Նիկոլ Փաշինյանը օրերս այցելելով դպրոցներից մեկը՝ մի շարք դիտարկումներ էր արել, որոնք կրթության ոլորտի մարդկանց շրջանում տարակուսանք են առաջացրել: Օրինակ, ասել էր, որ դպրոցների վերաբերյալ կոթողացված վերաբերմունք կա, մինչդեռ պետք է դպրոցին նայել որպես լավ ապրելու միջոցի:
«Արդյոք մենք ապրո՞ւմ ենք այն արժեքներով, որոնց մասին հայտարարում ենք, թե դա ընդամենը պաթոս է, որի վերաբերյալ բոլորովին ուրիշ ընկալում կա…Պաթոսը նրա համար է, որ դրա հետեւում չխորանանք մեր իսկ պրոբլեմների մեջ…Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար»,-ի թիվս այլնի՝ ասել էր Փաշինյանը:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց կրթության ոլորտի փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանից: «Նիկոլ Փաշինյանի խոսքը կարելի է մեկնաբանել կառավարության քաղաքականությունը կրթության նկատմամբ վերլուծելու արդյունքում: Իսկ կառավարության վերաբերմունքը կթական համակարգին այն է, որ պետք է հնարավորինս շատ դպրոցներ վերանորոգել կամ կառուցել: Եվ այս ամբողջը վերաբերվում է ձեւին ու ոչ թե բովանդակությանը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս որ ձեւը, այսինքն` բարեկարգ շենքը, բակը, մնացած բաները կարող են առավելագույնը ապահովել կրթության որակի 10 տոկոսը, բովանդակությունը՝ ավելի քան 90 տոկոսը: Վերջին 5-6 տարիներին կրթական համակարգում ընկած ենք ձեւի հետեւից եւ անընդհատ կորցնում ենք կրթության բովանդակության մեջ: Արդյունքում ստացվել է, որ օրինակ, վերջին տարիներին անընդհատ անկում ունենք շրջանավարտների թվի, որոնք ընդունվում են բուհեր. վերջին 5 տարում ուսանողների թիվը բոլոր բուհերում պակասել է 12 տոկոսով, պրոֆեսորադասախոսական անձնակազմի թվաքանակը՝ 15 տոկոսով:
Կարդացեք նաև
Վերջին տարիներին 5 շրջանավարտ-դիմորդներից մեկը բացասական գնահատական է ստանում հայոց լեզվից, 4-ից 1-2-ը մաթեմատիկայից: Մենք այլևս արագ տեմպերով կորցնում ենք ընդունված ավանդույթները, այլեւս հարգված չէ ուսուցչի աշխատանքը՝ աշխատավարձի պատճառով: Մի երկրում, որտեղ ոստիկանը կարող է 2 անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ուսուցիչը, այդ երկրում չի կարող լինել կրթության եւ ուսուցչի նկատմամբ հարգանք:
Մի վտանգավոր բան էլ կա՝ այսպես ասած նոր չափորոշիչներ բառակապակցության ներքո խաթարվում է արժեքային համակարգը, որր դրվում է դպրոցում: Նույնիսկ հակասություն կա ուսուցիչների եւ աշակերտների միջեւ եւ այն դասագրքերի, որոնցով պետք է դասավանդեն: Ուսուցիչները այլ արժեքային համակարգ են կրում, իրենց տալիս են լրիվ այլ ձեւի դասագրքեր, ասում են՝ գնացեք եւ պարապեք այդ դասագրքերով նոր եկող սերնդի հետ»:
Ատոմ Մխիթարյանը հավելում է. «Անընդհատ ասվում է, որ քաղաքականությունը չպետք է ազդի կրթության վրա, մինչդեռ սա քաղաքական մտածողության ուղղակի ազդեցություն է կրթության վրա: Այս մարդու թելադրանքով, որը չունի բարձրագույն կրթություն եւ որեւէ կապ պատմության հետ, փոխվում են պատմության բոլոր դասագրքերը: Հիշեք պաթոսի ու հայրենասիրության մասին նրա մտքերը… Այս իշխանությունների վարած քաղաքականությունը բերում է նրան, որ մանկավարժական մասնագիտությունների գծով դիմորդներ չունենք, դպրոցներում առարկաներ կան, որոնց գծով մասնագետներ չունենք, որովհետեւ մարդիկ լսում են այս խոսքերը, իրականության մեջ տեսնում են կառավարության ծրագրերը՝ ասֆալտները եւ մնացած բաները ու չեն ուզում ուսուցիչ դառնալ: Այս ամբողջը բերում է մեր արժեքային համակարգի ձեւախեղման: Եվ հայրենասիրություն հասկացությունն էլ է փոխվում, հայրենասիրությունը դառնում է այն, որ առեւտուր անենք հարեւանների հետ, հարկ վճարողին հայտարարենք հերոս: Այս ամենը մեծ ազդեցություն է ունենում մեր կրթահամակարգի վրա արժեհամակարգի տեսանկյունից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ատոմ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից