Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը, ռուսը եւ աբխազը ուսանելով արտերկրում, ծավալում են նաեւ հասարակական գործունեություն համերկրացիների համար

Սեպտեմբեր 04,2024 12:30

Կամերային երաժշտությունը մշտապես կրել է իր ժամանակի գեղարվեստական միտումները, համընթաց քայլել արվեստում իշխող ուղղությունների հետ։ Հիմա արդեն դժվար է պատկերացնել, որ դարեր առաջ երաժշտություն լսելու համար անհրաժեշտ էր այցելել թատրոն կամ եկեղեցի։ Միայն 15-րդ դարում Եվրոպայում ձեւավորվեց երաժշտական արվեստի մի տարատեսակ, որը կատարվում էր տներում կամ մասնավոր սրահներում։ Այդ ժամանակ էր, որ բարձրաշխարհիկ հասարակության շրջանում ցանկություն առաջացավ վայելել ոչ եկեղեցական բովանդակությամբ երաժշտություն՝ ոչ հանդիսավոր պայմաններում։ Եվ կարելի է ասել, որ կամերային երաժշտությունը դա մտերմիկ երաժշտության ժանր է, որը մինչ օրս էլ կատարվում է կամերային միջավայրում (փոքր սրահներում), կամերային՝ փոքրաքանակ հանդիսատեսի համար։  Միայն 16-րդ դարից սկսած՝ կամերային երաժշտությունը սկսեց հստակ տարանջատվել եկեղեցական երաժշտությունից եւ մինչեւ այսօր, վստահ ենք՝ միշտ էլ բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործելու են այս ոլորտում։

«Նարեկացի» արվեստի միությունում վերջերս կայացավ կամերային երաժշտության հիանալի երեկո՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի եւ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ։ Նման հեղինակավոր ու հռչակավոր երաժշտանոցների երիտասարդ երաժիշտների բարձրարվեստ կատարումները կարելի էր ակնկալել՝ նույնիսկ համերգին ներկա չլինելով։ Այս դեպքում հայտագիրը «ձգում» էր նաեւ չորս ձեռքի համար գրված ստեղծագործությունների առկայությամբ, որոնց մեզ մոտ հաճախ չենք հանդիպում։

Տաղանդավոր երեք երաժիշտները տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին. դաշնակահարներ Նիկիտա Դեմիդենկոն՝ ռուս, Լանա Ադլեյվան՝ աբխազ, իսկ ջութակահար Պոլինա Շարաֆյանը՝ հայ։ Պոլինան եւ Նիկիտան ուսանում են Լոնդոնում, իսկ Լանան՝ Մոսկվայում։

Պոլինային, միանշանակ, ներկայացնելու հարկ չկա, նույնիսկ՝ երաժշտասերներին, որովհետեւ նա պրոֆեսիոնալ բեմում է 8-9 տարեկանից, հանդես է եկել հայաստանյան բոլոր նվագախմբերի ընկերակցությամբ, հիմա էլ հյուրախաղերով շրջում է ողջ աշխարհում։ Ի դեպ, երեւանյան համերգը Պոլինայի եւ Նիկիտայի գաղափարն է։

Նիկիտա Դեմիդենկոն, ինչպես ինքն ասաց՝ Լոնդոնում ուսանում է հայազգի պրոֆեսոր Տատյանա Սարկիսովայի ղեկավարությամբ, հետո էլ ժպտալով հավելեց, թե անվանի մանկավարժն իրեն ծանոթացրել է հայ դասական կոմպոզիտորների երկերին, նաեւ Կոմիտասի գործերին։ Նա Պոլինայի հետ իսկապես վարպետորեն հնչեցրին Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը։ Նիկիտան ու Լանան, որոնք առաջին անգամ էին համագործակցում, վարպետորեն կատարեցին Բրամսի «Հունգարական պարը»՝ չորս ձեռքի համար։ Իսկ Լանայի ու Պոլինայի մեկնաբանությամբ Ռավելի Սոնատ թիվ 2 ստեղծագործությունը պարզապես հրաշալի էր։

Հասկանալի պատճառով չենք կարող անդրադառնալ յուրաքանչյուր թե սոլո, թե դուետով ներկայացված գործերին, բայց այն, ինչը հիմա կներկայացնենք, վստահ ենք՝ հազվադեպ է պատահում կամ գուցե չի էլ պատահել։

Այսպես. հայ-ադրբեջանական վերջին կոնֆլիկտի օրերին, ինչպես հայտնեցին Նիկիտան ու Պոլինան, դիմել են Լոնդոնի թագավորական ակադեմիայի ռեկտորին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, այստեղ ուշադրություն՝ ոչ թե իրենց, այլ ակադեմիայում ուսանող հայ երաժիշտներին օժանդակելու նպատակով։ Ավելին, խնդրել են նաեւ իրենց տրամադրել դահլիճ համերգի համար եւ ողջ հասույթն ուղղել են Հայաստան։ Էլի մեկ, կարելի է ասել՝ չլսված քայլ. երիտասարդները ռեկտորին խնդրել են ակադեմիայի հայ ուսանողներին ապահովել կրթաթոշակով։ Նիկիտան ասաց նաեւ, որ սեպտեմբերին հայ երաժիշտների հետ ինքը մեկնելու է Հնդկաստան եւ 5 քաղաքում միասին հանդես են գալու կամերային երաժշտության համերգներով։ Հետաքրքրությանը, թե ո՞վ է հյուրախաղերի կազմակերպիչը, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ Անգլիայում ինքը հիմնել է երկու միություն։

Լոնդոնաբնակ մեր զրուցակիցները տեղեկացրին նաեւ, որ այս գարնանը Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում նույնպես բարեգործական համերգ են ունեցել՝ Ուկրաինային սատարելու նպատակով։

Բարեգործական կամ հասարակական գործունեությամբ ռուս եւ հայ իր գործընկերներից հետ չի մնում նաեւ Լանան։ Նա էլ ասաց, որ Հայաստան համերգային այցից առաջ բարեգործական համերգ է ունեցել, որի հասույթը տրամադրել է Աբխազիայի ծանր հիվանդ երեխաների բուժմանը։

Զրույցի ընթացքում Լանան հիացմունքով էր խոսում հայ ճարտարապետության մասին եւ երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ծանոթացել դրան, նա պատասխանեց, որ այս տարվա սկզբին ինքն այցելել է Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ, եղել է մեր երկրի մի շարք պատմական ու տեսարժան վայրերում։

Վերը շարադրվածը ներկայացնում է երաժիշտների հասարակական գործունեության փոքր մասը։ Գուցե կրկնվում ենք, բայց ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս ողջունել երիտասարդ երաժիշտների վերաբերմունքը, սրտացավությունը սեփական ժողովրդի եւ հայրենիքի հանդեպ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30