«Այնպես են անում, որ Արցախի ոչ ԱԺ-ն կարողանա գործել, ոչ կառավարությունը, ոչ էլ նախագահի գործունեությունն են ապահովում։ Էլ չեմ խոսում գերիների մասին, որ մոռացել են, անգամ հնարավորություն չեն օգտագործում այդ մարդկանց վերադարձնելու Հայաստան»,- անդրադառնալով ՀՀ կառավարության՝ արցախցիների նկատմամբ վերաբերմունքին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Անդրադառնալով հարցին, թե Փաշինյանը, անդրադառնալով արցախահայության՝ Արցախ վերադարձի հարցին, նշել էր, որ այն ընկալումներով, որոնցով փորձում են առաջնորդվել արցախահայության վերադարձի հարցում՝ իրատեսական չէ եւ հակոտնյա է ՀՀ պետական շահին, Աննա Մկրտչյանն ասաց․ «ՀՀ քաղաքացու և հայ ժողովրդի շահերը վնասում են իր աթոռի պահպանությանը։ Հետաքրքիր է՝ Շուշիում պար բռնելուց ինքը չէր վնասո՞ւմ ՀՀ-ի շահը, երբ այդ բեմադրություններն էին կազմակերպում՝ իբր որդու՝ Արցախում ծառայելու հետ կապված, Էրատոյի բանակային կյանքից։ Դրանք չէին վնասո՞ւմ հայկական շահը։ Հիմա ինքը թաքցնելու բան չունի։ Հիմա ինքն ուղիղ ասում է՝ Արցախ չի լինելու, ինքը ոչ մի դիմադրություն ցույց չի տալու ադրբեջանցիներին․ որտեղ կուզեն, այնտեղ էլ կկանգնեն։ Այս դատարաններն էլ հենց դրա համար են ստեղծված, որ այն դիմադրությունը, որ ինչ-որ խմբեր, անհատներ փորձեն ցույց տան, նրանց վրա կարեն քրեական գործեր»։
Հարցին՝ միջազգային հանրության օրակարգում կա՞ արցախցիների վերադարձի հարց, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Երբ Հայաստանի օրակարգում հայերի շահերի, ՀՀ քաղաքացիների պաշտպանություն չկա, երեկ չեն էլ նկատել, որ սեպտեմբերի 2-ն է, որևէ հայտարարություն չեն էլ արել, ումի՞ց ենք ակնկալում՝ Պուտինի՞ց, Բորելից, թե՝ էլ ո՞վ պետք է խոսի։ ԵԱՀԿ համանախագահ բոլոր երկրների պաշտոնյաները խոսում են նրա մասին, որ արցախահայերի իրավունքների երաշխիքների բազա ստեղծեն, իսկ ՀՀ կառավարությունը գումար է հայցում, որ արցախահայերին կարողանա ինտեգրել ՀՀ-ում։ Սա ի՞նչ է նշանակում՝ ինտեգրում՝ այսինքն՝ որևէ վերադարձի հնարավորություն ինքն իր համար չի նախատեսում, էլ չասեմ, թե ինտեգրումն ինչ անարժանապատիվ կերպով են իրականացնում»։
Հարցին՝ ինչո՞ւ հենց Արմեն Աշոտյանը, պատգամավորը պատասխանեց․ «Բոլոր այն մարդիկ, որոնք պայքարում են Նիկոլի դեմ և հանուն ճշմարտության, իրենց թիրախում են։ Թույլ տվեք՝ անցյալ դատական նիստին հարցաքննված վկայի բառերից ասեմ։ Էդ անձնավորությունն ամեն ինչ ասել է իմ, կամ որևէ այլ քաղաքացու փոխարեն։ Ցավում եմ, որ դատախազությունն առարկել է, որ այդ նիստերն ուղիղ եթերով մեր քաղաքացիները հնարավորություն ունենան տեսնելու։ Վկան ասաց՝ մենք բոլորս գիտենք, որ Արմեն Աշոտյանը հետապնդվում է իր լայվերի համար։ Ամեն նիկոլական ստից հետո նա լայվով ցույց էր տալիս այն փաստաթղթերը, ապացուցողական բազան՝ հիմնավորելով, թե սա ինչ մակարդակի սուտասան է։ Վկան ասաց, որ իրեն քննչական կոմիտեում մի քանի քննիչներ տարել են սենյակներ, բաներ բացատրել, ուղղակի հանցագործության մասին հաղորդում է տալիս, բայց դատախազների պետքը չէ։ Սա Արմեն Աշոտյանի գլխին սարքած քրեական գործի որակն ու մակարդակն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ