Լրահոս
Օրվա լրահոսը

Տարին տարվա վրա ինչպես է փոխվել Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուղերձների բովանդակությունը. «ՉԻ»

Սեպտեմբեր 03,2024 09:30

 «ՉԻ». Արցախի Հանրապետության հռչակման 33-րդ տարելիցն է: Մի ժամանակ սա համարվում էր մեր ամենանվիրական տոներից մեկը, որի առթիվ շնորհավորական ուղերձներով հանդես էին գալիս Հայաստանի ու Արցախի ղեկավարները, հոգևոր առաջնորդները…

Հետաքրքիր կլինի հիշեցնել, թե ինչպիսի ուղերձներով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ի հեղափոխությունից հետո: Տեսնենք, թե տարին տարվա վրա այդ ուղերձների բովանդակությունը ոնց է փոխվել:

2018

«Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»:

2019

«Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:

Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»:

2020

«1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»:

2021

30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։

Այն կատարվել էր ԽՍՀՄ օրենսդրության և սահմանադրական իրավունքի տառին և ոգուն համապատասխան և անթերի էր ինչպես իր ձևով, այնպես էլ բովանդակությամբ։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Բոլորիս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։

Արցախցիներին մաղթում եմ քաջառողջություն և ոգու տոկունություն։

 

2022

«31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։

Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը։

Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը»։

 

2023

«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հղում կատարելով ինքնորոշման իրավունքին՝ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին:

Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները»:

2024

«Բաժանորդն անջատել է հեռախոսը կամ գտնվում է Արցախի ծածկույթից դուրս»: Տու-տու-տու…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30