Դատարանին հնարավորություն է տրվում հենց սկզբից մերժել ակնհայտ անհիմն հայցադիմումի ընդունումը: Օրենքի նախագծում սահմանված են նաեւ ակնհայտ անհիմն համարվող հայցերը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխություններն ուղղված են վերանայելու այն մոտեցումները, որոնք կիրառվել են պետական տուրքեր գանձելիս վեճերը քննելու ժամանակ:
Փոփոխությունն առնչվում է պայմանագրերի անվավերության վիճարկման համար գանձվող պետական տուրքին, որը վերաբերելու է բացառապես ձեռնարկատիրական գործունեությունից կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում գանձվող տուրքերին: Առաջարկվում է կիրառել առաջին ատյանում պայմանագրի գնի 3 տոկոսի չափը, իսկ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում առաջին ատյանում գանձված տուրքին գումարած համապատասխանաբար 30 եւ 40 հազար դրամի չափով:
Զեկուցողի խոսքով ներկա կարգավորումներով կողմը կարող է ընդամենը 20 հազար դրամ տուրքը վճարել եւ ստեղծել բիզնես վեճ, որն անգամ իր ընկալմամբ էլ վեճի փաստարկներ չունի, սակայն, այդ վեճը ստեղծելով, ներկայացնում է անվավերության պահանջ, մյուս կողմին էլ ներքաշում է դատական գործընթացների մեջ՝ սառեցնելով մի քանի միլիոնանոց գործարքներ: Սրանով էլ պայմանավորված՝ փոփոխությունը վերաբերում է ոչ թե քաղաքացիների ընդհանուր պայմանագրային, այլ ձեռնարկատիրական գործունեության կամ կորպորատիվ իրավահարաբերությունների վեճերին:
Կարդացեք նաև
Փոփոխություններ են նախատեսվում նաեւ պարզեցված վարույթների, վարչական ակտերի վիճարկման դեպքում կիրառվող տուրքերի վերաբերյալ:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ ներկայացված նախագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, ինչն էլ կանեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ