Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ փոփոխությունները՝ դատապարտյալներն իրենց մոտ են հրավիրում գլխավոր դատախազին

Սեպտեմբեր 03,2024 11:14

Չնայած կառավարությունը վերջերս շատ է բարձրաձայնում, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատժիչ  քաղաքականությունից անցնում են սոցիալականացման, սակայն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման շեմին գտնվող դատապարտյալներն այլ բան են ասում։ Ըստ նրանց՝ արդարդատությունը վերահսկող մարմիններից մեկը՝ դատախազությունը, կարծես չի ուզում անցնել այլ քաղաքականության․․․

Դատախազը դատարանում ծաղրել է դատապարտյալին

57-ամյա Վալերի Թումասյանն արդեն 8 տարի անզատության մեջ է։ Սպանություն համար դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։  Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը մերժեց նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատել։ «Դատավորը մեղք չունի, դատախազն էր իրեն նենց պահում, կարծես իր թշնամին լինեի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վալերի Թումասյանը։

Քրեակատարողական ծառայության զեկույցը դրական է՝ 33 միավոր, պրոբացիայի ծառայության զեկույցը բացասական է։ «Դա էլ չեմ կարողանում հասկանալ։ Պրոբացիան ասում է՝ դու Ռուսաստանում գողության համար դատվել ես, հիմա էլի կարող է ազատվես ու գողություն անես։ Ես էլ ասում եմ՝ ախպեր ջան, 20 տարի առաջ կատարվածը խի՞ եք հիմա  հիշում։ Այն ժամանակ ջահել էի, հիմա արդեն 60-ին մոտ եմ»,-զայրացած ասում է Վալերը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ թատերական միավորման անդամ է, մասնակցում է մարզական ու կրթա-մշակութային բոլոր միջոցառումներին, շփվող է, չի ընդունում քրեական ենթամշակույթը։

Թումասյանը վրդովված է դատախազ Աշոտ  Խաչատրյանի պահվածքից՝ նույնիսկ բողոքի դիմում է գրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ «Ասացի՝ ազատվեմ, ուզում եմ ամուսնանալ, ծիծաղեց, ասաց՝ դու քեզ նայե՞լ ես, 60 տարեկան ես, ո՞վ է հետդ պսակվելու։ Հետո, պատասխանելով դատավորի հարցին, ասացի՝ աշխատելու եմ անպայման, դատախազը մեջ ընկավ՝ ասելով, աշխատողը բանտում էլ կաշխատի»,-պատմում է Վալերի Թումասյանն ու շարունակում․ «Լավ, այստեղ որտե՞ղ աշխատեմ։ Պիտի ճաշարանում աշխատեմ՝ ինձ թույլ չեմ տա՝ նախ հիվանդ եմ, հետո պիտի ճաշեր բաժանեմ՝ սայլակը քշեմ, առողջությունս չի ների։ Այլ գործ չկա, դատախազները այդքանը չգիտե՞ն, թե չեն ուզում հասկանալ»։

Չնայած կառավարությունը հատկապես վերջին տարիներին բարձրաձայնում է, որ   քրեակատարողական հիմնարկներում պատժիչ քաղաքականությունից անցել է վերասոցիալականացման, սակայն պատիժ կրող անձինք դա դեռ չեն զգում։ «Եթե առաջ ոգեւորված մասնակցում էին կազմակերպվող միջոցառումներին՝ մոտիվացվելով, որ պայմանական վաղաժամկետ ազատմանը կնպաստի, համ էլ մի բան կսովորեն, կսոցիալականացվեն, հիմա ցանկություն չունեն մասնակցելու։ Ասում են՝ դե որ 38 միավորով դատախազը դեմ է ազատվելուն ու դատարանում ծաղրում է, գանք ի՞նչ անենք»,-նշում է  քրեակատարողական հիմնարկներից մեկի պաշտոնյաներից մեկը, որը, հասկանալի պատճառով, չցանկացավ նշենք անունը։

Տարբերակված ու չտարբերակված մոտեցումների՞նչ է առաջարկվում փոխել

Պատիժը կրելիս՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգն արդարադատության նախարարությունը արդեն շրջանառության մեջ է դրել։ Հայեցակարգում միջոցառումների մասնակցության համար սահմանվել են առանձին չափորոշիչներ։ Սա, ըստ նախագծի հեղինակների,  ներկա գործընթացի համեմատ բավականին բարելավում է նշանակում։ Այսպես, ներկա կարգավորմամբ, զեկույցում միանման գնահատում է սահմանվում մեկ կամ օրինակ՝ 10 միջոցառման մասնակցություն ունեցող դատապարտյալների համար, որն ակնհայտորեն իջեցնում է դատապարտյալի մոտիվացիան միջոցառումների մեջ ընդգրկվելուն։ Սա էլ իր հերթին  հանգեցնում է ոչ օբյեկտիվ եւ չտարբերակված մոտեցման։ Իսկ նոր հայեցակարգով՝ պատիժը  կրելու ընթացքում մարզական կամ կրոնական միջոցառումներին մասնակցելու համար սահմանվում է առանձին չափորոշիչ եւ ցանկացած մասնակցության դեպքում դատապարտյալը գնահատվում է 0.5 միավոր։

Գործող ընթացակարգով՝ տարբերակված մոտեցում սահմանաված չի  ինքնագործ միավորումներին ընդգրկված լինելու եւ պարզապես մեկ անգամ մասնակցություն ունենալու եւ ինքնագործ միավորումներին ընդգրկված լինելու եւ ակտիվ նախաձեռնություններ իրականացնելու միջեւ։ Սա էլ արդարացի չէ, ու առաջարկվում է սահմանել 5 միավոր՝ ինքնագործ միավորումներին ընդգրկվելու համար սահմանել առանձին չափորոշիչ եւ դրանցում ընդգրկվելու ու դրանց կազմում ակտիվ գործունեություն ծավալելու, նախաձեռնողականություն դրսեւորելու դեպքում:

Ներկայում՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալի զեկույցում անձական զարգացմամբ զբաղվելու հանգամանքը գնահատվում է վերասոցիալականացման մասնակցության հետ մեկտեղ, մինչդեռ գիտական, ստեղծագործական, սպորտային ոլորտում անձնական զարգացմամբ զբաղվելու հանգամանքը կարող է կարեւոր նշանակություն ունենալ անձի՝ կրկնահանցագործության ռիսկայնության տեսանկյունից։ Առաջարկվող փոփոխությամբ՝ առանձին չափորոշիչ է սահմանվում  պատիժը կրելու ընթացքում ինքնազարգացմամբ զբաղվելու համար, ընդ որում՝ ստեղծագործական, արհեստագործական, գիտական կամ սպորտային գործունեությամբ զբաղվելու եւ համապատասխան արդյունք գրանցելու դեպքում (օրինակ՝ հրատարակած որեւէ գիտական եւ ստեղծագործական աշխատանք, ցուցահանդեսներին ներկայացված աշխատանքներ, սպորտային գրանցված հաջողություն եւ այլ) կգնահատվի 5 միավորով, իսկ անձնական զարգացմամբ զբաղվելու, սակայն դրա արդյունքում որեւէ նշանակալի արդյունք չունենալու դեպքում սահմանվել է 2 միավոր:

Սպասում են գլխավոր դատախազին

Վալերի Թումասյանն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները ծանոթ չեն պետության կողմից առաջարկվող ՊՎԱ հայեցակարգի փոփոխություններին։ Համոզված են՝ դեռ ամենաքիչը 3 տարի հարկավոր կլինի՝ մինչեւ  հայեցակարգը հաստատվի ու մտնի ուժի մեջ։ Նրանք  դիմել էին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ ասուլիս  նախաձեռնելու  համար թույլտվություն ստանալու։ Նրանց դիմումը մերժվել է։ Հիմա պատիժ կրող անձինք խնդրում են գլխավոր դատախազին՝ ժամանակ գտնել ու «մի կես ժամով» հանդիպել իրենց։ Աննա Վարդապետյանի հետ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում գտնվող դատապարտյալներն ուզում են անկեղծանալ՝ հասկանալ իրականում, ի՞նչ գործառույթ է իրականացնում գլխավոր դատախազության  պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը։ Իհարկե, դատապարտյալները նամակով դիմել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ սպասելով բարի լուրի։

Լուսանկարներում՝ «Արմավիր» ՔԿՀ-ի թատերական ինքնագործ խմբի  հերթական միջոցառումն էայն հրապարակվում է դատապարտյալների համաձայնությամբ

Արմեն Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30