Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն իր ասուլիսում պարզ գործարք առաջարկեց Ադրբեջանին, Ալիեւն էլ հավանաբար խաղադրույքները բարձրացրեց․ առաջիկայում նոր զիջում կլինի». Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 03,2024 13:56

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին, որի տեքստը հրապարակվել է երեկ։

«Նախ այդ փաստաթուղթը պետք է լիներ մինչեւ Հայաստանի թեկուզ մեկ զինվորի հետ քաշումը գործող սահմաններից եւ շփման գծից։ Առանց դրա ինչ արվել է, արվել է ապօրինի»,- ասաց նա։

Անդրադառնալով այդ փաստաթղթի բովանդակությանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է հղում կատարվում Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ «Ալմա-Աթայի հռչակագրում, ինչքան էլ ՔՊ-ականները պնդեն, որեւէ հղում չկա վարչական սահմաններին։ Ես թե հանձնաժողովում քննարկումների ժամանակ, թե լիագումար նիստում ասել եմ՝ եթե դուք հղում եք կատարում վարչական սահմանների վրա, ցույց տվեք՝ այդ տեքստում որտե՞ղ եք դուք տեսնում վարչական սահմաններ արտահայտությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանը վկայակոչում էր, որպեսզի իբրեւ թե ցույց տար, որ Սովետական միության փլուզման պահին Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում, որը, ի դեպ, մերժվեց թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Դա է պատճառը, թե ինչու է Ադրբեջանը դեռեւս 2008 թվականից այդ թղթի կտորն առաջ մղում։ Այդ թղթում ընդամենը գրված է՝ բոլոր երկրները, որոնք անդամակցում են ԱՊՀ-ին, ճանաչում են մեկ մեկու տարածքային ամբողջականությունը, բայց դա ունիվերսալ սկզբունք է։ Այլ խնդիր, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը տվել է իր խորհրդատվական կարծիքը, համաձայն որի՝ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ որեւէ ազգի կողմից անկախություն հռչակելուն, ինչն արվել է Արցախի Հանրապետության կողմից»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ սահմանների հատվածական սահմանազատում ու սահմանագծում չպետք է լինի, դա պետք է իրականացվի ամբողջ գծով։ Ադրբեջանը կարող է Հայաստանին պարտադիր զիջում ինչ-որ հատվածում՝ խոստանալով համարժեք զիջման գնալ մեկ այլ հատվածում։ Հայաստանը կարող է հավատալ, իսկ Ադրբեջանը հերթական անգամ կարող է խաբել ու ծուղակը գցել։ «Դրա համար մենք կարծում ենք, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինի ամբողջ պարագծով։ Այդ թղթում, որը ներկայացված է, գրված է, որ հատվածական է լինելու, դրա հիման վրա կազմվելու է արձանագրություն, եւ այդ հատվածը համարվելու է սահմանազատված։ Այն, ինչ եղավ Կիրանցում։ Եթե կան վիճելի հատվածներ, այդ վիճելի հատվածները կարող են առանձնացվել, դրան անդրադառնալ վերջում։ Ճիշտ այնպես, ինչպես առաջարկվում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից 2017 թվականին մշակված փաստաթղթում։ Մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ սկզբունքով չառաջնորդվեց Հայաստանը, երբ, իրենց ասած այդ անտրամաբանական տերմինով, վերարտադրում էին սահմանը Կիրանցում։ Դպրոցից մի քանի մետրի վրա է անցնում սահմանը, Փաշինյանը գնում ասում է՝ երբեք ավելի ապահով չեն եղել։ Իր տրամաբանությամբ որ առաջնորդվեն, թուրքերն ինչքան մոտ, այնքան լավ։ Սահմանը բեր Երեւանով անցկացրու, տեսեք, ինչքան ապահով կլինենք»,- ընդգծեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ճիշտ կլինի, որ այս փաստաթղթում հստակ գրվի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծի ճշգրտումը բացարձակապես չի կարող վերաբերվել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավորմանը եւ Արցախի Հանրապետության տարածքին։

«Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ պարզ գործարք առաջակեց Ադրբեջանին՝ ասաց դուք ուզում եք, որ ես Սահմանադրությունը փոխեմ, ես դա կփոխեմ 2027 թվականին։ Որպեսզի 2027 թվականին ես լինեմ դա ստորագրողը, պետք է մի բանով ինձ աջակցեք, եւ առաջարկեց մի հատ թուղթը վերցնել, 17 կետից 13-ն առանձնացնել, առանձին թուղթ կազմել, որի վրա մեծ տառերով պետք է գրված լինի խաղաղություն՝ անկախ նրանից, թե բովանդակությունը ինչ կլինի։ Բայց Փաշինյանն ուզում է իրենց Չեմբեռլենի տեղը դնել, այդ փաստաթուղթը թափահարել ու ասել՝ ես խաղաղություն եմ բերել։ Փաշինյանը առաջարկեց գործարք, Ադրբեջանը հավանաբար խաղադրույքները բարձրացրեց, եւ առաջիկայում նոր զիջումներ կարող են լինել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30