Պետք է փոխվի 3 դար իշխող փիլիսոփայությունը
«Հայաստանը պետք է ղեկավարի մի մարդ, որը կկարողանա միավորել, համախմբել հասարակությունը»՝ այդ արտահայտությունը մենք լսում ենք գրեթե ամեն օր: Տրամաբանությունը պարզ է՝ Փաշինյանը եկել է իշխանության եւ պահում է իշխանությունը՝ հասարակությունը պառակտելու միջոցով: Դա, անշուշտ, այդպես է: Հիմա նույնիսկ ընկերական կամ հարազատների միջավայրում մարդիկ խուսափում են խոսել քաղաքականությունից՝ բեւեռացումն այնքան ծայրահեղ է. որ ցանկացած նման քննարկում կարող է վերջանալ հարաբերությունների խզմամբ:
Բայց արդյո՞ք այդ իրավիճակի «հեղինակը» Փաշինյանն է, թե՞ նա պարզապես ՕԳՏՎՈՒՄ է գոյություն ունեցող պառակտումից: Ես ենթադրում եմ, որ երկրորդ տարբերակն է: Արեւուտքում այդ պառակտումը նույնպես ակնհայտ է: Արդյո՞ք մենք կարող ենք ասել, որ Բայդենը, Շոլցը կամ Մակրոնը համախմբել են իրենց հասարակությունները: Ո՛չ, իմ տպավորությամբ, նույն բեւեռացումն է, նույն արժեքային եւ, կասեի անգամ՝ ինքնության ճգնաժամը:
Համախմբման հնարավոր է հասնել երկու ճանապարհով՝ կա՛մ «անթաքույց», կարծր բռնապետությամբ, համընդհանուր ռեպրեսիաներով (որոնք Հայաստանի դեպքում բացառված են), կա՛մ 3 դար իշխող փիլիսոփայության փոփոխությամբ: Հենց փիլիսոփայության, ոչ թե գաղափարախոսության, որովհետեւ վերջիններս, օրինակ, ազատականությունն ու սոցիալիզմն ամբողջությամբ մտնում են այդ փիլիսոփայության մեջ:
Կարդացեք նաև
«Մենք ելնում ենք այն ակնհայտ (self-evident) ճշմարտությունից, որ բոլոր մարդիկ ծնված են հավասար», – 1776 թվականին ամրագրել են ԱՄՆ հիմնադիր հայրերը: Որտե՞ղ է այդ self-evidence-ը երեւում, որտեղի՞ց է գալիս, ո՞րն է դրա հիմքը: Եկեք ընդունենք, որ դա մի «ճշմարտություն» է, որն ապացուցելու վրա որեւէ ջանք չի թափվել:
Դե, եթե հավասար ենք, ապա ես իմ կրքերով, կամակորություններով, բնազդային ձգտումներով ոչ մեկից պակաս չեմ եւ սկզբունքորեն կարող եմ անել ամեն ինչ, եւ միակ բանը, որը կարող է խոչընդոտել իմ՝ դաժան գիշատիչ լինելու էության դրսեւորմանը, «հասարակական պայմանագիրն» է: Այդ «կոնտրակտը» որոշ չափով գործում էր մինչեւ 1914 թվականը, բայց դրանից հետո «պայմանագրային հարաբերությունները» խիստ կասկածելի դարձան: Մենք՝ հայերս, դրա մասին շատ լավ գիտենք:
Եթե հավասար ենք, ուրեմն «ժողովուրդը ստեղծում է իր գաղափարախոսությունը» (ինչպես ձեւակերպել էր ՀՀ վարչապետը), որի էությունը կարելի է ձեւակերպել այսպես՝ «ես իմ քյաբաբ-խաշլաման ուտեմ, իսկ մնացածի վրա խորապես թքած ունեմ»: Եվ դա միայն հայերի խնդիրը չէ՝ որեւէ «ժողովուրդ» այլ գաղափարախոսություն չի էլ կարող ստեղծել:
Վերջապես, եթե հավասար ենք, ապա ես իրավունք ունեմ ձգտելու իմ անձնական երջանկությանը (ինչպես էլ այն պատկերացնեմ) եւ փորձել դրա համար որեւէ գին չվճարել:
Պառակտումն, ի վերջո, գալիս է այդ փիլիսոփայությունից: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանն ընդամենը մեր հասարակության այլասերման խորհրդանիշն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2024
Ինչու՞ է բռնապետությունը Հայաստանում բացառված։ Ձեր համար լավ է ապրել բռնապետական Հայաստանում, թե՞ բռնապետական Ադրբեջանում