Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ ասած՝ Ալմա-Աթայի հռչակագիրն այնքան էլ «հիմնարար սկզբունք» չէ և խաղաղության համաձայնագրով կարող է պարզապես «ջրվել». «ՉԻ»

Սեպտեմբեր 04,2024 09:30

Այնպես ստացվեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգ» կոչվող փաստաթուղթը հրապարակվեց սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ Անկախության օրը։ Բայց քանի որ Հայաստանի «հասարակական-քաղաքական էլիտան» այդ օրը զբաղված էր բացառապես հոգեցունց ու պաթոսախեղդ ուղերձներով՝ փաստաթուղթն առանձնապես ուշադրության չարժանացավ։ Դե իհարկե, շատ ավելի կարևոր ու սեփական փիառի տեսանկյունից շահեկան էր սոցկայքերում արցախյան որևէ բնապատկերի ֆոնին արված սելֆիները հրապարակելն ու «Արցախը միշտ եղել է, կա ու կմնա հայկական» կարգի լոզունգներ տարածելը։

Մինչդեռ չափազանց կարևոր այդ փաստաթուղթը բավականին մտահոգիչ է և իր մեջ, այսպես ասենք, բազմաթիվ չպայթած ականներ է պարունակում։

Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

1.Փաստաթղթում նշվում է, որ Ալմա-Աթայի 1991 թ․ հռչակագիրը «սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք է», բայց «եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով նախատեսված սկզբունքներին»։

Պարզ ասած՝ Ալմա-Աթայի հռչակագիրն այնքան էլ «հիմնարար սկզբունք» չէ և խաղաղության համաձայնագրով կարող է պարզապես «ջրվել»։

2․Փաստաթղթում հիշատակված չէ որևէ կոնկրետ քարտեզ (օրինակ՝ 1975 թվականինը)։ Փոխարենը՝ 2-րդ հոդվածի 1-ին կետում գրված է, որ «սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը․․․»։

Իսկ տեղյա՞կ եք, թե ո՛ր քարտեզներն է Ադրբեջանը համարում «վերաբերելի»։ Ճիշտ է․ այդ երկիրն իրեն ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-20 թթ․ Ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ է հռչակել ու նույնիսկ պաշտոնապես հրապարակել «վերաբերելի» քարտեզները, որոնց համաձայն՝ այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը «Արևմտյան Ադրբեջան» է։

3․ Փաստաթղթի 4-րդ հոդվածում արձանագրված է, որ «սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ», օրինակ, հետևյալ նպատակներով՝ բնակավայրերի անվտանգություն, բնակիչների ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծում, ենթակառուցվածքների գործունեության ապահովում, բնապահպանական գործունեության պահպանում, ջրային ռեսուրսների օգտագործում, պաշտամունքային նշանակության օբյեկտների, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանություն, և այլն։

Պարզ ասած՝ մեր 29743 քկմ տարածքն իրականում այնքան էլ «կարմիր գիծ» չէ։ Ճիշտ է, տեսականորեն վերոհիշյալ փաստարկներից կարող է օգտվել նաև Հայաստանը, բայց հասկանալի է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մի դեպքում դա չի անի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30