Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու հարց չկա, Նկարիչների միությունն այս նախագիծը դրական է ընդունել»․ Սիսակ Գաբրիելյան

Սեպտեմբեր 03,2024 12:09

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է պետականացնել Հայաստանի գրողների, Նկարիչների եւ այլ միությունների շենքերը։

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ վերջին շրջանում ավելի նկատելի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակության գույքերը՝ մարզադաշտեր, պետական այլ կառույցներ, անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ։ Եվ դրանց մեծ մասն արդեն իսկ օտարված են, եւ այդ շենք-շինությունների փոխարեն կառուցված են այլ շենք շինություններ։ «Ավելի քան 27 հազար կտոր գույքի մասին է խոսք գնացել, որ անկախությունից հետո մինչեւ մեր օրերը մասնավորեցվել են։ Որոշ դեպքերում այդ հասարակական կազմակերպությունները գործել են ընդամենը թղթի վրա, եւ նրանց թիկունքում կամ իրական շահառուները եղել են բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները։ Օրինակ՝ բոլորովին վերջերս պարզեցինք, որ «Սպարտակ» մարզադաշտն է օտարվել։ Այս գույքը նույնպես, մեր կարծիքով, հանդիսանում էր ՀՀ պետական սեփականություն»,- ասաց նա։

Պատգամավորն ասաց, որ այս նախագծով առաջարկում են գոնե կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը։ Ուսումնասիրում են մինչեւ 1947 թվականի փաստաթղթերը։ «Եվ բոլոր այն դեպքերում, երբ մենք կարծում ենք, որ պետության սեփականությունը մեր գնահատմամբ ոչ իրավաչափ եղանակով է անցում կատարել իրավաբանական անձանց, գրավոր դիմում ենք գլխավոր դատախազությանը։ Եվ գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով նաեւ ունի հայցեր դատարաններում, որպեսզի այդ գույքը կրկին անցնի ՀՀ սեփականության ներքո։ Որեւէ մեկից որեւէ սեփականության իրավունք խլելու հարց չկա, որեւէ մեկը չի պատրաստվում այդ մշակութային կամ մարզական շենք-շինությունները պետականացնել եւ հետո վաճառել այլ մասնավոր անձանց։ Ավելին, մենք այս ընթացքում մի շարք կազմակերպություններից ստացել ենք գրավոր եւ նաեւ հեռախոսազանգեր, որոնք ողջունել են այս նախագիծը։ Եվ իրենք էլ են կարծում, որ, այո, իրենց գործունեությունը պետք է միտված լինի հանրօգուտ գործունեության։ Մասնավորապես, նույն Նկարիչների միությունն այս նախագիծը դրական է ընդունել, եւ իրենք էլ են կարծում, որ Նկարիչների միության շենքը պետք է ծառայի բացառապես նկարիչների համար եւ որեւէ դեպքում չի կարող օտարվել»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը հավելեց, որ կանցկացվեն հանրային լսումներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30