Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թավշուտն 1-ին դասարանցի չունի․ գյուղի տղաները չեն ամուսնանում

Սեպտեմբեր 03,2024 19:33

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի առաջին դասարանցի չունի։

Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ալեքսան Սոխոյանն ասաց, որ նախորդ տարի ունեցել են 4 առաջին դասարանցիներ, այս տարի դպրոցը կարող էր իր դռները բացել մեկ առաջին դասարանցու համար, սակայն երեխայի ծնողներն աշխատում են Աշոցքում, հետևաբար և  նպատակահարմար են գտել նրան Աշոցքի դպրոց տանել։

Դպրոցի տնօրենը ցավով է արձանագրում, որ գյուղի երիտասարդների մեծ մասը չեն ամուսնանում, մոտ 30 չամուսնացած տղաներ կան։ Երիտասարդների մեծ մասը գյուղում չի էլ մնում, աշխատանք են գտնում Գյումրիում, Երևանում, հիմնական մայրաքաղաքում ու չեն վերադառնում, գյուղում հիմնականում մնում են տարեց մարդիկ։

Թե ինչու չեն ամուսնանում, Ալեքսան Սոխոյանն այս հարցի պատասխանը չունի։ Ըստ նրա, գյուղացիները սոցիալապես վատ վիճակում չեն։

«Սոցիալականը պատճառ չէ, որ չամուսնանան, մարդիկ կան գործ էլ ունեն, տուն էլ ունեն, բայց չեն ամուսնանում»,-մտահոգված ասում է դպրոցի տնօրենը։

Դպրոցն ունի 44 աշակերտ,  այս տարի 6 շրջանավարտ է տվել, որոնք բարձր միավորներով ընդունվել են հանրապետության տարբեր բուհեր, նրանցից երկուսը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, մեկը՝ տնտեսագիտական համալսարան, մյուսը՝ պոլիտեխնիկական համալսարան, կա նաև Վ․ Բրյուսովի անվան համալսարան ընդունված։

Հիշեցնենք, Թավշուտը 1924 թվականին հիմնված գյուղ է, այն հիմնել են Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածները։  Նրանք եկել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Սասունից։ Այստեղ մարդիկ որքան էլ վատ կյանքով ապրեն,  երբևէ սոցիալական պայմաններից չեն դժգոհում,  միայն նեղվում ու հուզվում են նախնիների ու պատմական հայրենիքի մասին խոսելիս։

Տարիներ շարունակ նրանց մտահոգության միակ թեման եղել է պապերի տուն՝ « ԷՐԳԻՐ» վերադարձը։ Այս  մասին միշտ բարձրաձայնել են միջոցառումների ժամանակ։

Նշենք, որ այս տարի առաջին դասարանցիներ չունեն Շիրակի մարզի 9 գյուղեր՝ Թավշուտը, Լեռնուտը, Կաքավասարը, Աղվորիկը, Արդենիսը, Գտաշենը, Զորակերտն ու Շաղիկը։

Մեծ մասն Ամասիա խոշորացված համայնքի գյուղեր են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30