Յուրաքանչյուր տարի նախորդ տարիների փորձը գնահատելու, սխալներն ուղղելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն է ստեղծում։ Դե, տրամաբանորեն գոնե այդպես պետք է լինի: Խոսքը վերաբերում է նաև ու հատկապես կրթության ոլորտին։ Ինչպես հիշում ենք, անցյալ տարի ուսումնական տարին մեկնարկեց առանց երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանցիների որոշ դասագրքերի, ինչն անհարմարություններ էր ստեղծում աշակերտների համար՝ ազդելով նաև կրթության որակի վրա։ Ավելին, որոշ դասագրքեր այդպես էլ մինչև տարեվերջ չտպագրվեցին (օրինակ՝ 7-րդ դասարանի «Ռուսաց լեզու» առարկայի դասագիրքը):
Թվում էր, թե նոր չափորոշիչների կիրառման հետ կապված անփորձությունն էր պատճառը, և նույն պատմությունը չի կրկնվելու հաջորդ տարի, բայց, արի ու տես, որ այս տարի ևս ուսումնական տարին մեկնարկում է առանց դասագրքերի։ Դեռ ավելին՝ այս անգամ դպրոցականները 13 դասագիրք չեն ունենա՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն։ Ու այդ գրքերից 5-ը 10-րդ դասարանի համար են։ Այսինքն, 10-րդ դասարանում դասապրոցեսն ու կրթական մակարդակն էապես տուժելու են։ Հատկապես լուրջ է խնդիրը 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պարագայում, որովհետև այդ առարկայի համար լիովին նոր չափորոշիչ է հաստատվել, նոր պահանջներ են դրվել, ու այդ դեպքում հին դասագիրքը հնարավոր չէ օգտագործել։
Եվ ուշագրավ է, որ խնդիրը ոչ թե տպագրութան ուշացումն է, այլ ընդհանրապես այդ դասագիրքը գոյություն չունի։ Բայց հայագիտական համայնքի ներկայացուցիչները հայտ ներկայացրել էին դասագրքի տպագրության համար, իսկ ԿԳՄՍ նախարարությունը այդպես էլ չէր երաշխավորել այն։ Ու հիմա նախարարությունը պատասխանատվությունը փորձում է գցել գիտնականների վրա, բայց հայագիտության համայնքի ներկայացուցիչներն ուղղակի պարտավոր չեն դասագիրք գրել, դրա համար նախ կրթության ոլորտի պատասխանատուները պետք է ստեղծեն համապատասխան միջավայր։ Դասագրքի բացակայության պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե 10-րդ դասարանի աշակերտները կարող են անհրաժեշտ չափով գիտելիքներ ստանալ «Հայոց պատմություն» առարկայից։ Թեպետ գուցե իշխանություններն այդպես էլ ցանկանում են: Ընդ որում, ինչ-որ առումով էլ կանխատեսելի էր այսպիսի իրավիճակը, քանի որ իշխանությունները կոնկրետ արշավ են նախաձեռնել հայագիտական առարկաների դեմ, իսկ վերջերս էլ նախաձեռնեցին, որ «Հայոց պատմություն» առարկան փոխարինեն «Հայաստանի պատմությամբ»։
Բայց խնդիրը միայն հայագիտական առարկաներով չի սահմանափակվում։ Դասագրքեր չկան նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից՝ նախատեսված 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Գոնե այս առարկայից ուսուցիչները կարող են որոշակի ստեղծագործական մոտեցում որդեգրել, բայց իրավիճակը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել աշակերտների համար, երբ նրանք չունեն համակարգիչներ ու նախընտրում են դասերը սերտել՝ թղթային տարբերակից սովորելով։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։