Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանն աշխատում է 100 տոկոս հզորությամբ, ինչը եզակի դեպք է՝ վերագործարկումից հետո. Էդուարդ Մարտիրոսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2024 11:32

Oգոստոսի 30-ի երեկոյան՝ 22։00-ի սահմաններում, Երեւանի տարբեր շրջաններում, նաեւ՝ մարզերում, հերթական հոսանքազրկումները տեղի ունեցան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ավելի ուշ հաղորդեց, որ դրանք վթարային անջատումներ էին, որոնց պատճառը Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն էր։

Իսկ տարածքային կառավարման նախարարությունը մեկ օր անց հաղորդեց, որ ատոմակայանի կանգի պատճառը կայծակի հարվածն է եղել, որի հետեւանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի. «Անվտանգության համակարգերը գերզգայուն են եւ արձագանքում են ցանկացած իրավիճակի․․․ Սա եւս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ եւ տվել են ակնկալվող արդյունքը»։

«Հրապարակը» միջադեպի կապակցությամբ հարցեր ուղղեց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն, ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, որը հաստատեց՝ այո, եղել է խնդիր, ատոմակայանն անջատվել է եւ հաջորդ օրը՝ 14։05-ին, կրկին ցանց է մտել։

– Ատոմակայանը դուրս է եկել էներգահամակարգից։ Ի՞նչ է սա նշանակում, եւ որքանո՞վ կարող ենք հանգիստ լինել վերջինիս անվտանգության համար։

– Ատոմակայանն իրավունք ունի վթարային անջատումներ իրականացնելու։ Ատոմակայանը տեխնոլոգիական բարդ գործընթացներով եւ բարդ սարքավորումներով օժտված նուրբ օրգանիզմ է, միջուկային ռեակտորի հետ գործ ունենք, որը զգայուն է տարբեր գործոնների նկատմամբ, եւ մենք, ելնելով անվտանգային նկատառումներից, չենք կարող թողնել, որ այն սթրեսային իրավիճակներում աշխատի։ Մենք անջատում ենք, մինչեւ որ սթրեսային իրավիճակից դուրս գանք, հետո նորից աշխատեցնում ենք։ Սա` մեկ։ Երկրորդ․ մեր խնդիրն ընդամենը եղել է մեկ օր, նույնիսկ 1 օր էլ չի տեւել։ 21։55-ին ցանցից դուրս ենք եկել, 14։05-ին ցանց ենք մտել։

– Վերջերս շատ են լինում անջատումներ, դա կապ ունի՞ ատոմակայանի աշխատանքի հետ։

– ՀԷՑ-ին դիմեք, գուցե իրենց համակարգերից է։ Արեւային համակարգերն այսօր մեր էներգահամակարգի մոտ կեսն են կազմում, հատկապես՝ ցերեկային ժամերին, որոնց հետ ատոմակայանը գործ չունի։ Մենք ընդամենը էլեկտրաէներգիա ենք արտադրում, տալիս ենք բարձրավոլտ էլեկտրացանցերին։ Բարձրավոլտից հոսանքը հասնում է ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը տալիս է սպառողին։ Ձեր ասածը ՀԷՑ-ի խնդիրն է։ Ատոմակայանն ընդամենը մի քանի ժամ չի եղել ցանցում, իսկ դուք մի քանի ամսվա խնդիր եք նշում։ Ատոմակայանն աշխատում է 100 տոկոս հզորությամբ, ինչը եզակի դեպք է՝ վերագործարկումից հետո։ Անվտանգային խնդիրներ չկան, իսկ եթե խնդիր է լինում, ինչպես արդեն բացատրեցի, այն կարող է անջատվել ցանցից։ Ուրիշ պետությունները, որտեղ ատոմակայաններ չկան, էլեկտրաէներգիա չունե՞ն։ Ունեն, չէ՞։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30