Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 22-ից հետո դատարանի գործողություններն առնվազն ինձ մոտ հիմնավոր կասկած են հարուցում, որ այն գործողությունները, որոնք կատարվում են, այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում»․ Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 02,2024 20:00

«Ունեմ հայտարարություն, որով ցանկանում եմ իմ մտահոգությունները հայտնել վերջին նիստերի ընթացքում դատարանի կայացրած որոշումների մասին։ Սա օգտակար կլինի որոշ որոշումներ պարզաբանելու և իմ կարծիքով՝ իր բնական հունից շեղված դատական գործընթացն իր բնական հուն բերելու համար»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նա անդրադառնալով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշ որոշումներին, ասաց․ «Սույն թվականի հունիսի 22-ի նիստից սկսած՝ դատարանի գործողություններն առնվազն ինձ մոտ հիմնավոր կասկած են հարուցում, այդ թվում՝ նաև անաչառ դիտորդի մոտ, որ այն գործողությունները, որոնք կատարվում են, այնքան էլ լեգիտիմ նպատակներ չեն հետապնդում։ Ամեն ինչ սկսվեց՝ գործից մաս անջատելուց։ Պարոն Փանոսյանը առողջական խնդիրների պատճառով նիստից բացակայել էր, առանց պարզելու հիվանդության բնույթը, դատարանը որոշեց այդ մասով անջատել գործը, երբ դրան նախորդող նիստին նույն հիմքով ես եմ բացակայել, սակայն իմ մասով գործը անջատելու իմաստ չի առաջացել։

Առանձնացված մասով գործը մակագրվել է նոր դատավորի․ Փանոսյանի մասով գործը պետք է քննվի զրոյից։ Եթե նպատակն այն էր, որ իմ կապակցությամբ մաս է անջատվում, որ ապահովվի իմ արդար դատաքննության իրավունքը, ապա ճիշտ չէ, որ դա ապահովի նույն կարգավիճակում գտնվող անձի նույն անձի նույն իրավունքի խախտումով։ Պարոն Փանոսյանն իմ սանիկը լինելու պատճառով արդեն չորսուկես տարի է դատարանում է, էլի իմ պատճառով այն պարագայում, երբ գործի վաղեմության ժամկետն անցել է երկու տարի»։

Անդրադառնալով նախագահող դատավորի այն հայտարարություններին, թե Հրայր Թովմասյանի կամ նրա պաշտպանական թիմի պատճառով 30, թե 31 նիստ չի կայացել, Հրայր Թովմասյանն ասաց․ «Հաշվարկը չեմ կատարել, վստահ եմ ճիշտ է հայտարարել դատավորը։ Բայց 31-ից քանի՞սն են համարվել անհարգելի 4,5 տարում։ 4-ն են համարվել անհարգելի»։

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու որոշմանը՝ Հրայր Թովմասյանն ասաց․ «Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է, որ չենթարկեց, որովհետև Էդ մասով որոշակի կոպիտ միջամտություն կլիներ իմ իրավունքներին։ Ես պատշաճ կերպով ծանուցված չեմ եղել նիստի մասին։ Իմ բոլոր բացակայություններին, որոնք ես բացակայել եմ, հաջորդ նիստի մասին չեմ ծանուցվել։ Բայց ես գիտեի՝ հինգշաբթի ժամը 10-ին է։ Սա փոխադարձ լուռ համաձայնություն էր, որ մենք կատարում էինք։ Բայց երբ դուք ինձ հեռացրել եք, ես չգիտեմ՝ քանի ժամ է տևում, ինչ է տևում, չեք էլ իրազեկում, մեկ էլ որոշում եք, որ ինձ բերման ենթարկեն։ Ընդհանրապես կա՞ նման երևույթ, որ մեկ նիստին չծանուցված չներկայանալու դեպքում որոշում է դատարանը բերման ենթարկել։ Ես կարծում եմ՝ չկա։

Էս վերջին իրադարձությունները, եթե չլիներ, կարող էի սովորական հեռախոսային հաղորդագրություն ուղարկել, ես խնդիր չունեմ խուսափելու․ բերման ենթարկելու որոշման մեջ տոնայնությունը, որոշ բառերի օգտագործումը հաստատ ինձ համար չէ։ Ինչ վերաբերում է բերման որոշմանը, ասեմ, որ ես բերման չեմ ենթարկվել, բայց մի անդրադարձ կատարեմ»։

Հրայր Թովմասյանը, հղում կատարելով ՍԴ-ի՝ 2017-ի հունվարի 24-ի որոշումը, նշեց, որ ՍԴ-ն իրավական դիրքորոշում է հայտնել բերման ենթարկելու հասկացության բովանդակության վերաբերյալ։ Արձանագրել է, որ բերման ենթարկելու միջոցառումները անձին ազատությունից զրկելու միջոցառումներ են․ բերման ենթարկելը նույնն է անձին ազատությունից զրկելը․ «Նաև այն դեպքերն է նշված, թե որ դեպքում կարող են ազատությունից զրկել։ ՍԴ դատավորը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից բացառությամբ, երբ բռնվել է  հանցանք կատարելու պահին․․․Ենթադրությունների հիման վրա որևէ դատողություն չեմ անի դատավորի նկատմամբ, բայց նման քայլերը նման որոշումների կրկնման դեպքում իմ ենթադրությունները կարող են էլ ավելի հիմնավորված լինել։ Հորդորում եմ դատարանին չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք օբյեկտիվ անաչառ դիտորդի մոտ ստեղծեն տպավորություն, որ այդ գործողությունների նպատակն այնքան էլ լեգիտիմ չէ»։

Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30