ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արմեն Զոհրաբյանին։
Արմեն Զոհրաբյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սերժիկ Պետրոսյանին՝ վերջին երկու ամիսների ընթացքում Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի պարտականությունները կատարելու համար։
Նախարար Սանոսյանը, շնորհավորելով Արմեն Զոհրաբյանին, նշել է, որ Ճանապարհային դեպարտամենտը մեծ կարևորություն ունեցող հիմնադրամ է, որի աշխատանքների արագ և որակյալ կազմակերպումը ոչ միայն ճանապարհային ոլորտին է առնչվում, այլև իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունի այլ ոլորտների վրա նույնպես։ Նշվել է, որ Արմեն Զոհրաբյանը շինարարության բնագավառում երկար տարիների փորձ ունի, քաջատեղյակ է ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, նույնպես շնորհավորելով պարոն Զոհրաբյանին նոր պաշտոնում, ընդգծել է, որ անելիքները շատ են, և ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է հիմնադրամի անձնակազմի և նորանշանակ գործադիր տնօրենի համախմբված աշխատանքն ու նվիրումը գործին։
Կարդացեք նաև
Արմեն Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ կանի առավելագույնը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի հետ նախանշված ծրագրերն իրականացնելու գործում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կայացած կառույց է, որտեղ աշխատում են բանիմաց մասնագետներ, և պետք է փորձենք միասին առաջ ընթանալ»,- ասել է կառույցի նորանշանակ ղեկավարը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ