Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որևէ ապացույց այդ գույքի՝ Հրայր Թովմասյանի սեփականությունը լինելու, այդ գույքը ձեռքբերելու համար դրամական միջոցներ ծախսելու, այդ գույքից շահույթ ստանալու մասին»․ Արամ Օրբելյան

Սեպտեմբեր 02,2024 22:30

«Մեղադրանքի կառուցվածքը հետևյալն է․ ենթադրվում է, որ Նորայր Փանոսյանը խոսել է նոտարների հետ, որտեղ ասել է՝ ձեռ քաշեք այդ տարածքից, ձեր հայցերը հետ վերցրեք, նաև Վերաքննիչ բողոքը հետ վերցրեք, որի արդյունքում նոտարները հրաժարվել են և զրկվել են իրենց իրավունքների իրացման հնարավորությունից»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում  իր պաշտպանական ճառում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նա ցույց տվեց, թե փորձում են դա կապել Հրայր Թովմասյանի հետ և նշեց, որ բոլոր փաստարկները հիմնավոր չեն․ «Փաստարկներից մեկն այն է, որ Հրայր Թովմասյանն այդ տարածք այցելել է և նայել է «մուշտարու աչքով»։ Սա դատախազից մինչև պաշտպանական ճառ շարունակում են պնդել․ մի փաստ, որն ակնհայտորեն չպետք է պնդվի։ Բոլոր վկաներն ասել են, որ Հրայր Թովմասյանն այցելել է նոտարական գրասենյակ մեկ անգամ՝ որպես նախարար։ Էդ մեկ անգամը 2011-ի հունվարի 26, 27․  այդ օրերի մասին է։ Ներկայացվել են նյութեր, թե ինչու է այցելել, որովհետև այցելել է ոչ միայն այդ, այլև այլ նոտարական գրասենյակներ։ Հետազոտված նյութերից հստակ երևում է, որ այցելել է, որովհետև ծառայությունների ոլորտի ռեֆորմը եղել է առաջնային։

Կապել այս այցելությունը երկու կամ մեկ տարի հետո տեղի ունեցող առքուվաճառքի գործարքի հետ, ուղղակիորեն հիմնավոր չէ։ Հաջորդ փաստարկը Էդուարդ Այվազյանի հետ կապ ունենալն է, որ մտերիմ է եղել նրա հետ Հրայր Թովմասյանը։ Քրեական գործի ամենասկզբում Էդուարդ Այվազյանը փոխկապակցվում է Նորայր Փանոսյանի հետ։ Հետազոտել ենք Էդուարդ Այվազյանի հեռախոսային քաղվածքը, Էդուարդ Այվազյանը Հրայր Թովմասյանի հետ մի անգամ էլ չի խոսել, հանդիպման մասին տեղեկություն չունենք։ Մյուս փաստարկը վերաբերում է նրան, որ նոտարները կապի մեջ են եղել քաղաքապետարանից Արսեն Ամյանի հետ և նա ենթադրաբար ասել է՝ ինչ լավ նախարար ունեք, ձեզ համար խնդիրը լուծվել է։ Հետո մի հոգի զանգել է Ալվարդ Մելքոնյանին ու ասել՝ ձեզ համար չէր ասել, ուրիշ մարդու համար էր ասել։

Մենք դա չենք քննում, թե Հրայր Թովմասյանն ինչ-որ մեկի համար ասել է, թե՝ ոչ այլ այն, թե արդյոք ինքը նոտարներին ստիպե՞լ է հրաժարվել դատական պաշտպանության՝ իրենց իրավունքից, թե՝ ոչ։ Արսեն Ամյանը հստակ ամրագրել է, որ այդ մարդկանց հետ չի խոսել, և Ամյանի հետ կապը ապահովող հիմնական անձը եղել է Ալվարդ Մելքոնյանը, որը հստակ ասել է՝ ինչ լավ եղավ, որ ձեզնից պրծա, նշելով, որ թշնամանքի վերաբերմունք է առկա։ Հրայր Թովմասյանին՝ տարածքի պատկանելու հանգամանքը միակ հանգամանքն է, որի միջոցով փորձում են այս գործողությունները փոխկապակցել Հրայր Թովմասյանի հետ»։

Արամ Օրբելյանը վստահեցրեց՝ ակնհայտորեն բացառվում է, չկա որևէ ապացույց այդ գույքի՝ Հրայր Թովմասյանի սեփականությունը լինելու, այդ գույքը ձեռքբերելու համար դրամական միջոցներ ծախսելու, այդ գույքից շահույթ ստանալու մասին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30