Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ: Հանդիպումը մեկնարկեց աղոթքով:
«Մենք ձեր եւ մեր բազմահազար ընկերների շնորհիվ կարողացանք պատմության այս հոլովույթում գեթ մեկ անգամ մեր հավաքական կամքը դրսեւորել եւ վերաազատագրել մեր հայրենիքը: Դա տեղի է ունեցել առաջին անգամ, մարդկանց շնորհիվ, որոնք որեւէ զինվորական պատրաստություն չունեին, զինվորական ծառայությունը, զինվորականությունը իրենց մասնագիտությունը չէր»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդը՝ անդրադառնալով ժամանակին ազատագրված Արցախին, այս տարվա սեպտեմբերի 2-ին Արցախի ներկայացուցչություն բազմաթիվ մարդկանց այցելությանը եւ օրվա խորհրդին:
«Դժբախտաբար 2020թ ո՛չ մեր զինված ուժերի կամ բանակի եւ հատկապես առաջնագծում կռվող տղաների պատճառով, այլ ուղղակիորեն անկազմակերպության եւ հավանաբար նաեւ քաղաքական որոշումների պատճառով մենք կրեցինք այն դառն պարտությունը եւ հասանք այսօրվան, երբ այլեւս Արցախ աշխարհը գողացված է մեզանից, որը պարզապես հողակտոր կամ տարածք չէ, այն ուղղակիորեն կապված է մեր կյանքի հետ, կենսափիլիսոփայության, մտածումների եւ ապրումների հետ եւ լայն իմաստով՝ մեր կենսագրության հետ… Մենք այսօր ապրում ենք գողացված ուրախության եւ գողացված կենսագրության պայմաններում:
Ես չեմ պատկերացնում մարդկանց, որոնք հատկապես մարտի դաշտից պատերազմական թատերաբեմից անցնելով՝ վիրավոր թե ֆիզիկական, թե հոգեբանական, եւ թե մեր ընկերների նահատակությունը տեսած՝ կհամարեն, որ իրենց կյանքում ոչ մի բան չի պատահել…Յուրաքանչյուրիս կենսագրությունն է խոցված:
Կարդացեք նաև
Այս ամբողջ ժամանակահատվածում մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել, այդուհանդերձ այսպիսի հանդիպում տեղի չի ունեցել՝ հանդիպելու մեր ազատամարտով անցած մեր քույրերի ու եղբայրների հետ, ազատամարտում վիրավորում ստացած մեր ընկերների հետ: Վիրավորումը ինձ համար միայն ֆիզիկական վիրավորումը չէ… Երեւի շատերը երանի են տալիս, որ զոհված ընկերոջ փոխարեն իրենք լինեին:
Այսօր մենք տեսնում ենք մեր աղճատված վիճակի բարձրագույն արտահայտությունը մեր Եռաբլուրում. Ընդարձակված ու երկու մասի բաժանված Եռաբլուր: Մի մասում մեր հերոսամարտով անցած հայրերն ու եղբայրներն են, որոնք ֆիզիկապես նաեւ հաղթանակ կնքեցին, մյուս մասում մեր զավակներն են, մեր տղաներն են, ովքեր թեպետ եւ հաղթած մեկնեցին, բայց պարտությունը մնաց մեզ»,-հավելեց սրբազանը:
Ի թիվս այլնի՝ նա խոսեց նաեւ հանդիպման պատճառներից, անդրադարձավ զոհված եւ վիրավոր ազատամարտիկներին, անհայտության մեջ գտնվող տղաներին. «Ինձ համար ամոթ է այսօր նայել թե Եռաբլուրում իմ ընկերների, եղբայրների աչքերին, եւ թե անցնել այն մարդկանց կողքով, ովքեր անցել են պատերազմի ճանապարհով, մարտի դաշտը չեն լքել, բայց խաղաղության պայմաններում իրենք են գտնվում լքվածության մեջ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ