«Այն մարդկանց եմ ասում, որոնք հիմա ասում են՝ այ, հիմա Արցախի հարցը փակեցինք, հանգիստ կարող ենք ապրել։ Չի լինելու նման բան․ մենք հիմա Արցախի՝ այս տիպի քաղաքականության պատճառով Ադրբեջանում ծայրահեղական շրջանակներին թևեր ենք տվել, որոնք երազում են Երևանը գրավելու մասին»,- «Մայր Հայաստանի» կողմից կազմակերպված «Արցախի թեման փակված չէ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Վերջին տարիների գործողություններին հետադարձ հայացք նետելով՝ քաղաքագետն ասաց․ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այն հիմքն էր, որով պետք է ՀՀ-ն կարողանար այդ ժամանակը շահել, ուժեղանալ, հետագայում հնարավորություն ունենար մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂԻՄ-ը ազատագրել։ Արևմուտքը դժգոհ էր այդ համաձայնագրից։ ՌԴ-ն ստացել էր իրավունք Արցախ զորք մտցնելու, ուստի արևմուտքի նպատակն էր անել այնպես, որ դուրս բերվի ռուսական զորքը․ չկա հայ, ռուսական զորքերի կարիքը այդ տարածքում չի լինի»։
Երվանդ Բոզոյանը վստահեցնում է՝ Արցախի հարցն առանց գլոբալ մեծ պատերազմի չի լուծվելու։ Նա ահազանգեց՝ Ադրբեջանի ծրագիրն է մինչև 2026-ը 140 հազար ադրբեջանցիներ լցնել Արցախում։
Երվանդ Բոզոյանը փաստեց՝ Մինսկի խմբի որոշումները կան․ «Քանի դեռ դրանք կան, արցախցիներն ունեն վերադարձի իրավունք, այլ խնդիր է, որ վերադարձը լինելու համար աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է ընդհանուր հայտարարի գան։ Մենք այդ էջը միշտ պետք է բաց թողնենք, որ ինչ-որ պատմական շանսի ժամանակ կարողանանք կյանքի կոչել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ