Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դիմել էր Սահմանադրական դատարան օգոստոսի 19-ին: Թիվ ԵԴ1/0045/12/23 գործով Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ դատական ակտերով կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («պատժի կրման ընթացքում» ձեւակերպումը) եւ նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պատշաճ վարքի եւ կրկին անգամ հանցանքի գնահատման չափորոշիչների Դատարանների մեկնաբանումը եւ կիրառումը՝ առանց հաշվի առնելու օրենքի` 2017թ.-ից գործելու հանգամանքը՝ ճանաչել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող: Նա խնդրել էր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում քրեադատավարական օրենքի խախտման չափորոշիչ հանդիսացող «էական խախտում» եւ «կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը» ձեւակերպումների մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին հակասող, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող:
Ըստ նրա, դատարաններն առհասարակ չեն անդրադարձել իր բողոքում ներկայացված խտրական վերաբերմունքը հիմնավորող փաստերին: Դիմողի պնդմամբ՝ դատարանները, տեղեկացված լինելով չորս ցմահ դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մասին որոշումներ կայացված լինելու մասին, իր պատժի կրման ողջ ժամանակահատվածը գնահատելիս եզրահանգել են, որ վերջինս պատժի կրման ժամանակահատվածի վերջին տարիներին է միայն պատշաճ վարքագիծ դրսեւորել: Նշվածի հիման վրա դիմողը գտնում էր, որ վերջինիս պատժից պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից զրկելը հակասում է Սահմանադրության 28 եւ 29-րդ հոդվածներին: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստել է, որ այդ դիմումով Ենոքյանի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը, եւ անհատական դիմումով գործի քննությունը օգոստոսի 29-ին մերժել էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2024