Սյունիքի մարզի 117 դպրոցների առաջին դասարաններում այս ուսումնական տարում սովորելու է 1528 աշակերտ, նախորդ տարվա՝ համեմատ առաջին դասարանցիների թիվն ավելացել է 10-ով։ Այս ուսումնական տարում 11 դպրոցում չեն լինի առաջին դասարանցիներ, իսկ 12 դպրոցում՝ մեկական առաջին դասարանցի կա։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Սյունիքում, կրթության ոլորտի թիվ 1 խնդիրը մասնագետ մանկավարժներն են։ «Այս պահին ունենք 93 դպրոց, որ մեծ թվով թափուր աշխատատեղեր ունեն։ Հուսով եմ, որ մեծ մասը կհամալրվեն, քանի որ ունենք դիմումատուներ, բայց հատկապես հեռավոր վայրերում ունենք մասնագետների լուրջ խնդիր, որը լուծում ենք մենթոր դպրոցների միջոցով»,-ասաց Մերի Գանդալյանը։
Սահմանամերձ Ծավ գյուղի դպրոցում նույնպես ուսուցիչների կարիք կա։ Չեն ուզում աշխատել՝ ո՞րն է պատճառը սահմանամերձ լինե՞լը թե հեռավորությունը։ Դպրոցի տնօրեն Հերմինե Աղաջանյանի կարծիքով՝ հավանաբար սահմանամերձ լինելն է պատճառը, որը շատերը չեն ուզում աշխատել հեռավոր գյուղերում։ ․
«Ունեցել ենք ուսուցիչներ և ունենք, որ գալիս են քաղաքից։ «Դասավանդիր Հայաստան»-ի մանկավարժների են աշխատում մեզ մոտ, մասնավորապես պատմության ուսուցիչը։ Ավելի շատ կարծում եմ սահմանամերձ լինելն է խնդիրը»,-մեզ հետ զրույցում նշեց Հերմինե Աղաջանյանը։
Կարդացեք նաև
Անվտանգային խնդիրները չեն ազդել դպրոցում սովորողների թվաքանակի վրա։ Ծավի միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում 28 աշակերտ է սովորելու, 4 շրջանավարտ են ունենալու, իսկ առաջին դասարան ընդունվել է 2 տղա։ Անցած ուսումնական տարում դպրոցը 5 շրջանավարտ է տվել։
Տոնական հանդիսություն է սահմանապահ գյուղի դպրոցում։ Տնօրենը ընթերցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղերձը։ «Եկե՛ք բոլորս միասին աշխատենք, որ մեր մարզում կրթական գործընթացը որակյալ և արդյունավետ լինի: Իսկ գալիք ձեռքբերումների բանալին առկա հզոր ներուժն է՝ հիմնված մանկավարժական փորձված ավանդույթների և նորարար գաղափարների մշտական որոնումների վրա։ Թո՛ղ այս տարին յուրաքանչյուրիդ համար խաղաղ, հաջողակ և արգասաբեր ընթանա»,-եզրափակվում է մարզպետի շնորհավորական ուղերձը։
Դպրոցի տնօրենը ուրախությամբ բարձրաձայնում է անցած ուսումնական տարվա 3 գերազանց աշակերտների անունները, հանձնում գովասանագրերը՝ հորդորելով բոլորին նմանվել նրանց։ «Մոլոդեց Ալեն»,-ընկերոջ գովասանագրին այսպես արձագանքեց 6-ամյա Ավետ Ասրյանը, որն այս տարի առաջին դասարան է հաճախում։
Հետո տնօրենն առաջին դասարանցիների անուններն է ընթերցում։
-Ավետ Ասրյանն ու Գոռ Հարությունյանը հաճախում են առաջին դասարան։
-Չէէէէ,-արձագանքում է Գոռը։
Գոռի դասընկեր Ավետն էլ արդեն Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի նախերգանքն է արտասանում։
Հնչում է առաջին զանգն ու 12-րդ դասարանցիները բոլորին ուսումնական տարոսիկներ են բաժանում՝ «քաղցրացնենք ուսումնական տարին՝ մեր քաղցր բլիթներով» գրառմամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ