Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին արցախցիների ցածր ինտեգրացիայի պատճառը հասարակության կազմակերպված հատվածն է՝ այսինքն՝ պետությունը»․ սոցիոլոգ

Սեպտեմբեր 02,2024 22:10

«Մեզ դիմած 300 քաղաքացիների հիմնական դիմումները ՀՀ Կառավարության 1763-Ն որոշմամբ՝ 4010 ծրագրերի շահառու չհանդիսանալու հետ կապված դիմումներն են»,- «Մայր Հայաստանի» կողմից կազմակերպված «Արցախի թեման փակված չէ» խորագրով քննարկման ժամանակ  տեղեկացրեց արցախցի իրավաբան, «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր Ռաֆիկ Մարտիրոսյանը։

Նա վստահեցրեց՝ իրենց գրասենյակն անհամեմատ ավելի մոտ է կանգնած այս խնդիրներին, քան կառավարության կողմից ընդունված որոշումներ կայացնողները․ «Անմիջապես այդ նորմատիվ ակտի կիրառման առնչությունը հենց տեղի է ունենում մեզ մոտ։ Առկա խնդիրներով դիմում են մեզ, և մեզ համար տեսանելի է այդ խնդիրների իրագործման ճանապարհի անհրաժեշտությունը»։

Սոցիոլոգ Արթուր Պարոնյանը, հիմնվելով արցախցիների շրջանում կատարված՝ իրենց հետազոտությունների վրա, ասաց․ «Նախ արցախցիների համար սա վշտի վերապրման մոդել է։ Ոնց որ մարդը, երբ ինչ-որ մեկը մահանում է, այդպես էլ արցախցիները վերապրում են Արցախի կորուստը։ Դա նշանակում է՝ էմոցիոնալ մակարդակում կա անհանգստություն, զայրույթ, ուժեղ տագնապ, դեպրեսիա՝ մի քիչ ավելի քիչ հիմա, կա մեղքի զգացում և լքվածության զգացում, մյուս կողմից կա հուսահատություն, ցածր ինքնագնահատական, ինքնաքննադատություն, չեն հավատում կատարվածի իրականությանը, ապրում են անցյալով, կա սոցիալական փակվածություն և կասկածամտություն։ Հասկանալու համար, թե ինչու Արցախի համայնքը ինտեգրված չէ, պետք է դիտարկել համայնքում առկա նարատիվները։ Համայնքում կան տարբեր նարատիվներ, նաև կա մեղքի զգացում՝ շատերը, ուժը չպատելով, առաջին հերթին մեղադրականներ են ներկայացնում սեփական ղեկավարությանը, սեփական գործողություններին ու սխալներին, իսկ հասարակության հետ ինտեգրացիային դա չի օգնում։ Համայնքը մնում է ներփակված իր մեջ։ Փոքրամասնության տեսակետը փաթաթվեց անցյալ տարի հասարակության վզին՝ չարաշահելով վախերը, որից հետո քաղաքականությունը ուղղված չէ ինտեգրմանը, հակառակը՝ դուրս մղելու միտումներն ավելի ուժեղ են և խրախուսվում են այն հատվածները հասարակության, որոնք ինչ-ինչ պատճառներով ունեն անհանդուրժողական կեցվածք։ Այս պահին ցածր ինտեգրացիայի պատճառը հասարակության կազմակերպված հատվածն է՝ այսինքն՝ պետությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30