ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է 2023 թ․ հուլիսի 31-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման) շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որի ընթացքում հանձնաժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանից հարցրել է օրեր առաջ Հայաստանից արտահանված ելակի մեջ հայտնաբերված պեստիցիդների, ոչ անվտանգ կոնյակի մասին։
Գեւորգ Պապոյանը պարզաբանել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գյուղատնտեսության նախարարի եւ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ եւ որ խնդիրները քննարկվում են աշխատանքային կարգով։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ելակի խնդիր եղել է մի մեքենայի մեջ։ «Մենք հիմա Բագրատաշենում լաբորատորիա ենք հավատարմագրել, որը նախորդ օրը մի մեքենա դեղձի արտահանում է արգելել»,-ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ լաբորատորիայի գործունեությունը էականորեն կկրճատի խնդրահարույց արտադրանքի արտահանումը»։ Իսկ անորակ կոնյակի մասին նախարարը հայտնել է, որ այդ կապակցությամբ պաշտոնական որեւէ մեկնաբանություն չի եղել։
Գեւորգ Պապոյանի ներկայացրած վիճակագրական տվյալներով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հունվար-հունիս ամիսներին կազմել է մոտ $ 8,4 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ։ Դրա մեջ մտնում է նաեւ գազը, որի ծավալը կրճատվել է, քանի որ այլընտրանքային էներգիայի միջոցները, ինչպիսին արեւայինն է, ավելանում են։
Արտահանման ծավալների մեջ ալկոհոլային խմիչքը երկրորդ տեղում է եւ դրա մեջ կոնյակը մեծ մասնաբաժին ունի։
Կարդացեք նաև
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, որը կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստի օրակարգ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ