«Ընդդիմության միասնականության հարցն էլ մինչեւ վերջ լուծված չէ, մինչեւ այժմ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնց թվում է, թե նախկիններին մեղադրելը շահավետ գործողություն է։ Այո, շահավետ է՝ Նիկոլի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։
ՀՀԿ գրասենյակում այսօր Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։
Կարդացեք նաև
Նաեւ համաժողով էր հրավիրվել՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով։
Արտակ Զաքարյանը հուսով է, որ ընդդիմության անընդհատ փորձերը ինչ-որ մի արդյունքի բերելու են, մանավանդ, որ հասարակությունն էլ հաշտ չէ իշխանության գործողությունների հետ։
Նրա կարծիքով, եթե գործող իշխանությանը հեռացնելու հարցը հնարավոր լիներ լուծել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, այսօր այս ցուցահանդեսն ու համաժողովը Ստեփանակերտում կանեինք։ Եթե հաջողության հասներ Դիմադրության շարժումը՝ մենք ակնհայտորեն այլ իրավիճակում կլինեինք։
Հիմա էլ, բանախոսի դիտարկմամբ, իշխանությունը գնում է սահմանադրական փոփոխությունների՝ նաեւ իրավաքաղաքական մասով փորձում են կտրել Հայաստանի ինքնուրույնության, հայ ժողովրդի հավաքական իղձերի հետ կապված բոլոր խնդիրները։ Պաշտպանության նախկին փոխնախարարը գտնում է, որ գործող իշխանությունը փորձելու է նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունները պահել լարվածության այն աստիճանի, որ անընդհատ պատերազմով վախեցնեն մարդկանց։
«Իրենք նպատակը դրսից օգտագործվելն է՝ օգտագործելով սեփական ժողովրդին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը երեկ խոսել էր Հայաստանի զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ ՀՀ իշխանությունն այդպես էլ չպատասխանեց ադրբեջանցի պաշտոնյային։ Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, Արտակ Զաքարյանն ասաց․ «Հաջիեւը ղալլաթ է անում, որ նման բաներ է խոսում»։ Ապա հավելեց․ «Ի՞նչ են ասում ադրբեջանցիներն, այդքան էական չէ, որքան էական է, թե ի՞նչ է ասում հայ ժողովուրդը՝ ուզու՞մ է ապրել վախեցած, կռացած, ինչպես Նիկոլն է պարտադրում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ