Լրահոս
Օրվա լրահոսը

Բավ է։ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին  չպետք է ղեկավարի. Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 02,2024 20:50

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը «Վերադարձ» խորագրով միջոցառումից։

Սիրելի հայրենակիցներ,

առաջին անգամ Արցախի ժողովուրդը իր անկախությունը նշում է իր հող ու ջրից կտրված, հայրենի Արցախից դուրս։ Մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակները, երբ առաջին անգամ մեր պատմության մեջ հայոց անկախ պետականության առկայության պայմաններում տեղի ունեցավ հայերի նոր ցեղասպանություն։

Այսօր պահն է հասկանալու, թե ինչ և ինչպես դա տեղի ունեցավ։ Մի բան արդեն իսկ պարզ է. եթե հայ ժողովուրդը շարունակի ապրել այսպես, մեծն Թումանյանի խոսքերով ասած՝  «դավին անտեղյակ, ցավին անտարբեր», շատ շուտով կփակի իր անկախ պետականության վերջին էջը։

Թե ինչու հասանք այսօրվան, և ինչպես հաղթանակած ժողովրդին հնարավոր եղավ տանել պարտության, կարելի է բերել իրար լրացնող բազմաթիվ պատճառներ։ Բայց գլխավորն, ըստ իս, մեկն է  հետևողականորեն արժեզրկվեց մեր համազգային հաղթանակը, վարկաբեկեցին այդ հաղթանակն ապահովված հերոսները և կտրեցին մեր ժողովրդին իր սեփական ուժի աղբյուրներից։ Բոլորս տեսանք, թե ինչպես մեր հաղթական ազատամարտը ստորադասվեց 2018-ին կատարվածին, թե ինչպես մեր միջից մեկի լեզուն պտտվեց ասելու, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի, թե ինչպես մյուսն էլ հայտարարում է, որ մինչև 2018 թիվը մի ողջ ժողովուրդ ըստ էության սխալ է ապրել պատմական, երևակայական, բայց ոչ երբեք իրական Հայաստանում։ Բայց ահավորն այն է, որ մեր աչքի առջև շարունակում են քանդել մեր հաղթանակների և ազգին ազգ պահող բոլոր հենասյունները, հանրությունը միավորող,  հային հայի հետ կապող և մեզ հաղթանակներ ապահովված ամեն ինչ հետևողականորեն ավերվում է։

Ավելի կոնկրետ.

– Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որը կենսատու աղբյուրն է եղել մեր համազգային ներուժի, պղտորվում ու ցամաքեցվում է,

-հայության գոյությունը, ինքնությունն ու նկարագիրը պահպանելուն կոչված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և համազգային կառույցները հետապնդում և հալածվում են,

– «Ազգ-բանակ» գաղափարը կենսագործելուն կոչված Հայոց Բանակը կորցնում է իր տերն ու նշանակությունը,

-ժողովրդի իշխանությունն ապահովելուն կոչված ՀՀ սահմանադրական կարգի շարունակական ոտնահարումները բերել են պետության և իշխանության նույնացմանը, իսկ նույն այդ կարգը պաշտպանելու կոչված ուժային կառույցները վեր են ածվել սոսկ վարչապետի պահակազորի։

Եվ, վերջապես, դեպի ամբողջական կապիտուլյացիայով ազգակործանում տանող ճանապարհին այս վարչախմբին մնացել է մի ավարտական արար՝ լիակատար հրաժարում Հայաստանի անկախության և ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրերի կենսագործման պարտավորությունից։

ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրից հրաժարվեցին, արդյունքը չուշացավ՝ եղավ Արցախի հայաթափումը։

Հայաստանի անկախության մասին Հռչակագրից հրաժարվելու անխուսափելի հետևանքը լինելու է հայոց ինքնիշխան պետականության կորուստը և Հայաստանի թուրքացումը։ 1988 թվականին մեր սերնդի համար ակնհայտ էր կապը Արցախի  ազատագրության և Հայաստանի անկախության միջև։ Եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել Արցախյան ազատամարտի պայմաններում։ Հիմա դժվար չէ պատկերացնել թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից ու տարածքներից, եթե չլիներ Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակը։

Չտեսնել փոխկապակցվածությունը Արցախի հայկականության և Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջև, նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ինչն էլ դժբախտաբար հաստատված է այսօր։ Այո՛, հենց այսօր, երբ  վարչախումբը լծվել է ազատամարտի արդյունքները փոխելու գործին, և միանգամից հարց է առաջացել, թե ինչ է մնալու արդեն Հայաստանի տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այս վարչախումբը ոչ միայն այս կապը չի ուզում արձանագրել, այլ մեր ժողովրդին համոզում է, թե՝ տվեցինք Արցախը, կփրկենք Հայաստանը՝ այն տրամաբանությամբ, որ իբր զիջել ենք մասը, որ փրկենք ամբողջը։ Սակայն երբ զիջում ես՝ չզիջելու ռեսուրս չկուտակած, հայտնվում ես մաս-մաս զիջելու վիճակում։ Առավել ևս, երբ դիմացինդ քեզանից ամբողջն է ուզում։ Այդպես դու ոչ թե հաշտություն ես կնքում թշնամու հետ, այլ պարզապես ստիպում ես քեզ քեզ՝ հաշտվել քո իսկ անձնատուր վիճակի հետ։ Սա է պարտված և պարտությամբ հպարտացող ցանկացած մեկի ճակատագիրը։

Սա հենց այն է, ինչ անում է այս վարչախումբը, ում քաղաքական հավատամքն է պարտվողականությունն ու զիջողականությունը, և, որպես հետևանք, այս կառավարությունը դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները հիմնավորողը, լեգիտիմացնողն ու կատարողը։ Ավելին, շարունակաբար մեր ժողովրդին վախեցնելով պատերազմով, այդ պատերազմով անխուսափելի պարտությամբ՝ այս վարչախումբը ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։ Ակնհայտ է, որ այդ խաղաղություն կոչվածի երաշխավորն է լինելու է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հայ ժողովուրդն իր պատմությամբ գիտի, թե ինչ է լինում, երբ ցեղասպանը պետք է երաշխավորի իր անվտանգությունը: Եվ ուրեմն, եթե միակողմանի զիջումների ինքնակործանման այս շղթան չկտրվի, ապա սրա վերջը լինելու է Հայաստանի վերածումն Արևմտյան Ադրբեջանի։

Բավ է։ Պարտվածը և պարտություններ բերողը մեր ժողովրդին  չպետք է ղեկավարի։ Պետք է փոխել ժողովրդին խաբած, իր իսկ նախընտրական խոստումներից և հռչակած ծրագրային նպատակներից հրաժարված, այլևս ոչ լեգիտիմ գործող այս վարչախումբը, և, քանի դեռ ուշ չէ,  որդեգրել երկրի զարգացման համար ազգային-պետական ուղեգիծ։ Այդ ուղեգիծը նախ և առաջ պետք է բխի Հայաստանի անկախության մասին Հռչակագրից, որից շեղումն էլ հենց եղել է մեր ձախողումների և նահանջների պատճառների պատճառը։ Այս ուղեգծով առաջնորդվող նոր ազգային իշխանություններն առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկեն հետևյալ ուղղություններով.

-վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, սեփականությունը պահպանելու և զարգացնելու նպատակի շուրջ,

-վերականգնել զինված ուժերի  մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը,

– ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար։

– Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ։ Համաձայնեցման ենթակա բոլոր հարցերի լուծումներն  ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա որպես նախապայման առաջադրել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը և մշակութային ժառանգության պահպանումը։

-մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը՝ հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված և բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա,

-ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական և քաղաքացիական իրավունքները։

Սիրելի հայրենակիցներ,

մենք հայտնվել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնությունը պահպանելու և սերունդներին ժառանգելու հրամայականի առջև։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դա անել, մենք զավակներն ենք 88 թվականի համազգային զարթոնքի ու հաղթանակներ կերտած ժողովրդի։

Ազատագրենք մեր հոգիները, փակենք այս  էջը  պարտության, որ արցախցին ետ դառնա իր տուն, որ Հայաստանն իր Սյունիքով մնա  հայկական, որ հայն իր երկրում ու աշխարհում քայլի վստահ ու հաղթական։

 

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արմեն Ռուստամյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30