News.am Անկախ քաղաքացու՝ գործող իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, պետությունը պարտավոր է զբաղվել իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
–Եկեք պարզապես թվարկենք այն գործիքակազմը, որ պետությունը, ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի, կարող է ձեռնարկել այլ երկրում ձերբակալված իր քաղաքացիներին ազատ արձակման համար:
-Առաջինն ու ամենակարևորը՝ նրանց ազատ արձակման վերաբերյալ արդյունավետ բանակցությունների վարումն է: Դա պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլ ոչ թե շնորհ պետության կողմից: Անկախ նրանից, թե Ռուբեն Վարդանյանը կամ մեկ ուրիշ ՀՀ քաղաքացի ինչպիսի վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, պետությունը պարտավոր է զբաղվել ապօրինի կալանավորված իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Եվ եթե պետությունը չի իրացնում իր այդ պոզիտիվ իրավունքը, դա նշանակում է ձախողում է իր կարևոր գործառույթներից մեկը: Ուզում եմ հուսալ, որ վարչապետի նշած ամենօրյա աշխատանքը հենց այս գործառույթի իրականացմանն է վերաբերում:
Մյուս կարևոր կետը՝ ձերբակալված անձանց ամեն կերպ հյուպատոսական ծառայության հասանելիության ապահովումն է: Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, կառավարությունը կարող է լիազորել երրորդ երկրի իր անունից հյուպատոսական ծառայություն մատուցելու իր կալանավորված քաղաքացիներին: Եվ այդ երրորդ երկիրը կարող է ներկայացուցիչ կամ անգամ իր դեսպանին ուղարկել՝ ծանոթանալու բանտարկյալների պահման պայմաններին, փոխանցել նամակներ, ծանրոցներ, գրքեր:
Կարդացեք նաև
Կառավարությունը իրավասու է նաև մասնավոր դիվանագիտական խողովակների կամ նորից երրորդ երկրի միջոցով բանտարկյալներին պահող երկրին իր մտահոգությունները հայտնել նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասով:
Եթե դիվանագիտական ջանքերն օգուտ չեն տալիս, կառավարությունը կարող է հրապարակավ իր ձայնը բարձրացնել, դատապարտել իր քաղաքացիների ապօրինի կալանքը, հայտարարություններ անել նրանց անհապաղ ազատ արձակման մասով, խնդրի վրա հրավիրել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը, դիմել միջազգային իրավասու ատյաններին ու կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի:
Ահա սրանք այն հիմնական քայլերն են, որոնք պարտավոր է ձեռնարկել յուրաքանչյուր պետություն, եթե իր քաղաքացիներն ապօրինի պահվում են մեկ այլ երկրի կողմից: Ինչպես տեսնում եք նշված քայլերը լրիվ ծավալով չեն իրականացվել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: