քննիչի կարծիքը չի համապատասխանո՞ւմ Ձեր կարծիքին, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ այո։
Ռուբեն Մելիքյանը հետաքրքրվեց՝ «Ծովասարի»՝ կահավորումից հետո՝ արդյոք նորընտիր ռեկտոր Արմեն Մուրադյանն արգելե՞լ է օգտվել այդ հանգստի գոտուց։ Կարեն Ակոպյանն ասաց՝ շատերից է նման բան լսել, ուստի չի կարող նշել, թե ումից։
Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ Բժշկականի աշխատակիցներին մեկ տարի անց ռեկտորը թույլատրեց հանգստանալ «Ծովասարում» ռեկտորատի արտագնա նիստից հետո, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ դրանից հետո շատ ֆոտոներ էի տեսնում, որ մարդիկ այնտեղ հանգստանում էին։
Մյուս հարցին՝ արդյոք Արմեն Աշոտյանը փորձ կատարե՞լ է ներազդել Ձեզ վրա, վկան պատասխանեց՝ ոչ։
Հարցին՝ Արմեն Աշոտյանին՝ 2022-ի նոյեմբերին մեղադրանք առաջադրելուց հետո քանի՞ անգամ եք հանդիպել, վկան պատասխանեց՝ մեկ անգամ։ Որտե՞ղ է տեղի ունեցել հանդիպումը, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Հարությունյան Կարենի կամ բակում կամ տանը։ Ես գնում էի հանդիպելու Կարեն Հարությունյանին, էդտեղ ինձ համար անակնկալ ձևով ներկա էր Արմեն Աշոտյանը, որի մասին քննիչներն արդեն հաջորդ օրը գիտեին»։ Հարցին՝ այդ օրն Աշոտյանին ինչ-որ բան խնդրե՞լ եք, վկան պատասխանեց․ «Խնդրել եմ, որ էս ամենին քաղաքական լուծում տա, և իր պատճառով տուժում է մարդ, որը բացարձակ մեղք չունի՝ խոսքը Մարթայի մասին է։ Խնդրել եմ՝ թեկուզ լայվ անի, գնա, հանդիպի էսօրվա քաղաքական իշխանությունների հետ, ձև գտնի, որովհետև իրեն պատժելու համար տուժում է Մարթան»։ Մյուս հարցին՝ «Ինչ ուզում եք գրեք, ոչինչ չթաքցնեք, նման արտահայտություն կատարե՞լ է Արմեն Աշոտյանը», Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ այո։
Հրապարակվեց նաև Կարեն Ակոպյանի և Գրիգոր Տոնոյանի զրույցը, որը տեղի է ունեցել Մարթա Սիմոնյանի կալանավորումից մոտ 40 օր հետո, որտեղ Կարեն Ակոպյանն ասում է․ «Ես կզանգեմ Արմենին, կասեմ՝ ախպեր, հիշո՞ւմ ես, որ մենք պայմանավորվել ենք, որ եթե կարիք լինի քո վրա գրելու, արխային գրեմ, ո՞նց եմ գրում, քանի որ ձև չկա, էս մարդուն չեն թողելու»։ Հարցին՝ երբևէ պայմանավորվածություն ունեցե՞լ եք Արմեն Աշոտյանի հետ, որ ցուցմունք տալու վերաբերյալ իր հետ նախապես պետք է ճշտել, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Ոչ թե պայմանավորվածություն ենք ունեցել, այլ Աշոտյանն ինձ հարցադրում է արել, ես ասե՞լ եմ առնել, ասել եմ՝ ոչ, Մարթային ասե՞լ եմ՝ առնի, ոչ։ Գնացեք, ներկայացրեք, որ ես եմ ասել, թող ինքը փրկվի, թող ինքը չնստի, եթե դա իրեն կօգնի»։
Հարցին՝ Գրիգոր Տոնոյանի հետ զրույցից հետո Աշոտյանի հետ զրուցե՞լ եք, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ոչ։
Հրապարակվեց Մարթա Սիմոնյանի ամուսնու՝ Գոռի հետ ևս մեկ խոսակցություն, որտեղ Կարեն Ակոպյանն ասում է․ «Ես չեմ ուզում Արմենենց փաստաբանների հետ աշխատեմ, ինձ արդեն որերորդ անգամ են ասում, էսօր էլ Ավագյան Կարենն էր․ դասերի ժամանակ տեսանք իրար միջանցքում, ասաց՝ բա ի՞նչ կա չկա, բա քեզ փաստաբան պետքա՞, ուզո՞ւմ ես Արմենի հետ խոսեմ, ասում եմ՝ թարգեք էլի, չեմ ուզում տենց բաներ»։ Կարեն Ակոպյանն ասաց՝ բոլորն էլ գիտեին, որ ինքը վիրավորված է Արմեն Աշոտյանի լայվերից․ «Այդ ծանրությունը ես կրում էի իմ ուսերին, Մարթան էլ նստած էր»։
Հարցին՝ փաստ ունե՞ք, որ Արմեն Աշոտյանն այլ վկաների վրա ազդեցության փորձ է կատարել, Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ ոչ։
Հարցին՝ Ձեր տված ներկայիս ցուցմունքներում, նախաքննական ցուցմունքներում բաներ կա՞ն, որ սուտ եք գրել՝ ինչ-որ մեկին օգնելու համար, Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Ես մեկ անգամ ևս դրա մասին խոսեցի, որ ես հարցրել եմ՝ ինչ է պետք Ձեզ գրել, որ Մարթային թողնեք, պետքա՞ սենց գրեմ, որ թողնեք՝ քննիչին եմ հարցրել, բայց ասել է՝ ինձ ճշմարտությունն է հետաքրքրում, ես էլ միայն ճշմարտությունն եմ ասել։ Եթե նույնիսկ այն ժամանակ ունեի որոշակի էմոցիոնալ տրամադրվածություն օգնելու, չգիտեմ՝ ինքնազոհության տարբեր մակարդակների դրսևորումներով, ասեմ, որ Մարթայի՝ դուրս գալուց մեկ շաբաթ, տասն օր հետո այդ ցանկությունն իսպառ վերացել էր բոլորի նկատմամբ՝ հատկապես հայտնի լայվից կամ հարցազրույցից հետո, երբ պարոն Աթանեսյանը մեկնաբանում էր, որ ես պայմանավորվածություն եմ ունեցել էս ամենի արդյունքում ռեկտոր դառնալու։ Ընդհանրապես ոչ մի էմոցիա չունեի, ոչ մի պարտավորության զգացում չկար իմ մեջ՝ անցած լավ օրերից ելնելով նույնիսկ։ Նենց որ միայն ճշմարտությունն եմ խոսում և այն, ինչ ես գիտեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ