Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է, որ Հայաստանի վարչապետը և Իլհամ Ալիևը նույն կարծիքն ունեն Ռուբեն Վարդանյանի մասին»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 02,2024 18:00

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին մամուլի ասուլիսում հնչեցրած արտահայտություններին, ասաց՝ դրանք էժանագին բամբասանք են հիշեցնում։

«Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանին նվիրված դրվագը ինձ մոտ նողկանք առաջացրեց: Ինչպես կարելի է բամբասել մի մարդու, որն իր վարած քաղաքականության արդյունքում է հայտնվել Բաքվի բանտում և հիմա չի կարող պատասխանել Փաշինյանի` իր մասին արտահայտած մտքերին։

Իմ կարծիքն այն է, որ Արցախի նախկին բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կամակատար, Արցախը նրա հետ համատեղ հանձնած Արայիկ Հարությունյանը գտնվում են Բաքվի բանտում՝ դավադրության արդյունքում, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։

Սա հարցի մի կողմն է, մյուսն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանին բնութագրում է ճիշտ այն նույն բառապաշարով, ինչ Իլհամ Ալիևը։ Այսինքն՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը նույն կարծիքն է հայտնում Ռուբեն Վարդանյանի մասին, ինչ Ադրբեջանի բռնապետը, որը երբեք չի թաքցրել իր յուրահատուկ հակակրանքը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

Եվ իմ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է ատում Ռուբեն Վարդանյանին, քան Իլհամ Ալիևը», -ասում է Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով գերիների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերադարձի մասին հնչեցրած հարցին, ասել էր․ «Նշեցիք Ռուբեն Վարդանյանի դեպքը, բայց շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30